ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն այսօր Ազատության հրապարակում էր՝ աջակցելու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին:
Նա ասաց, որ Վանեցյանի ընկերն է, եկել է նրան բարեւելու, նաեւ որպես քաղաքացի իր պարտքը կատարելու: Նրա խոսքով՝ այսօր եթե գտնենք մեկին, որին չի մտահոգում երկրում տիրող իրավիճակը, ուրեմն այդ մարդուց լավ է հեռու մնանք. «Իրավիճակը մեղմ ասած լավը չի: Մարդկային լեքսիկոնում երեւի թե չկան այդպիսի բառեր ու բառակապակցություններ, որոնք ավելի ճշգրիտ կբնորոշեն այն, ինչ մենք ունենք»:
Հարցին՝ իշխանության մեջ էիք, չէի՞ք կանխատեսում, որ իրավիճակը կհասնի սրան՝ Անանյանը պատասխանեց. «Ես մի օղակում եմ եղել, որը զբաղված է եղել երկրի տնտեսությամբ ու իմ մասնագիտական կարողությունները ներդրել եմ տնտեսական իրավիճակի հետ կապված որեւէ արժեք ստեղծելով: Քաղաքական որեւէ բանի ես չեմ խառնվել ու ժամանակ էլ չեմ ունեցել վերլուծելու: 2020-ի հունիսի սկզբից չեմ հանդիսանում այս կառավարության մասնիկը, մինչ այդ իհարկե ունեցել եմ իշխանության հետ իմ հարաբերություններն ու իմ պատասխանատվությունը որոշակի»:
Լրագրողները հարցրեցին՝ ստեղծված իրավիճակից ի՞նչ ելք կա, օրինակ, որպես քաղաքացի, իշխանափոխություն պահանջո՞ւմ եք, որ Արցախը, Հայաստանը փրկվի՝ Դավիթ Անանյանը պատասխանեց. «Իշխանափոխությունը պետք է լիներ կամովի նոյեմբերի 10-ի առավոտյան: Սա է իմ դիրքորոշումը եղել: Այդ դիրքորոշումից ես չեմ հրաժարվում մինչեւ հիմա էլ»:
Կարդացեք նաև
Երբ փոխանցեցին որոշ պատգամավորների հաշվարկները, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ ինչ օգուտներ ենք ունենալու, Դավիթ Անանյանն ասաց, որ ռիսկերը չեն վերլուծել. «Ռիսկերը շատ են: Մեր մանկության տարիներին, եթե բակում խաղալիս վեճ ու կռիվ է ծագել, ապա պարտվածը կամ ծեծ կերածը անմիջապես չի ձգտել բարիշելու, որովհետեւ միշտ բարիշելու պայմաները եղել են ի վնաս ծեծվածի: Եթե ուզում եք խաղաղության դարաշրջան, բոլորն էլ բնականաբար պետք է ձգտել դրան, որովհետեւ հարեւանների հետ պետք է խաղաղ ապրել, բայց պատեհ ժամանակ է պետք դրա համար: Կարծում եմ, պատեհ պահ չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ