«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի երեկվա հետեւյալ գրառումը․ «Եթե Արթուր Վանեցյանը և իր ղեկավարած գումարտակը չփախներ Շոշ գյուղից` Արցախը, հավանաբար, այդքան տխուր վիճակում չէր լինի Նոյեմբերի սկզբին ադրբեջանցիները հարձակվում էին Շուշիի ուղղությամբ։ Մարտեր հասան Շոշ գյուղ (և ոչ միայն Շոշ)։ Այդ ժամանակ Վանեցյանի գումարտակը ավարտել էր ֆոտոսեսիաները և հասել Արցախ ու, զարմանալի չէ, որ ԶՈւ ղեկավարությունը որոշեց որոշ հատվածներ վստահել Վանեցյանենց։
Տեղակայման դիրքեր հասնելուն պես տարածքում մի երկու արկ ընկավ և, սիրուն ֆոտոսեսիաներ անցած գումարտակը, գեներալ Վանեցյանի առաջնորդությամբ, փախավ այդ գյուղից։ Երևի մտածում էին, որ գնալու էին առաջնագիծ` ֆոտոսեսիան շարունակելու և սարսափելի վախեցան, երբ բացահայտվեց, որ, դու մի ասա, պատերազմ է։ Հետո իրենք դա արդարացնում էին նրանով, թե, իբր, իրենց սխալ տվյալներ էին տվել տարածքում ադրբեջանցիների քանակի մասին։ Բայց դե ո՞վ է փախնելուց ընդունում, որ վախկոտ է, բոլորն էլ մի բան հորինում են։ Հիմա Վանեցյանը մեղավոր (մեղսակից) չի՞, որ Արցախը ու բոլորիս անվտանգությունը էս տխուր օրին են։ Հ.Գ. Հստակեցնեմ, որ Վանեցյանի գումարտակում կային մի քանի դուխով կռվողներ, բայց երբ հրամանատարն ու գումարտակի մեծ մասը փախնում է` մնացածի չնահանջելն անիմաստ է դառնում»։
Արսեն Բաբայանը նախ նշեց՝ ասել եմ եւ կրկնում եմ, որ մեր զորախմբին վստահված դիրքերը մինչեւ այս պահը Հայաստանի հսկողության տակ են՝ հայկական են․ «Մեզ վստահված բոլոր դիրքերի մասին է խոսքը։ Չգիտեմ, թե ինչի մասին է խոսում մի մարդ, որը ֆինանսավորվում է տարբեր աղբյուրներից, որն այս իշխանության կամակատարն է։ Ինչպես լարում են՝ այդպես էլ խոսում է։ Նման մեկ այլ արարածի հայտարարության հիման վրա կատարվել է քննություն, որը պարզել է, որ ոչինչ էլ չկա»։
Կարդացեք նաև
Հավելենք, որ այս թեմայի շուրջ Դանիել Իոաննիսյանն այսօր նոր գրառում է կատարել․ «Այսօր ինձ ասեցին, որ Վանեցյանենք, պարզվում է, ծանր են տարել իրենց փախուստի մասին գրածս և հայտարարել են, որ դատի կտան ինձ։ Վերջապես լավ առիթ կլինի, որ Վանեցյանի հերոսությունների ականատեսները գան ու հրապարակային դատավարության ժամանակ պատմեն, թե ոնց է նա փախել։ Ավելին, վերջապես լույս կսփռվի այն հանգամանքի վրա, թե արդյո՞ք Վանեցյանը փախել է շտապ օգնության մեքենայով։ Այդ մասին շատ հրապարակումներ են եղել (բայց ես կասկածում եմ շտապ օգնությամբ փախնելու տեղեկության իսկության վրա)։ Ընդ որում, նաև հնարավորություն կլինի, որ մարդիկ հասկանան, որ դասալքությունը դա փախուստի մասնավոր դեպք է և որ ամեն դե-ֆակտո փախուստ չէ, որ քրեադատավարական իմաստով դասալքություն է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ