Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Միգուցե Ազատության հրապարակը ավելի արդյունավետ աշխատասենյակ դառնա պարոն Վանեցյանի համար, քան ԱԺ-ի իր աշխատասենյակն է». Վաղարշակ Հակոբյան

Ապրիլ 18,2022 17:33

«Ինչքանով որ հասցրեցի հետեւել պարոն Վանեցյանի գործողություններին, նկատեցի, որ նա հեծանիվ էր վարում այնտեղ: Գնահատականը ժամանակի ընթացքում պետք է տանք, տեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան: Պարոն Վանեցյանի՝ հեծանիվ վարելու գործողությունները Ազատության հրապարակում եւս պետք է գնահատի ժողովուրդը»,- ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում մեկնարկած նստացույցին ու բողոքի ցույցին:

Լրագրողները հիշեցրին, որ այդ բողոքի ցույցերը նպատակ ունեն կանխել Արցախը հանձնելու իշխանությունների քայլերը, բացի այդ, Նիկոլ Փաշինյանն էլ էր հեծանիվ վարում՝ Հակոբյանն արձագանքեց. «Նախ, ձեր ձեւակերպումները հեռու են իրականությունից: Իշխանություններն անում են ամեն ինչ, որ Արցախի հարցում առկա շատ բարդ գործընթացը հանգուցալուծվի՝ ի նպաստ Արցախի եւ Հայաստանի ժողովրդի: Դուք իրավացիորեն ճիշտ նկատեցիք՝ պարոն Վանեցյանը միգուցե ուզում է կրկնօրինակել այն, ինչ տեղի է ունեցել 2018-ին: Դա առնվազն լուրջ չի, բայց նա քաղաքականությամբ է զբաղվում եւ դա նրա ընտրությունն է: Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր մտածում են Հայաստանի ու Արցախի մասին, նրանք Ազատության հրապարակում անելիք չունեն: Նրանք անելիքը սկսվում եւ ավարտվում է կառավարող ուժի հետ միասին մտածելով, թե է՞լ ինչ պետք է անենք մենք, որ ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի՝ ի նպաստ ՀՀ-ի ու Արցախի»:

Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իր աշխատասենյակը Ազատության հրապարակն է, Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Պարոն Վանեցյանը այս մեկ տարվա ընթացքում մեղմ ասած չի փայլել իր խորհրդարանական ակտիվությամբ, առնվազն ես չեմ հիշում ինչ-որ տպավորիչ ելույթներ կամ օրենսդրական նախաձեռնություններ, միգուցե նա իր քաղաքական գործունեությունը պատկերացնում է հենց այս քայլերի հաջորդականությամբ: Չեմ ուզում ոչ դատապարտենք իրեն, ոչ էլ: Մենք այսօր ապրում ենք ժողովրդավարական երկրում ու պարոն Վանեցյանն ո նրա տեսակետը կիսող մարդիկ կարող են քաղաքական ակցիաների միջոցով արտահայտել իրենց կամքն ու պատկերացումները: Բայց ուզում եմ հիշեցնել՝ միգուցե Ազատության հրապարակը ավելի արդյունավետ աշխատասենյակ դառնա պարոն Վանեցյանի համար, քան ԱԺ-ի իր աշխատասենյակն է։ Ես առնվազն չեմ հիշում, որ պարոն Վանեցյանը խորհրդարանական ակտիվությամբ փայլի»:

Հարցրեցինք՝ պարոն Վանեցյանն ասում է՝ ով չի ուզում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում՝ թող գա Ազատության հրապարակ, ու հիմա, եթե դուք չեք գնում՝ ստացվում է, որ ուզում եք՝ Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց, որ դա անտրամաբանական է. «Միլիոնավոր մարդիկ են ՀՀ-ում ապրում, ովքեր պակաս չեն ցավում Արցախի համար եւ նման ձեւակերպումը ես տեղին չեմ համարում»:

Թե ինչու իշխանությունները որեւէ կերպ չեն հայտարարում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս, օրինակ` դուք դա կարո՞ղ եք հայտարարել՝ նա պատասխանեց, որ իրենք արել եւ անում են ամեն ինչ, որ հարցի հանգուցալուծումը լինի Արցախի ու Հայաստանի շահերին համապատասխան. «Բառախաղով, դրոշներն ամբիոնին փակցնելով՝ մենք Արցախի հարցը չենք կարող լուծել: Կարող ենք հարցը լուծել դիվանագիտությամբ, քաղաքական որոշումներով: 20-30 տարի մենք Արցախի հարցում զբաղվել ենք բառախաղով, կենացներով, պոպուլիզմով եւ դրա վերջը տեսել ենք ինչ է: Խնդրում եմ բոլորին՝ եկեք դուրս գանք այդ իրավիճակից ու ռեալ հասկանանք ինչ ենք անում, ոչ թե կենացներ խմենք, դրոշներ փակցնենք, անտեղի գոռգոռանք ու ոչինչ չանենք դրա հետ կապված»:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930