Մայրաքաղաքի Դիանա Աբգարի անվան այգում Կարեն Դեմիրճյանի ծննդյան 90-ամյակին նվիրված համերգ-երեկոյին, որի ընթացքում հնչեցին պետական, քաղաքական գործչի ամենասիրելի երգերը, ներկա էր նաեւ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը: Նա Aravot.am-ին ասաց. «Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել այս հրաշալի երեկոյի կազմակերպիչներին: Շատ ճաշակով կազմակերպված միջոցառում է, եւ ես մեծ բավականություն եմ ստանում»:
Հարցին, թե իր կարծիքով Կարեն Սերոբիչի գործը արժանի՞ է գնահատվում, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց հակիրճ. «Կարեն Դեմիրճյանը ժողովրդի սրտի մեջ է եւ նա ապրում է իր գործերով: Կարեւորը ժողովրդի գնահատականն է: Նրա կառավարման տարիները եղել են մեր երկրի զարգացման տարիներ եւ շատ բաներ կապված են անմիջականորեն Կարեն Դեմիրճյանի անվան հետ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ