Հարգելի՛ գործընկերներ,
Հաշվի առնելով ՝
Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերափոխումների մտահոգիչ միտումները և դրանցում Հայաստանի, Արցախի ու Հայ ժողովրդի կենսական շահերի պաշտպանության և անվտանգության ապահովման հրամայականները
Ստեղծված աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական բարդ իրավիճակում հայաստանյան մի շարք ուժերի կողմից ներհայաստանյան քաղաքական կյանքի նպատակային և դիտավորյալ ապակայունացման ոչ կառուցոxական գործողությունները
Այդ ուժերի կողմից Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու նպատակային քայլերը և դիրքորոշումը
«Ազատ Հայաստան» նախաձեռնությունը նախաձեռնում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարության պաշտպանությամբ և ամրապնդմամբ շահագրգիռ քաղաքական, հասարակական ուժերի ու անհատների համախմբման և նոր քաղաքական, հանրային պլատֆորմի ձևավորման գործընթաց՝ հետևյալ օրակարգային և հրատապ հարցերի ու հիմնադրույթների շուրջ.
Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը բացարձակ արժեք է և սակարկության ենթակա չէ
Հայաստանը չի կարող լինել որևէ վերպետական և վերազգային միավորի և կազմակերպության անդամ, որը կնվազեցնի Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը՝ հանգեցնելով, ընդհուպ, դրանց կորստին
Հայաստանի կայուն և անվտանգ զարգացման գրավականը իրական ժողովրդավարության հաստատումն է, որտեղ գերակա են մարդու իրավունքներն ու սոցիալական արդարությունը
Արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա արցախահայության ինքնորոշման իրավունքի հիմքով՝ Արցախի ազգաբնակչության անվտանգության և իրավունքների ապահովման հստակ երաշխիքների ամրագրմամբ
Հայաստանի Հանրապետությունը պետք է կարգավորի հարաբերությունները բոլոր հարևանների, այդ թվում, Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ելնելով իր ազգային և պետական շահերի հիմնարար սկզբունքներից ու աշխարհաքաղաքական արդի զարգացումների հրամայականից
Հարևանների հետ հարաբերությունների ցանկացած կարգավորում (այդ թվում, արցախյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում) չի կարող ենթադրել և/կամ հանգեցնել ՀՀ սուվերեն տարածքի և/կամ դրա մի հատվածի կորստի կամ դրանց նկատմամբ ՀՀ սուվերեն իրավունքի վերացման և/կամ սահմանափակման
Պետք է տրվեն հստակ քաղաքական գնահատականներ այն քաղաքական ուժերին և նրանց սպասարկող կազմակերպություններին ու անհատներին, որոնք վերջին քսան տարիներին ղեկավարել են Հայաստանը և, ըստ էության, ձախողել պետությունը՝ կենսագործունեության բոլոր ոլորտներում և այսօր կրկին ցանկանում են իշխանության գալ՝ ձգտելով ռևանշի
Հարգելի՛ գործընկերներ,
Վերը նշված հիմնադրույթների և հիմնախնդիրների շուրջ քաղաքական-հասարակական համախմբում ապահովելու և Հայաստանի ներքին քաղաքական և աշխարհաքաղաքական դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով «Ազատ Հայաստան» նախաձեռնությունը սկսում է հանդիպում-քննարկումների շարք նշված օրակարգային հիմնադրույթները և մոտեցումները կիսող քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների հետ՝ նպաստելով նաև վերը նշված հիմնադրույթների ու մարտահրավերների հաղթահարման և օրակարգային հարցերի լուծման շուրջ քաղաքական, հասարակական և հանրային նոր պլատֆորմի ձևավորմանը:
(Նշված օրակարգային հիմնադրույթները քննարկումների արդյունքում կարող են լրացվել և լրամշակվել)
«Ազատ Հայաստան» նախաձեռնություն