Լրահոս
Օրվա լրահոսը

Մի բողոք-նամակի պատմություն․ փոխքաղաքապետը՝ Նազելի Բաղդասարյանի հարսի հրաժարականի մասին

Ապրիլ 18,2022 20:33

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանը, և նրա կինը՝ Անի Քոչարյանը, որը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ-ն էր, հրաժարական են ներկայացրել, հեռացել քաղաքի կառավարումից։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն, պատճառը եղել է մի բողոք-նամակ, որն ուղղվել է միջազգային կառույցի՝ նրա ներկայացուցիչներից մեկի դեմ։ Այն գրվել է Անի Քոչարյանի անունից, սակայն նախաձեռնողը եղել է փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը։

Նամակը հղվել է որպես քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշում, սակայն դրանից տեղյակ չի եղել Վարդգես Սամսոնյանը։ Սա, ըստ տեղեկությունների, պատճառ է դարձել, որ Անի Քոչարյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացնի։

Aravot.am-ը փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրական այս տեղեկությունները, թե Անի Քոչարյանի աշխատանքից ազատման պատճառ դարձել է հենց այդ բողոք-նամակը։

Դավիթ Առուշանյանը պարզաբանեց, որ տվյալ միջազգային կառույցի ներկայացուցիչը ոչ հարգալից վերաբերմունք է ցուցաբերել պետական ինստիտուտի՝ Գյումրու համայնքապետարանի ու փոխհամայնքապետի նկատմամբ։

«Այստեղ իմ անձի խնդիրը չէ, քաղաքապետարանը, քաղաքապետը, փոխքաղաքապետերը ինստիտուտ են, անձ չեն, անձերը փոփոխական են, ինստիտուտը՝ հավերժ»,-ասում է Դավիթ Առուշանյանը։

Նրա պատմելով, միջազգային կառույցից հյուրեր են եկել Գյումրի, իրենք այս թեմայի մասին բարձրաձայնել են, միջազգային կառույցի ներկայացուցիչներն էլ, խիստ անհանգստացած, խորհուրդ են տվել գրավոր հղել ասելիքը, անգամ փոխանցել են ղեկավարի տվյալները, որին պիտի ուղարկվեր նամակը։

Դավիթ Առուշանյանը հանձնարարական է տվել Անի Քոչարյանին՝ ուղարկելու նամակը։

Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք դա ներկայացվել է որպես քաղաքապետարանի դիրքորոշում՝՝առանց քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի իմացության, և արդյոք ոչ օրինական բլանկով է հղվել, Դավիթ Առուշանյանն ասաց, որ Վարդգես Սամսոնյանը քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպից տեղյակ էր, իսկ բլանկն արտաքին կապերի բաժնին էր պատկանում, որը մշտապես եղել է։

«Բլանկի անօրինականը ո՞րն է, այնպես չէ, որ Վենետիկի հանձնաժողովը պիտի բոլոր բլանկները հաստատեր, մերն էլ չհաստատեց։ Ասեմ, որ մենք քաղաքապետից գաղտնիքներ էլ չունենք, մեկս մյուսիցս գաղտնիք չենք պահում։ Որևիցե պետական պաշտոնյա ինչպե՞ս կարող է այլ դիրքորոշում ունենալ, երբ անարգում են պետական ինստիտուտը»։

Փոխքաղաքապետը չի հերքում, որ Անի Քոչարյանի աշխատանքից ազատման դիմում ներկայացնելը ինչ-որ չափով կապ ունի այս նամակի հետ։

Դավիթ Առուշանյանի խոսքով՝ Անի Քոչարյանը շատ պատվախնդիր է պահել իրեն։

Փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը նաև հերքում է իրեն հասցեագրված քննադատությունը, թե ինքը միջազգային կառույցի տվյալ ներկայացուցչին դիտում է որպես մրցակցի տուրիզմի ոլորտում այն պատճառով, որ իր ընտանիքն էլ տուրիստական գործակալություն ունի։ Դավիթ Առուշանյանը պարզաբանեց, որ պաշտոնի անցնելուց հետո այլևս չի զբաղվում ընտանեկան բիզնեսով, այլևս «Անի տուր»-ի գործադիր տնօրենը չէ։

«Ես այժմ պետական պաշտոնյա եմ, որի միակ շահը Գյումրին է և քաղաքի զարգացումը՝ բոլոր ճյուղերով, այդ թվում զբոսաշրջության»,-ասում է փոխքաղաքապետը։

Դավիթ Առուշանյանը, պնդում է, որ «Անի տուր»-ը 26 տարվա պատմություն ունի, կայացած ընկերություն է, Գյումրիում գրասենյակ չունի, և Արևմտյան Հայաստան ճանապարհորդություններ կազմակերպող ընկերությունը չէր կարող մրցակից լինել այլ ուղղություններով ճանապարհորդություններ կազմակերպող ընկերությունների հետ։

Փոխքաղաքապետը նշում է, որ իր դեմ ծավալված արշավը կապված է իր ակտիվ գործունեությամբ՝ քաղաքի տարբեր ոլորտներում։

«Վստահ եմ գյումրեցին իր գնահատականը կտա այս ամենին»,- ասում է Դավիթ Առուշանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930