«Համարեք՝ մանդատները վայր ենք դրել»,-Ազատության hրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք չե՞ն պատրաստվում մանդատները վայր դնել։ Նա նշեց․«Այստեղ ենք, փողոցում ենք, խորհրդարանում չենք, ժողովրդի հետ ենք, կանգնած ենք գետնին, շփվում ենք ամեն օր ժողովրդի հետ։ Անձամբ իմ մասով ասեմ՝ ես այլևս խորհրդարանում չեմ կարծում՝ ինչ պիտի անեմ։
Ի՞նչ քննարկեմ մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որտեղ ասում են, որ հայը կարող է ապրել Ադրբեջանի ենթակայության տակ։ Ես այդտեղ չգիտեմ՝ այլևս ինչով պիտի զբաղվեմ։ Այնպես որ, մանդատը դնելը, կամ չդնելը տեխնիկական հարց է»։ Արթուր Վանեցյանի պատկերացմամբ՝ իշխանափոխությունը փողոցի ճնշման տակ իրականացվելու է խորհրդարանում․«Խորհրդարանում այդ մանդատները մեզ պետք են գալու այդ գործն ավարտին հասցնելու համար»։
Արթուր Վանեցյանը պնդեց՝ այս պայքարը հանուն իշխանության չէ, այլ հանուն հայի լինել-չլինելու, հանուն Արցախի ու Հայաստանի է։
Լրագրողների դիտարկմանը՝ շքեղ տուն ունեք, մեքենա, ի՞նչ եք անում այստեղ և ի՞նչ սպասելիքներ ունեք, Արթուր Վանեցյանը պատասխանեց․ «Ես չեմ ասում, որ ունեմ շքեղ տուն ու մեքենա, ունեմ մի կյանք, որի կանոններով ապրում եմ։ Գալ, այստեղ գիշերել, իհարկե, շատ բարդ է, բայց պետք է մի բան հասկանանք, որ իրականում ՀՀ-ի, առհասարակ հայ ազգի և Արցախի Հանրապետության լինել-չլինելու հարցն է»։ Խոսելով սպասումների մասին՝ Արթուր Վանեցյանն ասաց․ «Եղավ անսպասելին։ Չէի պատկերացնում, որ այսքան շատ մարդ կգա՝ հոսքը շատ մեծ է և բոլորի ակնկալիքը մեկն է՝ վերջ տալ այս քաոսին։Մարդիկ իրապես հասկանում են, թե ինչ վտանգ է իրենց սպառնում, և չէի սպասում, որ այսքան մեծ հոսք է լինելու, որ խոսեն, զրուցեն, փորձեն հասկանալ՝ ինչ է լինելու։ Բոլորը պատրաստ են պայքարի։ Ասում են՝ խոստացեք, որ այս անգամ գնալու եք մինչև վերջ, չեք գնալու մինչև չազատվենք այս չարիքի իշխանությունից»։
Կարդացեք նաև
Արթուր Վանեցյանը վստահեցրեց՝ չի ստանձնել ընդդիմության դեմքը լինելու պարտավորությունը, այլ որպես ՀՀ քաղաքացի է եկել։ Այնուհետև տեղեկացրեց, որ գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, խորհրդարանական ընդդիմության իր գործընկերները եղել են իր կողքին․«Հավաստիացնում եմ՝ բոլորի նպատակը մեկն է։ Որոշել ենք պայքարն իրականացնել ապակենտրոն, ցանցային ճանապարհով։ Ունենք հստակ գործողությունների ցանկ, ամենօրյա ռեժիմով ականատես կլինեք բողոքի ակցիաների ընթացքին։ Այս անգամ իրապես կարճ ժամանակահատվածում լրջագույն փոփոխություն ենք ունենալու և հասնելու վերջնական նպատակին՝ ուժեղ Հայաստան, ուժեղ Արցախ, ինքնիշխան պետություն, տարածքային ամբողջականությունը պահպանած պետություն և լավ ապրող քաղաքացի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ