Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կողբում ենթակառուցվածքների զարգացման երեք ծրագիր է իրականացվել

Ապրիլ 18,2022 15:15

Տավուշի մարզի ամենամեծ բնակավայրը՝ սահմանամերձ Կողբը, լուսավորված նոր փողոցներ ունի: Պետական սահմանից ընդամենը 4,5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում 2019 թվականից ենթակառուցվածքների զարգացման երեք ծրագիր է իրականացվել: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) սկզբում լուծել են Կողբի մանկապարտեզի ջեռուցման հարցը, իսկ 2020 թվականից մինչև օրս լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման երկու ծրագիր են իրականացրել:


Անկախ վերջին տարիների մարտահրավերներից, տարիների գործընկերները հետևողական են եղել պլանավորված աշխատանքներն իրականացնելու հարցում։ 2020թթ.-ի ընթացքում, Կողբում լուսավորվել է 1850 մետր ճանապարհահատված, տեղադրվել է 50 LED լուսարձակ։ Իսկ հաջորդ տարի LED-երի քանակն ավելացել է 37-ով՝ լուսավորելով ևս 1500 մետր հատված: Այսպիսով, երկու ծրագրի արդյունքում, 2021 թ.-ի տարեվերջին, Վիվա-ՄՏՍ-ի  և FPWC-ի ջանքերով, գյուղում տեղադրվել է 87 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 3400 մետր երկարությամբ ճանապարհ։


Կողբի բնակիչներն արդեն երեք ամիս վայելում են երկամյա ծրագրի արդյունքը: Լուսավորված փողոցներն այստեղ կարևոր են համարում ոչ միայն ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտության, այլև սահմանին ապրող մարդկանց անվտանգության տեսանկյունից:

Էներգախնայող հերթական համակարգի պաշտոնական գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը և բնակիչներ:

«Մեր իրական տունն սկսվում է սեփական տան պատերից դուրս: Եթե ուզում ենք ապրել բարեկարգ միջավայրում՝ նույն հոգատարությունն ու աշխատասիրությունը պետք է դրսևորենք մեր բոլորի մեծ տան՝ երկրի համար: Թող դա լինի փոքրիկ ծրագրերի միջոցով, բայց գիտակցված, հետևողական և անպայման արդյունքի հասնելու ձգտմամբ: Այս ծրագրի ամենակարևոր շահառուն երիտասարդ սերունդ է: Լուսավորված փողոցում քայլելը, բարեկարգված միջավայրում մեծանալը պետք է լինեն ոչ թե երազանք, այլ՝ իրականություն: Ուզում եմ հավատալ նաև, որ նման ծրագրերով կարելի է երիտասարդներին փոխանցել աշխատասիրության, երկրի նկատմամբ հոգատարության դրսևորման, ունեցածը գնահատելու և պահպանելու արժեհամակարգ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Էներգախնայող, ժամանակակից համակարգի գործարկումն արդյունավետ է բնապահպանական և համայնքի միջոցները տնտեսելու տեսանկյունից: Ծրագիրը նաև էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Դա թույլ է տալիս այդ գյուղերը ներգրավել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս բաղադրիչ կա` բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական: Ծրագրի արդյունքում էապես կրճատվում են համայնքի բյուջետային ծախսերը, լինում են խնայողություններ, որոնք ուղղվում են  այլ խնդիրների լուծմանը:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.comm

«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:

Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտեգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

FPWC-ի մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930