Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այստեղ են եղել Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Սարգսյանը, Տիգրան Արզաքանցյանը, եթե մեկին մոռացել եմ, ներողություն։ Շատերն են եղել»․ Արթուր Վանեցյան

Ապրիլ 18,2022 21:55

«Պատերազմ չի լինելու մեր հաղթանակի դեպքում։ Չի լինելու և վերջ, բայց մենք չենք էլ կանգնելու, գլուխներս կախենք թշնամու առաջ և աղերսենք խաղաղություն»,- Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով այն փաստարկներին, թե իր հաջողության դեպքում կլինի պարտություն, իսկ պարտության դեպքում կլինի խաղաղություն։

Այս առիթով Արթուր Վանեցյանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն այսպես կոչված խաղաղության դարաշրջանը բերելու ակնկալիքով կամ մարդկանց համոզելով հայտարարում են, որ բերում են խաղաղություն, բայց իրականում մեր երկիրը տանում են պատերազմի, կանխատեսված պարտության․ «Կան շատ ճանապարհներ, որոնց մասին գիտենք, ունենք փորձ, գիտելիք, հնարավորություն, որպեսզի թույլ չտանք, որ լինի պատերազմ։ Ամենաշատը մենք ենք դեմ պատերազմին, ամենաքիչը մենք ենք ուզում, որ հանկարծ չլինի պատերազմ»։

Ըստ Արթուր Վանեցյանի՝ մարդկանց պետք է բացատրել, որ իրենք մոլորվել են, չեն հասկանում՝ ինչ է կատարվում։ Ես ասում եմ մարդանց՝ դուք սխալվել եք, բոլորս էլ կարող ենք սխալվել, բայց կարևորը ժամանակին կանգ առնեք։ Նա նշեց, որ իրենց պայքարի շրջանակներում այնպես չի լինելու, որ գան մեծ հանրահավաք անեն, ելույթ ունենա, գնան, այլ 24 ժամ մնալու են այստեղ ու պատասխանեն բոլորի հարցերին, մտահոգություններին։

Հարցին՝ արդյոք ՀՀ-ն կարո՞ղ է վերապրել երեք տարվա ընթացքում երկրորդ հեղափոխությունը, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «Փառք Աստծո, որ այսօրվա ընդդիմությունը պետականամետ մարդիկ են, որոնք չեն հասկանում՝ ինչ է պետությունն ու իշխանությունը։ Այն, ինչ անելու ենք, չեմ ուզում կոչել հեղափոխություն։ Սա շարժում է նրա համար, որ ՀՀ-ն ու ԱՀ-ն ապրեն արժանապատիվ և կարողանան բոլոր ներկայիս մարտահրավերներին դիմակայել, երբ երկու կողմից մեզ թշնամիներ են շրջապատում, որը նրանք չեն թաքցնում»։ Իսկ թե որքան արմատական կարող են լինել իրենց քայլերը, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու։

Հարցին՝ ի՞նչը և ո՞վ կարող է ստիպել Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «Դուք, ես, յուրաքանչյուր այստեղ կանգնած մարդ։ Այն մարդը, որը մտածում է, որ պետք է ապրի ազատ, անկախ երկրում և պատրաստ է դրա համար պայքարել, նա էլ կստիպի։  ՀՀ քաղաքացին, հայը կարող է միայն իր գործողությամբ ստիպել այս իշխանություններին հեռանալ։ Մեկնարկը տրված է»։ Հարցին՝ իշխանությունները պատրա՞ստ են արդյոք զիջել, նա պատասխանեց․ «Դա կախված է յուրաքանչյուրիցս։ Եթե եղավ համատարած պահանջ, իրենք չեն կարող չզիջել»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ քաղաքացիներն ա՞յս խաղաղության օրակարգի համար էին Նիկոլ Փաշինյանին ձայն տվել, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «ՔՊ-ն վերջին խորհրդարանական ընտրություններին, երբ ներկայացրել է իր ծրագիրը,  որևէ բառ չի եղել, որ Արցախը ինչ-որ ձևով պիտի լինի Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ այս իշխանություններն  ի սկզբանե խաբել են իրենց ընտրողին»։

Հստակեցմանը՝ ո՞ւմ մեղքով ենք այս իրավիճակում հայտնվել, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «ՀՀ-ում կա մեկ պաշտոն և այդ պաշտոնը կոչվում է Նիկոլ Փաշինյան։ Եթե լինեին այլ պաշտոններ, լինեին մարդիկ, որոնք պրոֆեսիոնալներ էին և զբաղեցնեին իրենց տեղը, մենք կունենային այլ իրավիճակ։ Ամբողջի մեղավորը, պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որը պետք է գնա, գնա հանուն հայ ազգի փրկության։ Պետք է տղամարդկություն գտնի իր մեջ ու գնա, խոստովանի,որ ձախողել է ու գնա հանուն փրկության»։

Արթուր Վանեցյանը հավաստիացրեց, որ իրենց պայքարը վերկուսակցական է ու տեղեկացրեց, որ երեկվանից իրեն այցելել են արտախորհրդարանական տարբեր ուժերի ներկայացուցիչներ․ «Այստեղ են եղել Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Սարգսյան, Տիգրան Արզաքանցյանը։ Եթե մեկին մոռացել եմ, ներողություն։ Շատերն են եղել։ Սա վերկուսակցական պայքար է, դա պայքար չէ կուսակցական դրոշների ներքո։ Սա շարժում է, որը սկսել է հայ մարդը, հայ քաղաքացին, և հենց դրանով էլ շարժումը հաջողելու է։ Չեմ գնալու այստեղից մինչև չհասնենք մեր նպատակին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930