Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բրյուսելյան հանդիպումը փոքր, բայց ձեռքբերում էր. Հայաստանը՝ Մոսկվա-Բրյուսել փակված ճանապարհին. «Անալիտիկոն»

Ապրիլ 19,2022 11:25

Բրյուսելյան ձևաչափի էությունը ճիշտ գնահատելու համար հարկավոր է արձանագրել, թե ինչ աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում է այն ձևավորվել։ Ուկրաինական ճգնաժամի խորացմանը զուգահեռ խորանում է նաև ճգնաժամն Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում։ Սա իր հերթին հավասարապես մեծացնում է ճգնաժամը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ 44-օրյա պատերազմից հետո արդեն իսկ կար որոշակի անորոշություն՝ կապված ձևաչափի ապագայի հետ, սակայն մեծ տերությունները դեռ վերջնական որոշում չունեին։ Ուկրաինական ճգնաժամի խորացումը բերեց մեծ տերությունների միջև առճակատման նաև ՄԽ համանախագահության ձևաչափի ներսում, ինչը կաթվածահար արեց ձևաչափի աշխատանքները։ Արդյունքում Մինսկի խմբի համանախագահությունը իր տեղը զիջել էր այլ մոնոպոլիստ ձևաչափի՝ եռյակի, որն իրականում բովանդակային առումով քառյակ է՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան և չորրորդը՝ Թուրքիան, որը ֆիզիկապես ներկա չի լինում բանակցություններին, սակայն ամբողջապես ներկա է բանակցային գործընթացում։

Սակայն, բրյուսելյան յուրաքանչյուր հանդիպմանը զուգընթաց իրավիճակը սկսեց փոխվել։ Արդեն կարելի է խոսել եռյակ (քառյակ) ձևաչափին զուգահեռ գոյություն ունեցող Բրյուսելյան ձևաչափի մասին, թեպետ ազդեցության, դաշտային պայմաններում ներկայացվածության, իրավիճակի վերահսկողության կարողությունների առումով, անշուշտ, դեռ երկրորդող բնույթով։

ԵՄ-ի առաջանցիկ դերն այս ձևաչափում մի կողմից ԵՄ կենտրոնական մարմինների պատասխանն է ԵՄ շուրջ արագորեն փոփոխվող անվտանգային միջավայրին, ինչպես նաև կառույցում գնալով առավել քաղաքական դարձող օրակարգերի ցուցիչն է, իսկ մյուս կողմից՝ հնարավորություն է ժամանակակից բևեռացված աշխարհում Մոսկովյան ձևաչափին ի սկզբանե հակադիր ձևաչափի տրամաբանությունից խուսափելու։ Երբ նոր ձևաչափը չի առաջնորդում ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան, այլ՝ դեռևս առավելապես տնտեսական ինտեգրացիոն կառույց, դա, հնարավոր է, նվազ հակազդեցության արժանանա Ռուսաստանի և Թուրքիայի կողմից։

Բրյուսելյան ձևաչափը պատկերելիս կարևոր է արձանագրել նաև ԱՄՆ աջակցությունն այդ գործընթացին։

Ինչ վերաբերում է Մոսկովյան եռյակ (քառյակ) ձևաչափին, այստեղ նույնպես հետաքրքիր տեղաշարժեր կան։ Ուկրաինական ճգնաժամն իր հետ բերում է մեր տարածաշրջանի հիմնական ուժային դերակատարի՝ Ռուսաստանի պատմության նոր փուլ։ Ռուսաստանն այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին առաջ էր, Եվրոպայում իջնելու է նոր երկաթյա վարագույր,  և դա այլևս հստակ է։ Ռուսաստանը հակամարտությունից լավագույն դեպքում դուրս է գալու մեկուսացված և թուլացած, իսկ վատագույն դեպքում ճանապարհ է բռնելու դեպի կազմաքանդում։ Այս իրավիճակն իր մեջ պարունակում է ինչպես մարտահրավերներ, այնպես էլ՝ հնարավորություններ։

Մարտահրավերներից կարևոր են երկուսը․ առաջինն այն է, որ  մեկուսացված Ռուսաստանը կարող է փորձ անել Հայաստանը ներգրավել իր գերխորացված ինտեգրացիոն գործընթացների մեջ ու ներքաշել երկաթյա վարագույրից ներս՝ իր հետ միասին տանելով «մեկուսարան»։

Երկրորդ կարևոր մարտահրավերը, Ռուսաստանի կազմաքանդման պարագայում, տարածաշրջանում ստեղծվող անվտանգային վակուումն է։ Չափազանց արագ ստեղծվող անվտանգային վակուումը հնարավորություն չի թողնի լուծելու նոր անվտանգային երաշխիքների ստեղծման խնդիրը հընթացս։ Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ առկա հակամարտային տրամաբանության առկայության պարագայում դա տեսականորեն հղի է աղետալի հետևանքներով։

Երկու սպառնալիքների հաղթահարման ամենաիրատեսական տարբերակը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը գնալն է։ Երկու երկրների հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն միաժամանակյա ու համաչափ սկզբունքով։ Բրյուսելյան եռակողմ բանակցություններն այս առումով կարևոր տեղաշարժ արձանագրեցին վերջերս տեղում կանգնած բանակցային գործընթացներում։

Այսպիսով, սահմանազատման աշխատանքների մեկնարկը հնարավոր է սահմանափակի լարման օջախների աշխարհագրությունը, սակայն, բնականաբար, չի վերացնի դրանք ընդհանրապես։ Դա է պատճառը, որ խոսքը գնում է առաջ քայլի, այլ ոչ՝ շրջադարձի մասին։ Դա է պատճառը, որ բրյուսելյան հանդիպումը փոքր, բայց, այնուամենայնիվ, ձեռքբերում էր։ Հանդիպումը չի լուծել ու չէր էլ կարող լուծել բոլոր խնդիրները, բայց նույնիսկ մեկ խնդրի անգամ մասնակի լուծումը նույնպես ձեռքբերում է։

Արեգ ՔՈՉԻՆՅԱՆ
Անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Անալիտիկոն» հանդեսում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930