Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ են հողատարածքները, որոնք չեն մշակվում. իշխանությունը չհիմնավորված ինքնավստահությամբ առաջ է գնում, փոխանակ զարկ տա գյուղատնտեսությանը. Սյուզաննա Չիլինգարյան. «Փաստ»

Ապրիլ 19,2022 10:19

Գնաճի ահագնացող տեմպերի հետ զուգահեռ սպառողների շրջանում տարակուսանք է առաջանում` ինչո՞ւ որոշ ապրանքների մասով չենք զարգացնում սեփական արտադրությունը, չէ՞ որ այդ դեպքում գներն ավելի կառավարելի կլինեին, և երկրորդ` ինչո՞ւ չեն զսպում տնտեսվարողի «գայլային ախորժակը», որն ապրանքի գինը բարձրացնում է սեփական քիմքին համապատասխան, հատկապես, երբ երկրում խուճապային իրավիճակ է` համաճարակ, պատերազմ, արտաքին գործոններ: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը ևս հավաստում է` գնաճը շարունակվում է խայտառակ տեմպերով:

«Տպավորություն է, թե գործ ունենք բարձիթողի վիճակի հետ: Մրցակցության հանձնաժողովը լծակ ունի վերահսկելու, ուսումնասիրություններ կատարելու, բայց այսօր այդ կառույցի արդյունավետ քայլերը չենք տեսնում: Եթե անգամ վարչական վարույթ են իրականացնում, ինչը գործողությունների փաթեթ է, դա ամենաքիչը երկու ամիս է տևում: Առաջարկեցինք, որ այդ ժամկետը կրճատվի, պատճառաբանեցին, թե իրենք ևս հարցումներ են իրականացնում և երբեմն իրենց ուշ են պատասխանում: Բայց այդ ընթացքում` մինչև հանձնաժողովը որոշի, թե գնաճը միտումնավոր է, թե ոչ, տնտեսվարողը կարող է գերշահույթ ստանալ, սպառողն էլ հավելյալ գումար է ծախսում առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ ձեռք բերելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Նշում է, որ բարձր գնաճն այս օրերին արդարացվում է համաշխարհային շուկայում առկա գնաճով, արտաքին գործոններով` ռուս-ուկրաինական ռազմական գործողություններով և այլն: «Գաղտնիք չէ, որ մեր երկրում շատ են ներկրվող ապրանքները, հետևաբար կախվածությունն այլ երկրներից մեծ է: Այս պարագայում շուկայում դեֆիցիտը հանգեցնում է գնաճի: Պետք է հստակ հասկանալ, որ ցանկացած երկիր մտածում է պարենային սեփական անվտանգության մասին, ուստի կրճատում է արտահանումների ծավալը` իր ազգաբնակչության կարիքները հոգալու համար: Մեր իշխանությունը, ցավոք, դա չի գիտակցում, չհիմնավորված ինքնավստահությամբ առաջ է գնում, փոխանակ զարկ տա գյուղատնտեսությանը, գյուղացիների համար աջակցության իրական ծրագրեր, նրանց վարկերը ներելու տարբերակներ մշակի: Պատերազմից հետո մեծ ծավալի գյուղատնտեսական վարելահողեր, ջրային ռեսուրսներ կորցրեցինք: Սրան զուգահեռ շատ են հողատարածքները, որոնք ուղղակի չեն մշակվում: Կառավարությունը պետք է մտածի այս ուղղությամբ, զարկ տա գյուղատնտեսությանը: Այսպես` տեղական արտադրանքին զարկ կտանք, այլ երկրներից ներմուծման ծավալները, հետևաբար նաև կախվածությունը կնվազի, հնարավորության դեպքում նաև կպահեստավորվեն պարենային կարևորագույն ապրանքները: Օրինակ` կարելի է պահեստավորել ցորեն, ինչը ֆորսմաժորային իրավիճակում հնարավորություն կտա հաջորդ վեց ամսվա ընթացքում խնդիր չունենալ և ազգաբնակչության հացի պահանջարկը բավարարել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930