Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Դեմիրճյանի օրինակը պետք է վարակիչ լինի պետական ծառայողների եւ մնացած ոլորտներում աշխատողների համար՝ սիրել հայրենիքը, լինել նվիրյալ»

Ապրիլ 18,2022 23:15

Բացառիկ պետական, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 90-ամյակի առիթով Երեւանի կենտրոնում գտնվող այգիներից մեկում «Ապրելու» հիմնադրամը հոբելյանական համերգ-երեկո էր կազմակերպել, որի ընթացքում Կարեն Դեմիրճյանի ամենասիրած երգերը մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի համար կատարեցին պրոֆեսիոնալ երգիչներն ու երաժիշտները:

Գաղափարի եւ նախաձեռնության հեղինակ, «Ապրելու» հիմնադրամի համանախագահ Մեսրոպ Առաքելյանը Aravot.am-ին ասաց. «Կարեն Դեմիրճյանը վստահաբար Հայաստանի նորագույն պատմության ամենաականավոր պետական գործիչն է, ում կառավարման տարիները, կարելի է ասել, եղել են Հայաստանի վերելքի տարիներ բոլոր ոլորտներում՝ եւ ենթակառուցվածքների, եւ արդյունաբերության եւ գիտության, մշակույթի, կրթության զարգացման ասպարեզներում:

Կարեն Դեմիրճյանի կառավարման տարիներին լինելով Խորհրդային Միության մաս՝ Հայաստանը պահպանեց եւ զարգացրեց իր հայկականությունը:

Արժե հիշատակել, որ 1975 թվականին Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը Ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել, 1978 թվականին Խորհրդային Հայաստանի սահմանադրության մեջ ամրագրել է հայերենը որպես պետական լեզու: Այսպիսի քայլեր անելու համար խորհրդային տարիներին համարձակություն էր պետք: Այսինքն, մեծ մարտահրավերների, մեծ սահմանափակումների շրջանում Կարեն Դեմիրճյանին հաջողվել է ապահովել հայկականության ամրապնդումը: Հետեւաբար, շատ կարեւոր է, որ այսօր մենք ու հետագա սերունդները այդ ամենի մասին վառ պատկերացում ունենանք, ինչը հնարավորություն կտա ոլորտներում մեր հաջողությունները զարգացնել, Մինչդեռ, այսօր, ցավոք, մենք բազմաթիվ ոլորտներում ձախողում ենք: Կարեն Դեմիրճյանի նման մարդկանց օրինակը պետք է վարակիչ լինի պետական ծառայողների եւ մնացած ոլորտներում աշխատողների համար՝ լինել նվիրյալ, աշխատասեր: Սա կնպաստի երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

Մեզ այսօր հենց Կարեն Դեմիրճյանի նման մարդիկ են պակասում: Նա որպես պետության, ազգի առաջնորդ ցույց էր տալիս, որ անհրաժեշտ է սիրել հայրենիքը: Եվ եթե այսօր յուրաքանչյուրը իր ընտրած ոլորտում, իր պատասխանատվության շրջանակներում կատարի իր աշխատանքը հայրենիքը սիրելով, մենք նորից կունենանք այնպիսի հզոր Հայաստան, ինչպիսին Կարեն Դեմիրճյանի կառավարման տարիներին էր»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930