Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի քաղաքականությունն անմիջական սպառնալիք է Արցախի բնակչության նկատմամբ. ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ամփոփագիր

Ապրիլ 18,2022 17:17
hyd

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախաձեռնությամբ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ապրիլի 3-ին հանդիպել է Կալիֆորնիացի օրենսդիր Քրիս Հոլդենի հետ և քննարկել Արցախին, Սյունիքին, առհասարակ Հայաստանի անվտանգությանը, ինչպես նաև Կալիֆորնիայի հայ համայնքին առնչվող հարցեր։

ԱՄՆ Կոնգրեսականներ Քերոլին Մալոնին և Գուս Բիլիրակիսը ապրիլի սկզբին Կոնգրեսում ներկայացրել են Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծ՝ հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը ԱՄՆ Կոնգրեսի և նախագահի կողմից։

Հիմնվելով Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման զույգ բանաձևերի վրա՝ օրինագծի նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել Կոնգրեսի գրադարանին՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հանգամանքների և դրա ներկա դրսևորումների վերաբերյալ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Մասնավորապես, կրթական ծրագրերը պետք է անդրադառնան Օսմանյան Թուրքիայի կողմից դիտավորյալ ծրագրավորված և պետական հովանավորչությամբ իրականացված՝ հայերի, հույների, ասորիների,  սիրիացիների, քաղդեացիների, արամեացիների, մարիոնիտների և քրիստոնյա այլ փոքրամասնությունների զանգվածային սպանություններին, տեղահանություններին և մշակութային ժառանգության բնաջնջմանը 1915-1923թթ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ներկայումս ակտիվ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի հնարավոր լինի օրինագծի ընդունման համար հնարավորինս մեծ թվով կոնգրեսականների ներգրավել։

Հայ դատի Ամերիկայի արևմտյան ափի հանձնախմբից էլ ապրիլի 5-ին տեղեկացրել են, որ Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանի կրթական խորհուրդը Հայոց ցեղասպանության դասավանդմումը վերահաստատելու վերաբերյալ բանաձև է ընդունել։ 

Եվրոպա

Եվրախորհրդարանի պատգամավորներ՝ Լուկաս Ֆուրլասի և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ 43 եվրապատգամավորներ, ԵԽ գլխավոր քաղաքական խմբակցություններից, նամակ են հղել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ։

Եվրապատգամավորները ահազանգել են Արցախում Ադրբեջանի կողմից բնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ Նրանք ԵՄ գործադիր իշխանության ղեկավարներին կոչ են արել օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը, անհապաղ հետ քաշի իր զինված ուժերը ելման դիրքեր և դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակաչության անվտանգությունն ու բարեկեցությունը։

Նամակում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերջին շաբաթների ընթացքում Արցախում Ադրբեջանի սանձազերծած լարվածությանը, ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը Փառուխ, Խրամորթում ստեղծված դժվարին իրավիճակին, ինչպես նաև գազամատակարարման դադարեցման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ ԵԽ պատգամավորների նամակն ամփոփվել է հատմամբ, որ Եվրամիությունն իր հարևանությամբ չի կարող թույլ տալ էթնիկ զտում։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ապրիլի 15-ին հայտարարություն է տարածել, որով ամբողջական զորակցություն է հայտնել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ապրիլի 14-ի՝ Երևանի և Բաքվի միջև այսպես կոչված «խաղաղության գործընթացի» վերաբերյալ հայտարարությանը։ Գրասենյակը Եվրոպական Միության ղեկավարությանը կոչ է արել՝ միջնորդական գործունեության ընթացքում հաշվի առնել հայտարարության մեջ արծարծված դրույթները։

Հունաստան

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկներ է իրականացնելու Աթենք, Թեսաղոնիկե, Քսանթի և Կալամաթա քաղաքներում։ Այդ կապակցությամբ՝ ապրիլի 8-ին հանձնախումբը կոչով դիմել է հունահայ գաղութին՝ մեկ անգամ ևս կոչ անելով այս դժվարին ժամանակահատվածում համախմբվել՝ պահպանելու մեր ժողովրդի իրավահաջորդ սերունդների իրավունքները, Արցախի գոյությունը և հայության ապրելու երաշխիքները։

ՀՅԴ ­Հայ դա­տի Հունաստանի հանձ­նա­խմ­բի կազ­մա­կեր­պմամբ՝ ապ­րիլի 4-ին տե­ղի է ունեցել լրագ­րող և գիտնական Ա­լեք­սանդ­րոս ­Պի­ղա­տա­սի «Ազգ և ազ­գա­յին փոքրամասնություն­ներ. ­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ու­սում­նա­սի­րու­թյու­նը» գիր­քի ներկայացումը։

Ուսումնասիրության գլխա­վոր ներ­կա­յաց­նո­ղն էր  ­Հունաստանի Պան­տիո հա­մալ­սա­րա­նի քա­ղաքա­գի­տու­թյան դա­սա­խոս և պատգամավոր Դ­միտ­րիս ­Քե­րի­տիսը։ Վերջինս ընդգծել է, որ աշխատանքը կարևոր ուսումնասիրություն է ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև հույն և պոնտոսցի ժողովուրդների ցեղասպանությունների վերաբերյալ։ Քերիտիսը նաև շեշտել է թուրքական ազգայնականության դրսևորումները և Հայոց ցեղասպանության ծրագրման և իրագործման առանձնահատկությունները։ Նա իր խոսքում նաև հատուկ անդրադարձ է կատարել Հայկական սփյուռքի պայքարին՝ Հայոց ցեղասպանության արդար հատուցումը մոռացության չմատնելու համատեքստում։ 

Կիպրոս

Արցախի հայաթափմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության և դրա արդյունքում Արցախում ստեղծված անվտանգային ու հումանիտար մարտահրավերների վերաբերյալ միջազգային հանրությանն իրազեկելու նպատակով՝ ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբն ապրիլի առաջին կեսին հանդիպումներ է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի դեսպանատներում և Եվրոպական Միության ներկայացուցչությունում։ Հանդիպումների ընթացքում  նաև փոխանցվել են Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գրություններ։ 

Բելգիա

Ապրիլի 5-ին, Բրյուսելում Շարլ Միշելի միջնորդությամբ Ալիևի և Փաշինյանի հանդիպման նախօրեին, ՀՅԴ Հայ դատի Բելգիայի հանձնախումբը նամակով դիմել է Միշելին՝ ի թիվս այլնի ներկայացնելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականության իրական էությունը և ընդգծելով այն հանգամանքը, որ այդ քաղաքականությունը ոչ միայն չի արտացոլում խաղաղության հասնելու ցանկություն, այլ ընդհակառակը՝ անմիջական սպառնալիք է Արցախի հայ բնակչության նկատմամբ։

 Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայում Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի անդամները, Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկովյանի ուղեկցությամբ, ապրիլի առաջին տասնօրյակում, հագեցած օրակարգով այցելել են Հայաստան։ Ի թիվս այլնի բարեկամության խմբի անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր, մեկնել Սյունիք և տեղում ծանոթացել այնտեղ ստեղծված իրավիճակին, ապա այցելել Էջմիածին ու հանդիպում ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ 

Լիբանան

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ներկայացնող պատվիրակությունն ապրիլի 6-ին այցելել է Լիբանանում Մեքսիկայի դեսպանատուն, որտեղ հանդիպել  է դեսպան Խոսե-Իգնասիո Մատրասոյի հետ` դեսպանատան առաջին քարտուղար Օսկար Կարվախալ Ագուիրեի ներկայությամբ:

ՀՅԴ Հայ դատի մարմինը դեսպանին է ներկայացրել 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում ստեղծված կացությունը, մասնավորաբար եղանակային վատ պայմաններում Արցախի գազի մատակարարումը միտումնավոր խափանումը, ստեղծված մարդասիրական ծանր կացությունը: ՀՅԴ Հայ դատի մարմինը նաև մտահոգություն է հայտնել ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության և վերջերս Խրամորթի և Քարագլխի շրջաններում նրանց առաջխաղացման վերաբերյալ:

Դեսպան Մատրասոն իր խոսքում անդրադարձել է Մեքսիկայի հայ համայնքին` նշելով, իր գործունեության շնորհիվ  այն մեծ հարգանք է վայելում։ Դեսպանը խոստացել է ՀՅԴ Հայ դատի մարմնի նամակը փոխանցել իր երկրի արտաքին գործերի նախարարությանը և ՄԱԿ-ի ներկայացուցչությանը։

Իրաք

Ապրիլի 12-ին Հայ դատի Իրաքի մարմինը, Հայ դատի Լիբանանի մարմնի ընկերակցութեամբ, այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսին: Հայ դատի Իրաքի մարմինն ամփոփ գծերով կաթողիկոսին է ներկայացրել իր աշխատանքները, ապա, Նորին Ս. Օծությունն իր մտածումներն է ներկայացրել իսլամական աշխարհում հայ դատի աշխատանքներն ավելի ազդու կերպով կազմակերպելու շուրջ՝ հատկապես նկատի ունենալով իսլամական աշխարհում քաղաքական ու կրոնական մոտեցումներն ու զգայնությունները:

Այս առիթով Արամ Ա-ն գնահատել է թե՛ իսլամական աշխարհում և թե՛ ընդհանրապես հայ դատի մարմինների կատարած աշխատանքը մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։ 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930