Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Թվիթերում գրեցի սրա մասին, այստեղ էլ կրկնվեմ: Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տարիների ընթացքում առասպելաբանություն է ձևավորվել, որն էլ այժմ ակտիվորեն օգտագործվում է իշխող ուժի կողմից իրենց նոր դիրքորոշումները հիմնավորելու համար:
Այդ առասպելներից մեկը այն է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի համար երբեք Ադրբեջանից դուրս կարգավիճակ չէր առաջարկում: Այս օրերին իշխանական տարբեր պատգամավորներ փորձում են ակտիվորեն հրամցնել այս միտքը հանրությանը:
Մինչդեռ վերջին 20 տարվա ընթացքում սեղանին դրված փաստաթղթերի մեծամասնությամբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ դե յուրե միացման կամ անկախացման առնվազն տեսական հնարավորություն էր ստանում: Այդ բոլոր նախագծերը սեղանին էին դրվել միջնորդ երկրների կողմից:
Կարդացեք նաև
«Քի վեսթով» նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի ու Լաչինի միջանցքի դե յուրե միացում Հայաստանի հետ: Հայաստանի կողմից արվող զիջումները այլ քննարկման թեմա են: Այստեղ կարևորը այն է, թե ինչպես էր միջազգային հանրությունը տեսնում հակամարտության քաղաքական լուծումը:
2007-ին միջնորդների կողմից սեղանին դրված Մադրիդյան փաստաթղթով, ինչպես նաև դրա կազանյան տարբերակով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և այդ իրավունքի իրացման մեխանիզմը արձանագրված է: Ու տեքստի այդ հատվածը այնքան հստակ էր ձևակերպված, որ նույնիսկ լավ մտավոր աճպարարության դեպքում այն անհնար է այլ կերպ մեկնաբանել:
Բանակցային փաստաթղթերը մեզ համար ավելի քիչ նպաստավոր են դարձել վերջին տասնամյակի ընթացքում, երբ Ադրբեջանի ու Հայաստանի միջև աճող ուժերի դիսբալանսը սկսել էր ազդել նաև բանակցային բովանդակության վրա:
Ստորև տեղադրում եմ հատվածներ մադրիդյան ու կազանյան փաստաթղթերից, ինչպես նաև հատված «Քի Վեսթի» վերաբերյալ Թաթուլ Հակոբյանի հոդվածից, որը ժամանակին ուներ այս նախագծի կրկնօրինակը:
Հ․Գ․ Գրածս այն մասին չէ, թե ինչ Ադրբեջանը կընդուներ, իսկ ինչ չէր ընդունի: Դա այլ քննարկման թեմա է: Գրածս միջազգային հանրության մոտեցումների մասին է: