Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան Հայաստանի «շահի» մասին հիշեց

Ապրիլ 19,2022 10:10

ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւը նոր դեր է ստանձնել, Միրզոյանի՝ ՌԴ այցից հետո, Փաշինյանի՝ ՌԴ այցից առաջ

Վերջին շրջանում, ինչպես հայտնի է, Մոսկվան ակտիվացրել էր քննադատությունն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն արգելափակելու հարցում: Օրերս թեմային անդրադարձել է նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը:
Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից, մշտապես ակտիվ աշխատել է այդ ձեւաչափում, սակայն արեւմտյան մեր գործընկերներն իրենց հավակնությունների ու աշխարհաքաղաքական շահերի պատճառով չեն ցանկանում համագործակցել Ռուսաստանի հետ, ինչի հետեւանքով տուժում են տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Հայաստանի շահերը, այս մասին 24News.am-ի հետ հարցազրույցում նշել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Կարելի՞ է եզրակացնել, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ ստեղծվեց ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն, կնքվեց եռակողմ հայտարարություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն արգելափակվեց, երբ Ալիեւն ընդունեց ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին Բաքվում ու ասաց՝ «ես ձեզ չեմ հրավիրել, բայց, քանի որ եկել եք՝ կլսեմ», այդ ժամանակ եւս հայկական շահերից չէր բխում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեր:

Այն ժամանակ հայկական կողմը, որը ՆԱՏՕ-ի անդամ թուրքական բանակի դեմ նոր էր պարտվել, ինչո՞ւ Հայաստանը ռազմավարական դաշնակցից աջակցություն չէր ստանում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնմանը գոնե ինչ-որ չափով նպաստելու հարցում:

Որքան շատ է այսօր ռուսական կողմն անդրադառնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արգելափակման թեմային, նպատակ ունենալով ներկայացնել, որ «ափսոսում» է խմբի անգործության առիթով, այնքան ռուսական կողմը լրացուցիչ անգամ ամրագրում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չի կարողանում գործել, հետեւաբար, պետք է վերջնականապես նրա գործունեությունն, այսպես ասած՝ պաշտոնապես ճանաչել սպառված: Իսկ դա Մոսկվային պետք է, որպեսզի ուշադրությունը կենտրոնացնի եռակողմ հայտարարությունների ուղղությամբ:

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնում առաջ գնալ կարգավորման, խաղաղության պայմանագրի պատրաստման ճանապարհով։ Ռուսաստանն ի սկզբանե աջակցել է այդ նպատակներին, եւ, ընդհանրապես, հարաբերությունների կարգավորման արմատները գտնվում են այն եռակողմ համաձայնություններում, որոնք ձեռք են բերվել վերջին տարիներին։ Ես ի նկատի ունեմ այն հայտարարությունները, որոնք ընդունվել են 2020թ. նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին եւ 2021թ. նոյեմբերի 26-ին։ Այսինքն, Հայաստանի եւ Ադրբեջանի տարատեսակ փոխհարաբերությունները արձանագրվել են այդ հայտարարություններում։ Կրկնում եմ, Ռուսաստանը մշտապես հանդես է եկել հարաբերությունների կարգավորման օգտին, միշտ պատրաստակամություն է ցուցադրել օգտակար լինել այդ գործընթացին։ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի դերակատարությունն ուղղված է եղել հենց այդ նպատակին։ Պետք է ասեմ, որ մենք հիմա ունենք ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի եւ Ադրբեջանի կարգավորման հարաբերություններին աջակցելու հարցերով, որը պետք է աշխատի այն չափով, որ չափով կարող է օգտակար լինել կողմերին», – ասել է դեսպանը։

Այսինքն, ԼՂ խնդիրը լուծվել-ավարտվե՞լ է, ինչպես պնդում են Անկարան ու Բաքուն, հիմա նոր հակամարտություն կա՞, եւ Մոսկվան արդեն այդ խնդրով զբաղվող ներկայացուցիչ էլ ունի… Մոսկվան անընդհատ շեշտում է ռուսական կողմի ստորագրությամբ փաստաթղթերի պահանջների, պարտավորությունների հարցը, նույնն, ի դեպ, անում է Ալիեւը, եւ հենց այդ եռակողմ փաստաթղթերի վրա հղում անելով՝ Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» է պահանջում:

Ուշագրավն այն է, որ անցյալ շաբաթ Մոսկվան արագ գաղտնազերծեց մի որոշման մասին:

Փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը խզել են իրենց բոլոր կապերը Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակում, հայտնեց Մարիա Զախարովան՝ հայտնելով, որ ԵԱՀԿ ռուսաստանցի համանախագահը նոր դերակատարություն կստանա: «Հարավային Կովկասում իրական վիճակը թույլ չի տալիս դադար տալ բանակցություններում: Պահանջվում են հետագա հետեւողական քայլեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար, քանի դեռ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների գործակցությունը»,- ասաց Զախարովան՝ հավելելով, որ հատուկ լիազորություններով դեսպան Իգոր Խովաեւը կշարունակի իր աշխատանքը նոր դերում, այն է ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով: «Նրա ուշադրության կենտրոնում կլինի նշված խաղաղության պայմանագրի նախապատրաստման թեման: Ակնկալում ենք, որ Խովաեւի ջանքերն աջակցություն կստանան Բաքվի եւ Երեւանի կողմից: Բաց ենք մյուս շահագրգիռ դերակատարների հետ կառուցողական գործակցության համար»,- պարզաբանել է Զախարովան:

Այսինքն, Մոսկվան մի կողմից «ափսոսում» է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի վախճանի կապակցությամբ, բայց միեւնույն ժամանակ, շտապում է՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցում պահպանել մրցավարի իր դերակատարությունը:
Եվ ո՞վ է հիմա ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահը… Չէ՞ որ ԵԱՀԿ ՄԽ-ի եռանախագահության ձեւաչափը ոչ ոք չի չեղարկել: Թե՞ Մոսկվային անհրաժեշտ էր արագ արձանագրել, որ քանի որ Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումները Մոսկվայի հետ, ուրեմն, ռուսաստանցի համանախագահին պետք է այլ «պաշտոն» տալ, որպեսզի նա լծվի Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրմանը:

Իր հերթին Կոպիրկինն ասել է, թե Ռուսաստանը կասկածի տակ չի դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը. «Մենք այս ձեւաչափին միշտ աջակցել ենք, ակտիվ աշխատել ենք այնտեղ եւ երբեք չենք ասել, որ դրանից հրաժարվում ենք։ Ինչպես ասաց մեր նախարարը, կապված է Մինսկի խմբի մեր ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերների հետ, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ։ Այստեղ հարցը պետք է Ռուսաստանին չուղղել։ Պետք է նշեմ, այդ մասին խոսել է նաեւ մեր նախարարը, որ Մինսկի խմբում համատեղ աշխատանքի նկատմամբ մոտեցումը նույնական է այն մոտեցմանը, որը դրսեւորում է Արեւմուտքը ՌԴ-ի մասնակցությամբ այլ ձեւաչափերին, այդ թվում եւ այն հարցերում, որոնք կապված են ճգնաժամային իրավիճակների լուծման հետ։ Այսինքն, նրանց ամբիցիաների, աշխարհաքաղաքական շահերի պատճառով, քանդվում են այն մեխանիզմները, միջազգային ձեւաչափերը, որոնք ծառայում էին աշխարհի տարբեր երկրներում անվտանգության բարձրացմանը։ Ցավալի է, որ խաղաղությունն ու անվտանգությունը, տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Հայաստանի շահերը զոհ են գնում աշխարհաքաղաքական եւ այլ շահերի»։ Հարցին, թե ի վերջո, ՄԽ ձեւաչափն ապագա՞ ունի, դեսպանը պատասխանել է. «Կարծում եմ, որ այս հարցը պետք է տալ նրանց, ովքեր արգելափակել են աշխատանքը Մինսկի խմբի։ Ռուսաստանը, կրկնում եմ, երբեք չի հրաժարվել այս ձեւաչափից եւ ակտիվ աշխատել է այնտեղ»։

Նույն հարցազրույցում Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հովանու ներքո Փաշինյան-Ալիեւ հանդիպումներին, ԵՄ ջանքերին եւ դիտարկմանը, թե քաղաքագետների մի մասը կարծում է, որ Եվրոպան ամեն ինչ անում է Մոսկվային այս գործընթացից դուրս թողնելու համար։ «Դե, ինչ ասում են քաղաքագետները, երեւի հիմք ունի, հակառակ դեպքում նրանք այդ մասին չէին խոսի։ Ես ուզում եմ ասել, որ Ռուսաստանը աջակցում է ցանկացած գործընթացի, որն ուղղված է խնդիրների իրական լուծմանը, կայունության ու խաղաղության հաստատմանը, լարվածության բացառմանը։ Բայց դուք շատ ճիշտ նկատեցիք, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով ԵՄ-ի վերջին հայտարարությունում Ռուսաստանի մասին չի հիշվել` չնայած բոլոր նշված կետերը բխում են ՌԴ-Հայաստան-Ադրբեջան նախկինում արված ու իմ կողմից հիշատակված հայտարարություններից։ Ու այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչն է Եվրամիության համար ավելի կարեւոր՝ գործընթացին իսկապես աջակցե՞լը, որում Ռուսաստանն առանցքային դերակատարություն ունի, թե՞ իր աշխարհաքաղաքական խնդիրների լուծման փորձ, այդ թվում եւ Ռուսաստանին դուրս թողնելը այս գործընթացներից։ Հարցեր կան, այդ մասին խոսել է նաեւ մեր ԱԳ նախարարը», – ասել է դեսպանը։

Իսկ ավելի վաղ Մոսկվայի հովանու ներքո ստորագրված եռակողմ փաստաթղթերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին ինչո՞ւ չի հիշատակվել, ո՞ւմ պահանջով եւ ում մեղքով…

Հարցին, թե հնարավո՞ր է այնպիսի զարգացում, որ Ռուսաստանի այժմյան հակառակորդները, մրցակիցները կարողանան ՌԴ-ին դուրս դնել տարածաշրջանային գործընթացներից, Կոպիրկինը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ ի տարբերություն նրանց, ում դուք ի նկատի ունեք, Ռուսաստանն օրգանիկ կերպով է ներկա այս տարածաշրջանում։ Մենք դարերով ապրել ենք այստեղ, ապրել այն ժողովուրդների հետ, որոնք այստեղ ապրում են՝ հայերի, վրացիների, ադրբեջանցիների հետ։ Մեր շահերը մեծապես կախված են այս տարածաշրջանի հետ։ Ընդ որում, ես չեմ խոսում աշխարհաքաղաքական, այլ շատ ավելի լայն շահերի մասին։ Ռուսաստանը կողքից խաղացող չէ այս տարածաշրջանում։ Պատմականորեն եւ այս իրավիճակից ելնելով` Ռուսաստանը օրգանապես բոլոր տարածաշրջանային գործընթացների մասնակից է։ Այս առումով Ռուսաստանին դուրս թողնելու մասին խոսելը տարօրինակ եւ անպատասխանատու է։ ՌԴ-ն օբյեկտիվորեն ունի այստեղ կարեւոր քաղաքական, տնտեսական եւ անվտանգային դերակատարություն։ Կրկնում եմ, ՌԴ-ն բազմաթիվ թելերով կապված է այս երկրների հետ՝ այդ թվում միջանձնային մակարդակով։ Մենք այս տարածաշրջանի օրգանիկ մասն ենք։ Ինչպես կարելի է գնահատել ՌԴ-ին տարածաշրջանից դուրս թողնելու նպատակները։ Համենայնդեպս, տարածաշրջանի համար, մեղմ ասած, օգուտ չի բերի։ ՌԴ-ի համար շատ կարեւոր է տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունները։ Հայաստանի հետ եղբայրական, դաշնակցային հարաբերություններ ունենք, որոնք պատմականորեն ձեւավորված են»։

Ըստ ամենայնի, Մոսկվան, իսկապես, մտավախություն ունի, որ Արեւմուտքը, որը ժամանակին Հարավային Կովկասը թողել էր Մոսկվային՝ որպես Ռուսաստանի ազդեցության գոտի, այսօր փոխել է դիրքորոշումը: Ժամանակին ընդունված էր համարել, թե Վաշինգտոնի ու ԵՄ-ի համար ԼՂ խնդրի կարգավորումը առաջնահերթություն չէ, իսկ արդյունքում Ռուսաստանը մեկ տասնամյակ շարունակ զինեց Ադրբեջանին, Բաքուն ու Անկարան քարոզչական դաշտում (հավանաբար, ոչ միայն քարոզչական) թուլացրեցին, նվազեցրեցին ԵԱՀԿ ՄԽ-ի դերը, Մոսկվան էլ Բաքվին ռազմական գործողությունների ու սադրանքների «քարտ-բլանշ» տալով Ադրբեջանին հասկացրեց, որ հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանի ու Արցախի պաշտպանության հարցում դրսեւորելու է չեզոքություն՝ ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման իր նպատակի իրագործման դիմաց:

Այո, այսօր Վաշինգտոնն ու ԵՄ երկրները, իսկապես՝ դադարեցրել են շփումները Մոսկվայի հետ՝ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, բայց դրանից ավտոմատ չի բխում, որ մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը, օրինակ՝ 2008-ից Մոսկվան միանշանակ պաշտոնական Երեւանին աջակցում էր հայկական շահի պաշտպանության հարցում: Եթե այդպես եղած լիներ՝ գոնե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական բալանսը խախտված չէր լինի:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930