Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենք, թե ինչպես կողոպտել երկիրը. այս նախագիծն ընդհանրապես պետք է ոչնչացվի». Հակոբ Սանասարյան. «Փաստ»

Ապրիլ 19,2022 10:57

Օրերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Քաղհասարակության ներկայացուցիչներն այն որակում են հակաժողովրդավարական և հակասահմանադրական` նշելով, որ այն ոտնահարում է մարդու իրավունքները:

Բնապահպան Հակոբ Սանասարյանը կիսում է քաղհասարակության մտահոգությունները: Կարծում է, որ այս օրենքի կյանքի կոչումով մտահոգության հիմնական թիրախում ողնաշարային նշանակություն ունեցող Ամուլսարն է: «Պետությունը փաստորեն արտոնություններ է տալիս ընդերքօգտագործողներին` թալանչիներին: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հենց առաջին օրվանից ուներ ավերման ծրագիրը, և դրա ամենավառ ապացույցը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի հեռացումն էր պաշտոնից: Նա ստուգումներ կատարեց, բազում հարցեր բացահայտեց, նրան հիմնականում Ավինյանի բերանով ասվում էր, որ նման գործեր չպետք է արվեն: Երկրում այն կարգն է հաստատված, որ պրոֆեսիոնալը և երկրի հոգսերով տարված մարդը պաշտոն զբաղեցնելու շանս չունի: Վերադառնալով օրինագծին՝ ակնհայտ է, որ սա անում են Ամուլսարի և հարանման հանքավայրերը շահագործելու նպատակով և կանգնում են հանցագործների թիկունքում: Նիկոլ Փաշինյանը և իր թիմը կանգնում են պետության և ժողովրդի ունեցվածքը կողոպտողների թիկունքում: Ժամանակին քարոզչական աշխատանք էր տարվում Ամուլսարը շահագործելու հարցում, տպավորություն է, թե հիմա նույն քաղաքականությունն է վարում Հայաստանը մաս-մաս Ադրբեջանին հանձնելու հարցում: Իմիջիայլոց, երկու հարցում էլ նա շատ տաղանդավոր է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է մեր զրուցակիցը:

Քաղհասարակության ներկայացուցիչների` ՀՀ նախագահին ուղղված նամակին, որով առաջարկվում է ԱԺ-ի կողմից օրենքի ընդունման դեպքում այն չստորագրել և հետ ուղարկել լրամշակման, միանում է նաև բնապահպանը, միևնույն ժամանակ հավելում. «Այդ նախագիծն ընդհանրապես պետք է ոչնչացվի: Առանց այն էլ «Ընդերքի մասին» օրենքն ընդհանուր առմամբ հակապետական է, հակաժողովրդական, բացառությամբ մի քանի դրույթների, որոնք մեզ համար նպաստավոր են: Դա խայտառակություն է, օրենք, թե ինչպես կողոպտել երկիրը: Հիմա ցանկանում են էլ ավելի վատթար վիճակի հասցնել «Ընդերքի մասին» օրենսգիրքը»,-եզրափակում է Հակոբ Սանասարյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930