ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում կայացած ճեպազրույցում հանրությանը տեղեկացրեց, որ իրենք՝ քաղաքացիական նախաձեռնությամբ մի խումբ մտավորականներ, հրապարակային, հասարակական, քաղաքական գործիչներ նախաձեռնել են անժամկետ եւ անդադար գործողությունների շարք, որի մեկնարկը տրվելու է «Ազատության» հրապարակում ապրիլի 12-ին ժամը 12:00-ին եւ որ գործողությունները կդադարեն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի իշխանությունից:
«Զուգադիպություն է, բայց սա իր մեջ նաեւ խորհուրդ է պարունակում: Երեկ Վեհափառ Հայրապետն էլ պատարագի իր քարոզում այդ մասին շատ գեղեցիկ ասաց, որ Սուրբ Հարության տոնի խորհուրդն այն է, որ մեռելները հարություն են առնում: Եվ մեռածին պետք չի պատկերացնել միայն ֆիզիկական մահվան իմաստով: Կարող են մեռնել մարդկանց հոգիները, գիտակցությունը, մարդկանց ապրելու ձգտումը: Հասարակությունը լայն առումով 2018 թվականից հետո սպանվել է: Սպանվել է քաղաքացիական գիտակցությունը, մտածողությունը, պայքարի ձգտումը: Եվ հիմա մենք ապրում ենք Հարության, վերելքի շրջանը եւ Աստվածային խորհրդով այս վերելքը զարթոնք է ապրելու, կյանք է ունենալու եւ այդ կյանքը լինելու է հավիտենական: Սա է մեր արշավի, շարժման խորհուրդը, որը մեկնարկելու է ապրիլի 19-ից:
Այն, ինչ նախաձեռնել է պարոն Արթուր Վանեցյանը, միայն խրախուսանքի է արժանի: Ես ունեմ մի այսպիսի ձեւակերպում «Հայրենիք» կուսակցությունը Հայրենիքի գողին Հայրենիքից վռնդելու ակցիա է նախաձեռնել: Նիկոլ Փաշինյանը իմ հայրենիքը ինձնից գողացել է: Իհարկե, քրօր-ում չկա նման հանցանքի տեսակ, որով կոնկրետ մեղադրանք առաջադրվի, բայց իմ մտքում ինքը գողացել է ինձնից իմ հայրենիքը, ինձնից գողացել է իմ արժանապատվությունը, իմ երազները, իմ երեխաների ապագան: Ինքը Հայրենիքի գող է: Իսկ հայրենիքի գողի համար պետք է մտածել արժանի պատժի տեսակ»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ