Լրահոս
Ոչ ոք չգիտեր…
Օրվա լրահոսը

«Ֆեյսբուքում Մոնթեի նկարն եք դնում, դա բավարար չի, դու դրա տակ պախկվում ես». Հացադուլ հայտարարած երիտասարդները անկախության սերնդին կանչում են հանրային քննարկման

Ապրիլ 19,2022 12:40

Այսօր Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հայտարարությամբ հանդես եկան: Նրանք վստահեցրին, որ իրենց ինքնազգացողությունը լավ է, շտապօգնության արդեն երեք բրիգադ է ստուգել:

Նվեր Կիրակոսյանն ասաց, որ հացադուլը շարունակելու են ու իրենց ուղերձը սա է. «Մեր հացադուլը կհամարվի կատարված, եթե անկախության սերնդի ներկայացուցիչները այստեղ հավաքվեն: Գան մարդիկ, որոնք կիսում են մեր մտահոգությունը ու պատրաստ են պայքարել»:

Արթուր Ավագյանն էլ ասաց. «Եթե դու հետամուտ չես լինում արցախյան շարժմանը, ընդհանուր իմաստին, դու դառնում ես անկախության ժամանակ ծնված մարդ: Բայց եթե որեւէ հայ իրեն համարում է այդ խիզախումների ժառանգորդ, ուրեմն ինքը անկախության սերնդի ներկայացուցիչ է: Հիմա պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշ բարձրացնի ու իր դիրքորոշումը հայտնի: Անկախության սերունդն է ժառանգորդը Արցախի ու ամենածանրակշիռ կարծիքը հենց ինքը պետք է ասի: Մենք ասում ենք՝ տղե՛րք, այն, ինչ անում էիք մինչեւ այսօր, անլուրջ է: Մի հատ նայեք՝ ինչ է արվել Արցախ ունենալու, Արցախ պահելու համար ու ինչ եք հիմա դուք անում՝ որպես ժառանգորդ: Ֆեյսբուքում կամ ինչ-որ հարթակներում Մոնթեի նկարն եք դնում, դա բավարար չի, դու դրա տակ պախկվում ես, այդպես չի լինի»:

Նա նկատեց, որ եթե անկախության սերունդը այսօր պատրաստվում է կուլ տալ, օրինակ, «Արցախը՝ Ադրբեջանի կազմի մեջ», ապա վախը գալու է Հայաստան, Երեւան. «Դրա փոխարեն մեզ ասում են՝ տղերք, սահմանը կբացվի, կգա փող, մենք էլ ասում ենք՝ եթե ունենաս փող, չես կարող ինչ-որ տեղից խիզախություն առնես ինչ-որ մի գնով: Այն ժամանակ, երբ որ պատիվը, հայրենիքը պահանջի ներկայանաս, դու փախչելու ես»:

Նրանք կոչ արեցին բոլոր համալսարանականներին, դասախոսներին, մանկավարժներին, ծառայակից ընկերներին, նախկին զինվորներին, երիտասարդներին, IT ոլորտի գործիչներին, մտավորականներին այսօր ժամը 19:30-ից մինչեւ 21:00-ին գալ Ազատության հրապարակ՝ հանրային քննարկման մասնակցելու ու խոսելու անկախության սերնդի հանձնառության մասին:

Նրանք վստահեցրին, որ եթե կրիտիկական զանգված հավաքվի, քայլեր կձեռնարկեն: Թե քանի՞ մարդ է կազմելու իրենց պատկերացրած զանգվածը՝ Կիրակոսյանը պատասխանեց, որ քանակով չեն կարող ասել, դա այն զանգվածն է, որը իր գաղափարական հենքով ու գործողությունների փաթեթով ներուժ է ունենալու:Դրանից հետո կներկայացնեն ճանապարհային քարտեզը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930