Լրահոս
Օրվա լրահոսը

Խաժակյան. Լավ՝ ինքն է բերել էս վիճակին, թողնենք, որ ինքն էլ, մեր պետությունն էլ կործանվե՞ն. «Հրապարակ»

Ապրիլ 19,2022 11:42

Հարցազրույց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի հետ

Ընդդիմությունը, այս պահին՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, Արցախի ու մեր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին կոչ է անում՝ գնալ Ազատության հրապարակ եւ միանալ իրենց պայքարին։ Դուք ինչո՞ւ չեք միանում։

– Նախ պետք է հասկանանք, որ այն տեսակետները, որոնք հնչում են, դրանց հիմքում ինչ է ընկած։ Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը դիրքավորվել է հետեւյալ կերպ․ մեջբերում է իշխանության տեսակետները՝ հիմնավորելով, որ դրանք խնդրահարույց են, եւ ասում է, որ իշխանությանը պետք է հեռացնել։ Ես կարծում եմ՝ քանի դեռ մարդիկ որեւէ ընդդիմադիր ուժից՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական, չեն լսել բուն խնդիրների լուծման իրատեսական բանաձեւ, որեւէ կերպ չեն աջակցելու։ Որովհետեւ ասել, որ տվեք լիազորությունը, տվեք իշխանությունը մեզ, մենք ավելի լավ կվարվենք, բնականաբար՝ խոսում է իրական օրակարգ չունենալու մասին։ Եթե լուծման բանաձեւի մասին չես խոսում եւ չես տալիս լուծման գոնե ընդհանրական դրույթները, ապա քեզ որեւէ մեկը չի տալու նոր վստահություն՝ խնդիրն այլ կերպ լուծելու։

Այսինքն՝ Ձեզ համար ընդունելի՞ են Փաշինյանի ասածները, որ պետք է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնենք, որ՝ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։

– Մեզ համար գործողությունների պատճառահետեւանքային կապը հասկանալի է, եւ այն, որ հիմա առաջարկվում են այդ «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները, այս պահին մենք դրան այլընտրանք չենք տեսնում։ Եվ եթե կա որեւէ ընդդիմադիր ուժ, որը պատրաստակամ է Փաշինյանին հեռացնելու, պետք է հայտարարի՝ ինչ այլընտրանք ունի նա, ինչի շուրջ է բանակցելու։

Էդմոն Մարուքյանը դեսպան է աշխատում մի երկրում, որի ԱԳ նախարարը կապ չունի դիվանագիտության հետ՝ մասնագիտությամբ պատմաբան է, մեկ այլ պատմաբան էլ՝ Սուրեն Պապիկյանը, երկրի պաշտպանության նախարարն է։ Հիմա Մարուքյանը գնալու է լրացնի երկու պատմաբանների բա՞ցը։

– Ինչքանով որ կստացվի։ Մեզ մանդատ չեն տվել, որ մենք ունենանք արտաքին գործերի նախարար։ Եվ երբ որ մեզ նման մանդատ չտվեցին, մեր առջեւ հարց կար՝ կա՛մ մենք անում ենք այն, ինչ որ կարող ենք, կա՛մ ընդհանրապես ոչինչ չենք անում։

Հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակվելուց մոտ մեկ տարի առաջ Էդմոն Մարուքյանը նույն Փաշինյանի հասցեին ասում էր «Ամենալավ ձեւակերպումը տվել ա առաջին նախագահը՝ ազգակործան պատուհաս։ Դասական, դասական ձեւակերպում ա»։ Հիմա ինքը, փաստորեն, ազգակործան պատուհասի հանձնարարություններն է կատարում։

– Մեր երկրում ընդունվում են օրենքներ, կան տարբեր պետական պաշտոնյաներ, որ հրամաններ են ստորագրում, մենք չենք հրաժարվում, չէ՞, էդ օրենքները կատարել, չենք հրաժարվում այդ պաշտոնյաների տված հրահանգներից բխող իրավական ակտերին հետեւել։ Հիմա մենք ունենք վարչապետ, ուզում ենք դա, չենք ուզում, սիրում ենք, ատում ենք․․․

Որն «ազգակործան պատուհաս» է։

– Որն ազգակործան պատուհաս է, լավ։ Հիմա մենք նայում ենք հետեւյալը․ մեր պետությունը կանգնած է ծայրահեղ ծանր վիճակում, դա բոլորը կիսում են, չէ՞․․․ հա, էդ մարդու պատճառով, ու լիքը պետական գործիչներ, լրագրողներ ասում են՝ գիտե՞ք, մեր պետությունը ծանր վիճակում կանգնած է էս մարդու պատճառով, եկեք ընդհանրապես իրեն ոչ մի աջակցություն չցուցաբերենք, թողնենք, որ ինքն էլ կործանվի, պետությունն էլ։ Հա, վատ վիճակում է, լավ՝ ինքն է բերել էս վիճակին, այսինքն՝ մենք թողնենք, որ ինքն էլ, մեր պետությունն էլ կործանվե՞ն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930