«Ապրիլի 15-ին մեզ մոտ տեղի ունեցավ «Բռնի կրոնափոխումը Օսմանյան Թուրքիայում. հաղորդումներ ամերիկյան մամուլից» ժողովածուի շնորհանդեսը, որ կազմել էր ավստալահայ գրականագետ Արա Քեթիպեանը: Սա նրա երկրորդ համանման ժողովածուն էր»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նա հավելեց, որ ապրիլի 20-22-ը կկայանա տեսակի մեջ առայժմ եզակի «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները» թեմայով միջազգային գիտաժողով:Կկարդացվի 29 զեկուցում` մի մասը հեռավար: Ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կբացվի ժամանակավոր ցուցահանդես` «Հայկական վարժարանների հետքերով.ուսյալ ազգի վկայագրերը» թեմայով:
«Հայ ժողովուրդը հսկայական ժառանգություն է թողել Օսմանյան կայսրությունում, Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում: Դա կրթական համակարգն է: Չունենալով պետականություն, առկա ճնշումների պայմաններում հայերը կարողանում էին կազմակերպել կրթական գործը: Ցուցահանդեսը անդրադարձ է դրան: Սա նաեւ Սեդա Պարսամյանի, որը ցուցահանդեսի հեղինակն է եւ ժամանակավոր ցուցադրությունների գծով պատասխանատուն է, ապագա ատենախոսական աշխատանքի մաս է կազմում»,-հավելեց Հարություն Մարությանը:
«Ապրիլի 24-ին հուշահամալիր են այցելում բազմաթիվ օտարերկրյա պատվիրականություններ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու, նրանց մի մասը գալիս է նաեւ թանգարան: Այս պահին մենք տեղյակ ենք, որ կլինի պատվիրակություն Հայաստան-Իսրայել, Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խմբերի ներկայացուցիչներից, նախարար` Նիդեռլանդներից եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը:
Կարդացեք նաև
Որպես կանոն ԱԳ նախարարությունից մենք գրություն ենք ստանում, թե ովքեր են լինելու: Այսինքն, առաջիկայում ամեն ինչ ավելի կհստակեցվի»,-ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:
Նա հայտնեց, որ ապրիլի 23-ին Ժանսեմի ցուցասրահում կբացվի ֆրանսահայ նկարիչ Ժան Պիեռ Սեֆերյանի «Անապատը. Մահվան քայլերթ» խորագրով գրաֆիկական նկարների, փորագրանկարների ցուցահանդեսը: Ապրիլի 29-ին եւս ժամանակավոր ցուցադրություն կբացվի` «Հայկական սարսափները` հոլանդացիների աչքերով» խորագրով:
Հարություն Մարությանի ձեւակերպմամբ, թանգարանի համար տարին «բերքառատ» է եղել` միջազգային գիտաժողով, ատեստավորում, միջազգային համագործակցություն, հրապարակումներ եւ ժամանակավոր ցուցադրություններ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ