«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը 1994թ․-ից ի վեր ԵԱՀԿ ՄԽ շրջանակում վարվող բանակցություններում միշտ եղել է բանակցային սեղանի ամենակարեւոր սկզբունքներից։ Թող ասի այդ միջազգային հանրությունից գեթ մեկ անուն, որը նման բան է պահանջել։ Համանախագահների մակարդակով որեւէ նման ուղերձ եւ ազդակ չի եղել մինչեւ այս պահը»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հետ կապված ՀՀ-ի նշաձողը՝ ասաց «Հայրենիք» կուսակցության քարտուղար, քաղաքագետ Խաչիկ Գալստյանը։
Նա նշեց․ «Խնդիրը ներսում է․ ՀՀ-ն ներկայացնող մարդիկ հավատ չունեն Արցախի հարցի հանդեպ։ Մենք այստեղ ենք, որ ժողովրդի հետ միասին ասենք, որ ունենք այդ հավատը, այն սարեր է շուռ տալիս, եթե ժողովուրդը միասնական է»։
Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները, նրանց համակիրներն ու մի շարք այլ հասարակական-քաղաքական գործիչներ ապրիլի 17-ից նստացույց են անում Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, Արցախն ու ՀՀ-ն զիջումների չտանելու պահանջներով։
Կարդացեք նաև
Անդրադառնալով քննադատություններին, թե ընդդիմությունն Արցախի եւ ՀՀ-ի փրկության հստակ ճանապարհային քարտեզ, քաղաքական օրակարգ չի ներկայացնում, Խաչիկ Գալստյանը շեշտեց․ «Առնվազն կարող եմ երաշխավորել, որ գառի հնազանդությամբ Փաշինյանի ընդունած թեզերը մեր համար անընդունելի են։ Հինգ կետերը, որոնք Ադրբեջանը սկուտեղի վրա ներկայացրել է, որոնք ընդունել են մեր իշխանությունները, մեր համար անընդունելի են»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ