«Տնտեսական քաղաքականություն իրականացնողներից պետք է հարցնել, թե երկրի տնտեսական ապագան ինչպես են տեսնում: Եթե տեսնում են, որ մենք պետք է կառուցենք արտադրող ու արտահանող երկիր, համենայնդեպս, այդ դոկտրինն է հիմա դրված տնտեսական քաղաքական հիմքում, ապա սահմանների բացումը կսպանի մեր տնտեսությունը, արդյունաբերողներին ու արտադրողներին: Եթե իրենք տնտեսության ապագան տեսնում են զուտ առեւտրային ապրանքաշրջանառության հետ կապված երկրի տնտեսության վրա որոշակի ազդեցությամբ, հա, կարելի է սահմանները բացել, բայց այդ ժամանակ պետք է մոռանալ ազգային արդյունաբերություն ունենալու մասին»,- այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Նա ասաց, որ աշխարհագրական առումով այնպիսի դիրքում ենք, որ մեզ մոտ ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքը ավելի թանկ է, քան թուրքական միջինից բարձր որակ ունեցող ապրանքների ինքնարժեքը, հետեւաբար, այդ ապրանքները կսփռվեն Հայաստանով մեկ ու մեր երկիրը կդառնա ընդամենը թուրքական ապրանքների մի շուկա: Այդ դեպքում կախվածության մեջ կլինենք թուրքական ապրանքներից ու որոշակի ապրանքների վրա դնելով սահմանափակումներ, մաքսատուրքեր ավելացելով՝ մենք կդառնանք մի տարածք, որտեղ թուրքական ապրանքների շրջանառությունը վերահսկողը Թուրքիան է լինելու:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե Խաչատուր Սուքիասյանը դարձել է հայ-թուրքական սահմանի բացման քարոզիչներից մեկը ու խաղաղությունից է խոսում, ըստ ձեզ, ի՞նչ տնտեսական օգուտներ նա ունի, որ այդպես շահագրգռված է՝ Դավիթ Անանյանը պատասխանեց. «Խաչատուր Սուքիասյանը երկրում տասնամյակներ բավականին հաջող բիզնես գործունեությամբ է զբաղվում, բայց առանձին անձի տնտեսական գործունեության հաջողություններով պայմանավորած՝ անձը պետք է ձեռնպահ մնա մակրոտնտեսական դատողություններ, երկրի ապագայի հետ կապված խիստ մասնագիտական դատողություններ անելուց: Նա տնտեսագիտություն որոշակի հասկանում է, դրա համար ինքը բիզնեսներում ունեցել է հաջողություն, բայց երկրի ապագայի հետ կապված ես ձեռնպահ կմնայի, որ ասեի՝ ինքը լավագույն էքսպերտն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ