ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված ժամկետային զինծառայողների եւ պահեստազորայինների հարազատներն ու ծնողներն այսօր հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին դատախազություն։
Հաղորդման առիթը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ին խորհրդարանում արած հայտարարությունն է։ Զոհված եւ անհետ կորած զինծառայողները Ցորի զորամասում էին ծառայում, հարազատներն ասացին, որ որդիները զոհվել են 2020 հոկտեմբերի 12-ին, Ջուվաղլու կոչվող տեղանքում՝ հակառակորդի հարձակման հետեւանքով։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում այնպիսի ձեւակերպումներ են հնչել, որոնք հիմք են տալիս հաստատված համարելու, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները սկսվել եւ իրականացվել են ՀՀ վարչապետի դրդչությամբ, ինչպես նաեւ նրա պաշտոնական լիազորությունները չարաշահելու արդյունքում»,-լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել է՝ «․․․ Այսօր ասում են՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը։ Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Բաներ կան, որոնք հիմա հրապարակային չեմ կարող ասել, որովհետեւ կվնասեմ ապագա բանակցություններին»։
Անահիտ Մանասյանն ընթերցեց հանցագործության մասին հաղորդումը․«Նշված հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը նախապես պատկերացնելով, կանխատեսելով պատերազմի հետեւանքները, մարդկային կորուստները, դիտավորությամբ չի կանխել պատերազմը։ Ավելին, իր անգործությամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելով, իր պարտականությունները չկատարելով՝ դրդել է Ադրբեջանի հանրապետությանը Արցախի հանրապետության դեմ սանձազերծել լայնածավալ գործողություններ, որի հետեւանքով ՀՀ եւ ԱՀ 3800-ից ավելի զինծառայողներ, քաղաքացիական անձինք զոհվել են, անհայտ կորել են 100-ից ավելի անձինք, գերեվարվել են 500-ից ավելի զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք, հրազենային վիրավորումների հետեւանքով հաշմանդամ են դարձել 11 հազար զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք, տեղի է ունեցել տարածքային կորուստներ։ Նիկոլ Փաշինյանի գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմ»։
Հաղորդումը ներկայացվեց զոհված 21 զինծառայողների ծնողների եւ հարազատների ստորագրությամբ, նրանք, ըստ էության, միջնորդեցին դատախազությանը փաստի առթիվ հարուցել քրեական գործ եւ իրականացնել նախաքննություն։ Հայտարարվեց, որ դիմումին կարող են միանալ այլ ծնողներ եւ հարազատներ։
Զոհված զինծառայողներից մեկի հարազատը՝ Եղիշե Զաքունցն ասաց, որ համոզված են՝ Փաշինյանի մեղավորությունը կար, քանի որ անձամբ է ասել՝ կարող էինք կանխել:
«Նիկոլ Փաշինյանի ելույթն արդեն իսկ ինքնախոստովանություն էր հանցագործության մասին, որին ընթացք չտալով մենք սխալ կվարվեինք մեր երեխաների հանդեպ»,-ասացին հարազատները։
Հիշեցնենք, որ Ցորի զորամասի զինծառայողների ծնողների դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել, ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել:
Այսօր հարազատներն ասացին՝ նախաքննություն է ընթանում Ջալալ Հարությունյանի, Գենա Բաղդասարյանի եւ մյուս մեղավորների նկատմամբ։
Թե ինչ ընթացք կունենա այսօր ներկայացված հաղորդումը՝ հաշվի առնելով, որ այն Նիկոլ Փաշինյանի դեմ է, հարազատներն ասացին՝ մինչեւ վերջ գնալու են։
Եթե գործը փորձեն կոծկել՝ հարազատները պատրաստ են զանգվածային գործադուլ կազմակերպել։ «Ես պատրաստ եմ ծնողների հետ գնալ ամենուր ու բոլորին խնդրել գործադուլ սկսել, օրինակ՝ փաստաբանների պալատ, հաշվապահների ասոցիացիա, հեռահաղորդակցություն, բանկեր։ Եթե մեկ շաբաթ գործադուլ լինի՝ ոչինչ չաշխատի, տեսնեմ ինչպես ընթացք չեն տա։ Եթե անաչառ չլինեն, դիմումն անտեսեն՝ մենք տանը չենք նստելու»,-ասաց Մանասյանը։
«Ես հավատ չունեմ իշխանության նկատմամբ, որ արդարացի լուծում կլինի օրինակ ԱԺ-ում ստեղծված Քննիչ հանձնաժողովում, կսառեցնեն, ոնց որ հիմա են սառեցրել ծնողներին, վախեցնելով մարդկանց տներն են նստացրել»,-ասաց Եղիշե Զաքունցը։
Մանասյանն էլ հավելեց՝ եթե որեւէ բան կփորձեն կոծկել, կամ Գեւորգ Գեւորգյանին արդարացնեն, կանգ չեն առնելու, բոլոր հնարավոր միջոցներին դիմելու են, նաեւ՝ միջազգային դատարան։ Նրանք նաեւ վստահեցրին, որ չնայած չեն վստահում այս իշխանությանը, սակայն դատախազության հետ խնդիր չեն ունեցել։
«Այս պարագայում հասկանում ենք, որ նման խոշոր անձանց նկատմամբ քայլեր ձեռնարկելու համար պետք է բավականին ծանրակշիռ հանցակազմ, որը այդքան էլ հեշտ չէ, բազմաթիվ փաստերով աջակցել ենք այս գործընթացին։ Մենք կսպասենք, բոլորս արդարության կողմնակիցն ենք, այստեղ չի կարող մեկը պատժվի, մյուսները մնան ազատության մեջ, մեկը մյուսների արարքների պատասխանատվությունը կրի։ Բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց Անահիտ Մանասյանը։
Ռուբեն Պողոսյանի մայրը՝ Անուշ Մելիքյանն էլ միացել է դիմումին, նա վստահ է՝ որդին դավաճանության զոհ է դարձել․«Ամսի 10-ին տղայիս հետ խոսում էի, ասում էր՝ մամ, դավաճաններով լցված են։ Ասում էի՝ ո՞նց կարա դավաճան լինի։ Մեր երեխեքն արժանի չէին նման բանի, իմ տղան, Ցորի տղաները բոլոր հայրենասեր էին։ Ես ամաչում եմ, որ այսօր այսպիսի հայրենիքում ենք ապրում, իմ երեխան դավաճանության զոհ դարձավ։ Հավատում էի, որ իմ հայրենիքը կարող էր այնպիսին լիներ, որ իմ երեխան վերադառնար ինձ մոտ։ Միայնակ մայր եմ, 1 տարի ու 6 ամիս սպասել եմ երեխայիս վերադարձին։ Այսօր չկա։ Ես Եռաբլուր եմ գնում ու ասում եմ՝ ապրում եմ իմ վրեժի համար։ Գնում եմ պատարագի, որ Տեր հայրն օգնի, որ ես կարողանամ ապրել։ Իսկ ո՞վ է կանգնում իմ կողքին ու ասում՝ օգնության կարիք ունե՞ս։ Ուզում եմ բոլորի երեխաներն անփորձանք ծառայեն ու վերադառնան։ Ասում եմ՝ մեր երեխաները դավաճանության զոհ են եղել, թող բոլորը պատասխան տան, հինգ հրամանատարից սկսած, վերջացրած՝ երկրի ղեկավարից»։
Ծնողների դիմումը դատախազություն փոխանցվեց, ապա մի քանիսը հանդիպեցին
գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի հետ, որը, ինչպես Անահիտ Մանասյանն ասաց, խոստացել է վաղը տեղեկացնել՝ գործի ընթացքի մասին․«Նա ասաց, ոչ մի հայտարարություն աչքաթող չի արվում։ Հարցրեցինք՝եթե չլիներ մեր նախաձեռնությունն, արդյոք ընթացք էին տալու Փաշինյանի հայտարարությունը, նա ասաց, որ որոշ մանրամասներ չի կարող հայտնել, ասաց կա որոշակի գաղտնիություն, ասաց, որ կաշկանդված չեն որեւէ բանով, պատշաճ կարձագանքեն»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ