«5165» շարժումն այսօր Ազատության հրապարակում «կարմիր ժապավենով» երթ էր իրականացնում:
Վաղվանից նրանք ժապավենով շրջելու են բուհերում:
Էդգար Ղազարյանը կոչ արեց ուսանողներին իրենց հետ բերել իրենց կարմիր ժապավենը ու միանալ ցույցին. «Այն կիլոմետրերով երկարելու է: Վերջում մենք այս ժապավենը սիրուն կտանենք եւ կփաթաթենք կառավարության շենքի վրա եւ իրեն կասենք՝ այս ժապավենից միայն մի տեղ ունես գնալու՝ դեպի քո սիրած հայրենիք Ադրբեջանի հանրապետություն: Միակ բանը, որ հայ ժողովուրդը պատրաստ է հանձնել Ադրբեջանին, դա Նիկոլ Փաշինյանն է, ոչ մեր հողերն են, ոչ էլ մեր հայրենիքն է: Դա ինքն է, որին մենք կհանձնենք շատ մեծ սիրով ու իրենք էլ սիրով կընդունեն»:
Նա հորդորեց ուսանողներին հետեւել իրենց ուղիղ եթերներին ու պատրաստ լինեն իրենց այցելությանը՝ բուհի տարածք: Էդգար Ղազարյանն ասաց, որ կարմիր ժապավենը դառնալու է մեր երկրի փրկության ժապավենը ու այն հետո հանձնելու են Հայաստանի պատմության թանգարան:
Կարդացեք նաև
«5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանն ասաց, որ կարմիր ժապավենը Արցախի համար թափած արյան խորհրդանիշն է. «Նիկո՛լ, չհամարձակվես անցնել այդ արյան վրայով: Արյունոտ ձեռքերդ հեռո՛ւ Արցախից ու մեր հայրենիքից: Հեռացի՛ր, հակառակ դեպքում այդ արյունոտ ժապավենը մի օր անպայման քեզ է հասնելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ