Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինակելի նախագծերի բազմակի կիրառությամբ կկրճատվեն նախագծային աշխատանքների ծախսերը

Ապրիլ 18,2022 16:08

Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը կիրառելու հնարավորությունն օրենսդրական ամրագրում է ստացել: Ուժի մեջ է մտել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մշակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով կառուցապատողների համար կատարվում են մի շարք հստակեցումներ և պարզեցումներ:

Օրենքով ապահովվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվող ցանկում ընդգրկված շինարարական օբյեկտների, այսպես կոչված, «տիպային» նախագծերի բազմակի կիրառությունը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանն ընդգծում է օրինագծի խիստ կարևորությունը՝ հաշվի առնելով առաջիկա հինգ տարիների ընթացքում դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, բնակելի նշանակության օբյեկտների նախագծման և կառուցման մեծածավալ ծրագրերը. «Քաղաքաշինական ծրագրերի մեծ պահանջարկի պարագայում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառումը տնտեսապես շահավետ և նպատակահարմար գործընթաց է, որի արդյունքում ակնկալվում է նախագծային աշխատանքների ծախսերի և ժամանակի 60-70% խնայում»:

Ընդունված օրինագծի համաձայն՝ կառուցապատողներն իրավունք են ստանում կիրառել բնակելի, հասարակական, արտադրական նշանակության օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը, եթե դա նախատեսված է պայմանագրերով: Ընդ որում՝ պետական բյուջեի միջոցների հաշվին օրինակելի նախագծերով իրականացվող շինարարական ծրագրերի ֆինանսական միջոցները կարող են հատկացվել մինչև տեղակապման նախագծերի ավարտը: Կատարված լրացումներով՝ ամբողջ նախագծի փոխարեն փորձաքննության է ենթարկվելու միայն տեղակապման նախագիծը:

Օրենքով նախատեսվում է նաև ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին պատվիրված՝ կապալի պայմանագրերով նախատեսված դեպքերում կիրառել բազմակի օգտագործման օրինակելի նախագծեր, որոնք կարող են ընդգրկված չլինել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվող ցանկում: Կառուցապատողը կարող է տնօրինել, տիրապետել և հետագայում, իր հայեցողությամբ, այլ ծրագրերի շրջանակներում կիրառել բազմակի օգտագործման նախագծեր: «Արդյունքում, օրինակ, բնակելի թաղամաս կառուցելիս կառուցապատողը կօգտվի միևնույն պարզեցված ընթացակարգից. մեկ շենքի նախագծի հաստատումից հետո այն կկիրառի բազմակի՝ մյուսների համար միայն տեղակապում իրականացնելով: Սա նաև վարչարարության կրճատում է նշանակում»,-նշում է Դավիթ Գրիգորյանը:

Ընդ որում, կառուցապատողն իրավունք ունի այլ անձանց իր հայեցողությամբ տրամադրել բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը:

Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է առաջիկայում ընդլայնել բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը՝ համալրելով տարբեր գերատեսչությունների պատվիրատվությամբ իրականացված տարբեր նշանակության օբյեկտների նախագծերով:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021թ. դեկտեմբերի 9-ի N71-Ն հրամանով հաստատվել են շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը և ընդհանուր բնութագրերը, որոնցում ընդգրկված են շինարարական 12 օբյեկտների (տիպերի) նախագծանախահաշվային փաստաթղթերի վերաբերյալ տվյալներ:

 ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930