Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը թույլ չի տալու Արևմուտքին՝ վերջինիս ցանկացած ուղղությամբ տանելու հայ-ադրբեջանական որևիցե տեսակի գործընթաց. «Անալիտիկոն»

Ապրիլ 19,2022 09:30

Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որում չի եղել նախորդ շրջափուլերից և որևէ մեկում։ Խոսքն առաջին հերթին միջնորդ պետությունների գործակցության ու միջնորդական առաքելության համատեղ իրականացման բացակայության մասին է։

Անշուշտ, ԼՂ հակամարտության ռազմական ու բանակցային փուլերում միջնորդ պետությունները, առանձնապես՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, գրեթե միշտ ունեցել են հակադիր մոտեցումներ, որոնք արտահայտվել են թե՛ գագաթնաժողովների տապալման, թե՛ առաջարկված լուծումների անիրականանալիության դրվագներում։ Ուժային այս երկու բևեռների մրցակցությունը, սակայն, որքան էլ դեստրուկտիվ, այդքան էլ բնական էր։ Այսօր, սակայն, նրանց հարաբերությունները դուրս են եկել մրցակցայնության տրամաբանությունից՝ վերաճելով հիբրիդային պատերազմի, ինչն իր ուղիղ հետևանքներն ունի նաև ԼՂ հակամարտության կարգավորման վրա։

Փաստացի այսօր Մինսկի խումբը չի գործում, որովհետև խմբի գործունեության համար առնվազն անհրաժեշտ է եռանախագահության միասնական աշխատանք՝ խորհրդակցություններ, հանդիպումներ, այցելություններ, ճանապարհային քարտեզ, օրակարգի մշակում և այլն։ Իսկ այս դեպքում ամերիկացի, ռուս կամ ֆրանսիացի համանախագահի այցելությունը և առանձին մի հանդիպումն առավելագույնը արարողակարգային բնույթ է կրում։ Այսօր, լավագույն դեպքում, ականատեսն ենք համանախագահների առանձին այցերին Երևան և ՄԽ ֆորմատում աշխատանքը շարունակելու մասին հավաստիացումների։ Սակայն, թե դա ինչպես է հնարավոր առանց ՌԴ ներկայացուցչի հետ աշխատելու, անհայտ է՝ կա՛մ մնալով անհատական PR-ի ու տեղեկատվական մանիպուլյացիաների մակարդակում, կա՛մ հանգելով Արևմուտքի և Ռուսաստանի միջնորդական առանձին գործունեությանը։

Այդօրինակ սեպարատիզմը նախորդ շաբաթ դրսևորվեց մի կողմից՝ Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպմամբ, մյուս կողմից՝ 2 օր անց Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների ու վերջինիս՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի փաստով։ Լավրովն անգամ հայտարարեց, որ բրյուսելյան հանդիպումը որևէ նորություն չի պարունակել՝ համապատասխանելով ՀՀ-ի, ՌԴ-ի ու Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածություններին։ Լավրովը ոչ միայն այդկերպ փորձում է արժեզրկել Արևմուտքի միջնորդական առաքելությունը, այլև հրապարակային մակարդակում՝ առանց դիվանագիտական կոկետության, ազդարարում է Մինսկի խմբի անգործունակության կամ ավելի վատ՝ չգոյության մասին։

ՌԴ ԱԳ նախարարը շտապել է նաև հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ՝ ի ցույց դնելով, որ բրյուսելյան առանձին օրակարգ կա՛մ չկա, կա՛մ գործընթացի տերը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Իսկ վերջինիս պարագայում այլևս բնական է դարձել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների և Արևմուտքի միջև շփումներին քաղաքական խանդով վերաբերվելը՝ դրանցում իր դեմ դավադրություն տեսնելով։ Այդ բնականությունը հիմա առավել քան սրված է, ուստի Ռուսաստանը թույլ չի տալու Արևմուտքին՝ վերջինիս ցանկացած ուղղությամբ տանելու հայ-ադրբեջանական որևիցե տեսակի գործընթաց։ Ռուսաստանը բավարար ուժ չունի կանխելու Արևմուտքի նախաձեռնությունները, սակայն լիովին ունակ է իր ազդեցության գոտիներում խափանելու դրանց հաջողականությունը։

Նժդեհ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերլուծաբան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Անալիտիկոն» հանդեսում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930