Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ավանի Կաթողիկե եկեղեցին հանրահռչակվել և մաքրվել է

Ապրիլ 18,2022 18:01

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվա միջոցառումների շարքում հանրահռչակել և մաքրել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Կաթողիկե եկեղեցին:

Ապրիլի 18-ը նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որի նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը պատմամշակութային ժառանգության մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել հուշարձանների պահպանության և հանրահռչակման համար։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու իր ենթակայությամբ համապատասխան ստորաբաժանումները յուրաքանչյուր տարվա ապրիլի 18-ին պատմության և մշակույթի մի շարք հուշարձանների տարածքներում իրականացնում են տարբեր միջոցառումներ, որոնք միտված են հուշարձանների մասին իրազեկվածության բարձրացմանը, դրանց հանրահռչակմանը և պահպանությանը։ Այս տարի այս միջոցառման թիրախում էր շատերին քիչ հայտնի, բայց մեր պատմության համար կարևորագույն քաղաքական, հոգևոր և ճարտարապետական գոհարներից մեկը՝ Երևան քաղաքի Ավան վարչական տարածքում գտնվող Կաթողիկե եկեղեցին, որի պահպանմանը, հանրահռչակմանը միտված և մաքրման աշխատանքները նախաձեռնել էր «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության աշխատակիցների աջակցությամբ և մասնակցությամբ։

Ավանի Կաթողիկե եկեղեցու մաքրման աշխատանքներին մասնակցել են Երևանի թիվ 39 դպրոցի աշակերտները և ուսուցիչները, նաև քաղաքացիներ ու տարբեր տարիքի երեխաներ։ Մինչ մաքրման աշխատանքների մեկնարկը ՊՄՀՊ վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանն աշակերտներին ներկայացրել է Ավանի տաճարի պատմությունը, ճարտարապետությունը և բացառիկ հոգևոր ու քաղաքական դերն ու նշանակությունը վաղ միջնադարում:

Հիշեցնենք, որ Ավանի Կաթողիկե եկեղեցին (հիշատակվում է նաև Ծիրանավոր կամ Սբ. Հովհաննես) թվագրվում է 6-րդ դարով։ Ըստ VII դ. պատմիչ Սեբեոսի՝ Ավանում 591 թ. կաթողիկոս Հովհան Բագարանցին կառուցել է կաթողիկոսարանը: 611 թ․ նա թաղվել է Կաթողիկեի հարավային կողմում: Կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն է, ներսից` խաչաձև գմբեթավոր (գմբեթը չի պահպանվել), քառախորան, չորս անկյուններում շրջանաձև հատակագծով, գմբեթածածկ ավանդատներով, որոնք աղոթասրահի հետ հաղորդակցվում են շրջանի երեք քառորդ հատվածքի խորշերով: Կառուցվել է տեղական տուֆի սրբատաշ քարերով։ Կաթողիկեին հյուսիսային կողմին կից է կաթողիկոսի պալատը, որը եկեղեցու հետ հաղորդակցվում է հյուսիսային մուտքով: Եկեղեցին փլուզվել է 1679 թ․ երկրաշարժից։ 1968 թ. բարեկարգվել է տարածքը: 1978 թ. պեղվել է կաթողիկոսարանի պալատական շենքը, նորոգվել Կաթողիկեի հարավային ճակատը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930