Այսօր Մետրոպոլիտենի ղեկավար Գեւորգ Ավետիսյանը Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ Մետրոպոլիտենի օդափոխության համակարգի ձեռքբերման հարցով երեք մասնակից կա, գտնվում է գնահատման փուլում, միաժամանակ, բանակցություններ են լինելու, որի մասին լրացուցիչ կտեղեկացնի քաղաքապետին:
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց՝ ե՞րբ է լինելու բանակցությունը: Ի պատասխան Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ կհստակեցնի՝ կասի:
«Պարո՛ն Ավետիսյան ջան, գալիս եք մեկ-երկու հարց ունեք զեկուցելու, չե՞ք կարում իմանաք, գոնե էդ հարցը ճշտեք, նոր եկեք: Էլ կարամ ձեզ բան չհարցնեմ»,-ասաց քաղաքապետը։ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ կա կառավարության որոշում, որը հստակ կարգավորում է գնումների ընթացակարգը եւ այնտեղ օրերը ամրագրված են:
Կարդացեք նաև
Մետրոպոլիտենի վճարային նոր համակարգի մրցույթի վերաբերյալ էլ հարցը ներկայացնելիս՝ Գեւորգ Ավետիսյանն ասաց, որ գնման գործընթացի հետ կապված որոշակի հարցեր են առաջացել: Քաղաքապետը պահանջեց կոնկրետ ներկայացնել՝ ինչպիսի հարցեր են առաջացել: Հրաչյա Սարգսյանն ասաց այս հարցն էլ արդեն երեք շաբաթ քննարկում են: Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց արագացված կարգով անել. «Ամեն անգամ գալիս եք ասում՝ հարցեր կան, ուրեմն՝ խնդիր կա Մետրոպոլիտենում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ