Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Էդուարդ Աղաջանյանը կարծես Փաշինյանի բացատրական բառարանը լինի»․ Կարեն Քոչարյան

Ապրիլ 18,2022 19:07

«Պարզապես նստելու մեթոդը չեմ գնահատում։ Եթե պետք է ցանցային լինի, ապա նորմալ կլինի։ Իսկ հաջողություն ունենալը կախված է լիդերներից եւ մեթոդներից։ Նախնական մեկնարկը շատ լավ եմ գնահատում։ Եթե ցանցային պայքար սկսվի, մյուս շարժումներից կտարբերվի։ Դա տեխնոլոգիա է, ոչ թե կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ոճը»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները, նրանց համակիրներն ու մի շարք այլ հասարակական-քաղաքական գործիչներ ապրիլի 17-ից նստացույց են անում Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, Արցախն ու ՀՀ-ն զիջումների չտանելու պահանջներով։

Անդրադառնալով Նիկոլ փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը ՀՀ-ից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հետ կապված նշաձողը՝ Կարեն Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ այդպես Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում հանրությանը, վախեցնում պատերազմով․ «Թող ասեն, թե այդ միջազգային հանրությունից ով է ճնշում գործադրում»։

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաեւ News.am-ին տված հարցազրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի խոսքը, թե Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը։ Կարեն Քոչարյանն ասաց՝ տպավորություն է, որ ապուշությունների շարան է․ «Ի՞նչը մեկնաբանեմ։ Ձեզ էլ խորհուրդ եմ տալիս ապուշությունները չտարածել»։

Ինչ վերաբերում է ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի պարզաբանմանը, թե նշաձողի մասին խոսելով Փաշինյանը նկատի ուներ, որ Արցախի հայաթափում ենթադրող որեւէ տարբերակ իրենց համար չի կարող ընդունելի լինել, Կարեն Քոչարյանը նկատեց․ «Էդուարդ Աղաջանյանը կարծես Փաշինյանի բացատրական բառարանը լինի։ Հենց Փաշինյանն ասում է, որ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, նա ասում է, թե սխալ եք հասկացել, նույնն էլ հիմա։ Այդ դեպքում ո՞րն է ճիշտը, բոլորս անհասկացո՞ղ ենք․․․Հենց իրենց արածն է հանգեցնելու եւ արդեն հանգեցնում է Արցախի հայաթափմանը։ Որ գնային Արցախ, կիմանային»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930