Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուտով Փաշինյանն ընդդիմությանը կմեղադրի սահմանին լարվածություն առաջացնելու եւ զոհեր ունենալու մեջ»․ Միկա Բադալյան

Ապրիլ 18,2022 16:05

«Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանը կարծում է, որ հայրենիքի փրկության առաջին քայլը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնելն է։ Ազատության հրապարակում այսօր նստացույցի ժամանակ նա լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ երեկ մեծաքանակ մարդիկ էին եկել ցույցի, ինչը շատ կարեւոր է․ «Մարդիկ պատրաստ են մինչեւ վերջ գնալ, հասկանում են, որ սա մեր վերջին հնարավորությունն է, այլապես 20-30 տարի անց Հայաստան այլեւս չենք ունենա»։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները, նրանց համակիրներն ու մի շարք այլ հասարակական-քաղաքական գործիչներ ապրիլի 17-ից նստացույց են անում Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, Արցախն ու ՀՀ-ն զիջումների չտանելու պահանջներով։

Ըստ Միկա Բադալյանի՝ որքան աճի դիմադրության շարժումը, այնքան, ցավոք, սրվելու է իրավիճակը սահմանին, որովհետեւ Իլհամ Ալիեւը սատարում է Նիկոլ Փաշինյանին․ «Երբ դիմադրության շարժումը գործադիրի համար վտանգավոր դառնա, Ալիեւը կգնա կոնֆլիկտի սրմանը։ Կարծում եմ առաջիկայում Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը կմեղադրի սահմանին լարվածություն առաջացնելու եւ զոհեր ունենալու մեջ, մինչդեռ դա համատեղ գործողությունն է նրանց»։

Անդրադառնալով վաղը սպասվելիք Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը՝ Բադալյանը կարծիք հայտնեց, որ Փաշինյանը փորձել է խուսափել այդ հանդիպումից դեռեւս մարտին․ «Տեղեկություն ունեմ, որ օրը փոխադրելու առաջարկ է եղել, բայց ապրիլի վեցից հետո նրան կանչել են»։

Միկա Բադալյանը նաեւ նշեց՝ չի բացառում ոչինչ, բայց շփման գծում Ադրբեջանը չի գնա լայնածավալ գործողությունների, այլ հավատարիմ կմնա ներկայիս ոճին՝ բացահայտ առճակատման չգնալով Ռուսաստանի հետ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930