«Հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ նրանց համախոհները երեկվանից անժամկետ նստացույց են իրականացնում «Ազատության» հրապարակում՝ կտրուկ անհամաձայնություն արտահայտելով այսօրվա իշխանության՝ Արցախը փաստացի հանձնելու մտադրությանը եւ Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգող քաղաքականությանը:
Նրանք գիշերն անցկացրել են «Ազատության» հրապարակում:
Այսօր առավոտյան Aravot.am-ը զրուցել է Արթուր Վանեցյանի հետ:
-Պարոն Վանեցյան: Ինչպե՞ս անցավ գիշերը, եթե հիշենք, որ երեկոյան միջադեպեր եղան ոստիկանական ուժերի հետ:
Կարդացեք նաև
-Գիշերն անցել է հանգիստ, մարդկանց այնպիսի մեծ հոսք էր, որ ժամը 02:30-03:00-ի սահմաններում ինքս եմ խնդրել մեր համաքաղաքացիներին, որպեսզի գնան տուն, հանգստանան եւ այսօր ցերեկը գան, վերստին միանան մեր ակցիային: Այսպիսի սկիզբը համարում եմ հաջողված: Շատ ոգեւորված եմ ու համոզված, որ ամեն ինչ շատ լավ է լինելու:
-Աջակիցները շա՞տ են:
-Գրեթե բոլոր իրական ընդդիմադիր ուժերը երեկ էլ, այսօր էլ եկել են ու համերաշխություն հայտնել: Այսօր եւ այստեղ ինձ, մեր կուսակցությանը, դաշինքին աջակցելու հարց չկա, սեղանին մեր երկրի, մեր գոյության հարցն է: Եվ նախաձեռնությանն է, որ պետք է աջակցել: Ով ունի այն նպատակը, որը մենք ենք մեր առջեւ դրել, կարծում եմ, բոլոր բանական, ազգային, ազգասեր մարդիկ պետք է աջակցեն միմյանց:
-Դուք հասարակությանը ինչ-որ բան ունե՞ք ասելու:
-Կոչ եմ անում մարդկանց՝ գալ «Ազատության» հրապարակ եւ տեր կանգնել երկրին, մեծ հայրենիքին, որն իրենց է պատկանում՝ Արցախին եւ Հայաստանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ