Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանի որդին ու գազալցակայանի ծեծված տնօրենը հին թշնամանք են ունեցել

Ապրիլ 19,2022 14:24

Ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրենին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքով մեղադրյալ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա պաշտպան Հրանտ Անանյանը:

Շանթ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):

Գործով կան տվյալներ, որ նախկինում Բագրատյանի որդին ու գազալցակայանի ծեծված տնօրենը ունեցել են կոնֆլիկտներ, դրանք վերածվել են լարվածության, թշնամանքի: Այդ կոնֆլիկտների պատճառով է տեղի ունեցել ապրիլի երկուսի միջադեպը:

Հրանտ Անանյան

«Անձնական լարվածության հիմքի վրա է տեղի ունեցել միջադեպը»,-մեզ հետ զրույցում ասաց Բագրատյանի որդու պաշտպան Հրանտ Անանյանը:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ գազալցակայանի տնօրենին: Վերջինիս պաշտպանը չցանկացավ հարցազրույց տալ, մեր զրույցում ասաց՝ պաշտպանական կողմը որոշել է այս փուլում չմեկնաբանել տեղի ունեցածի հանգամանքները:

Բագրատյանի որդու պաշտպանից հետաքրքրվեցինք՝ փոխադարձ ծեծկռտո՞ւք է եղել, որ երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել, ի պատասխան՝ ասաց, նախաքննական գաղտնիքից ելնելով՝ չի կարող մեկնաբանել, միայն ասաց՝ մեղադրանքները տարբեր են:

«Նախաքննական մարմինը, իմ համոզմամբ, շարժառիթի մասին որեւէ տեղեկություն չունենալով, անտեղի ու շտապողականության մեջ քրեական գործը հարուցել է ու գնահատական է տվել, թե քանի դեռ չգիտենք՝ ինչ շարժառիթով է, ուրեմն խուլիգանական շարժառիթով է: Ես ամենեւին չեմ կիսում այդ կարծիքը, որովհետեւ խուլիգանական շարժառիթը չես կարող ենթադրել, պետք է հիմնավորես: Գործում առկա տվյալների համաձայն սա ընդամենը մասնավոր միջադեպ է, քանի որ որեւէ մեկի վնասվածքը լուրջ չէ, կարող է լինել առողջությանը վնասվածք պատճառելու ինչ-որ հոդվածներով»:

Մեր դիտարկմանը, թե ձեր պաշտպանյալը մետաղական իրով է հարվածներ հասցրել մյուս կողմին, փաստաբանը շարունակեց՝ եթե նույնիսկ մետաղական իրով է, բայց այդ իրի հարվածը չի հասցնում առողջությանը ծանր վնասվածք, հետեւաբար մասնավոր գանգատի գործ է դառնում: Մեր հարցին, իսկ ինչ ծանրության վնասվածք է հասցվել, փաստաբանն ասաց՝ կարծում է՝ առավելագույնը թեթեւ, թեեւ դեռ հայտնի չեն փորձաքննության արդյունքները:

Մեր հարցին, թե ձեր պաշտպանյալը վնասվածք ստացե՞լ է, փաստաբանը պատասխանեց՝ գործով նման տվյալներ չկան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930