Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում մարդու իրավունքների մասին ԱՄՆ Պետդեպի զեկույցում տեղ են գտել նաև ՀՔԱՎ ուսումնասիրությունների արդյունքները

Ապրիլ 19,2022 11:31

ԱՄՆ պետդեպը հրապարակել է մարդու իրավունքների վիճակի մասին 2021 թ․ տարեկան զեկույցը։ Հայաստանին վերաբերող մասում ներառված են նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտարկումներն ու հետազոտությունների արդյունքները։

Անդրադառնալով 2021-ի հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ զեկույցում նշվում է, որ չնայած ընտրությունները մրցակցային են եղել և լավ կազմակերպված, բայց ուղեկցվել են հրահրող և խտրական հռետորիկայով և բևեռայնացվածությամբ։ Ինչպես նաև այլ ենթադրյալ ընտրախախտումներով, ինչպիսիք են ընտրակաշառքը, քարոզչական արշավներին մասնակցելուն պարտադրելը, իշխող կուսակցության և պետության միջև սահմանների աղավաղումը, վարչական ռեսուրսի չարաշահումը, քարոզչության ֆինանսավորման մասով խախտումներ ու ընտրությունների հետ կապված բողոքարկման սահմանափակումներ։

Անդրադարձ կա նաև երկրում այլ փոփոխությունների, 44-օրյա պատերազմի հետևանքներին, մարդու իրավունքների խախտման դեպքերին, պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների ուղղությամբ քննություն իրականացնելուն։ Հատուկ նշվում է, որ  խորհրդարանն այդպես էլ չանցկացրեց մարդու իրավունքների խախտումների փաստահավաք հանձնաժողովի ստեղծման մասին օրենքը։

Զեկույցի՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող հատվածում տեղ են գտել Արժանապատիվ աշխատանք հիմա ծրագրի շրջանակում արված հետազոտության արդյունքներ ու դիտարկումներ։

Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ հայաստանյան ՔՀԿ-ների մտահոգությունների համատեքստում անդրադարձ կա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2021 թվականին ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքին

«Համաձայն ՀՔԱՎ տեղեկանքի՝ շարունակվում են առողջական խնդիրների պատճառով մահվան դեպքերը զինծառայողների շրջանում, բայց հստակ չէ, թե որ գործոններն են բերում դրան կամ որքանով դրանք կապ ունեն զինվորական ծառայության հետ։ ՀՔԱՎ-ը զեկույցում նշում է, որ մի դեպքում զորակոչիկի մահվան պատճառ է դարձել ոչ պատշաճ բժշկական օգնությունը»։

Հայաստանում 2021-ին մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցի այլ դիտարկումների ծանոթացեք բնօրինակում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930