Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Անդուլիկ» մականվամբ հայտնի Ա.Ն-ն 2019թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ ապօրինի կերպով պահվող զենքով արձակել է կրակահերթ՝ բազմության մեջ գտնվող Գ.Մ-ի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս մահացել է:
Նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2020թ. օգոստոսի 27-ին կայացրած որոշմամբ մերժել էր Ա.Ն.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, իսկ ՀՀ վերաքննիչ դատարանը՝ հաստատել է այն, ինչի արդյունքում Ա.Ն.-ն գտնվում էր ազատության մեջ:
2022թ. մարտի 7-ին՝ ժամը 23:40-ին, ՀՀ ոստիկանությունում «Աստղիկ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ բազմակի հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել Ա.Ն.-ն:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել է, որ հանգուցյալ Գ.Մ-ն հանդիսացել է Ա.Բ-ի որդիների ընկերը:
Կարդացեք նաև
Դատախազության անմիջական համակարգման ներքո Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչնների համակարգված գործողությունների արդյունքում բացահայտվել և կանխվել են մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: Մասնավորապես՝ ԱՆ-ն և իր շրջապատի անձինք համոզված լինելով, որ Ա.Ն-ի վրա 2022թ. մարտի 7-ին հրազենային կրակոցներն արձակել են Ա.Բ-ի կողմնակիցները, նախապատրաստել են վերջինիս սպանությունը: Այդ նպատակով Ա.Ն-ն հանձնարարել է իր կողմից ստեղծված և ղեկավարած խմբավորման անդամներին, ձեռք բերել տարբեր տեսակի զենքեր՝ «նռնականետ/RPG/», «ինքնաձիգ/AKS,AKM/», «դիպուկահար /SVD/», «ատրճանակ», «նռնակներ», «զրահաբաճկոններ»: Ապա վերջիններիս հետ համաձայնության է եկել զրահապատ ավտոմեքենան ՀՀ բերելուց հետո իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ կյանքից ապօրինի զրկել Ա.Բ-ին:
Իրենց հերթին, խմբավորման անդամները Ա.Ն-ի կողմից ստանալով և կատարելով վերջինիս հրահանգները, տարբեր անձանց միջոցով ձեռք են բերել ինքնաձիգներ, ատրճանակներ, դրանց համար նախատեսված փամփուշտներ, նռնակներ և զրահաբաճկոններ, որոնք թաքցրել են հանցավոր խմբում ներգրավված տարբեր անձանց բնակարաններում և օժանդակ շինություններում:
Բացի այդ իրենց հանցավոր նպատակն իրագործելու, դրանից հետո որոշակի ժամանակ թաքնվելու, անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ-ից մեկնելու համար գումար հայթհայթելու նպատակով խմբավորման անդամները, հիշյալ գումարները ավազակային հարձակմամբ կամ բնակարանային գողությունների միջոցով հափշտակելու նպատակով պարզել են մի շարք բնակարաններ, որտեղ սեփականատերերի կողմից պահվում են առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Փաստի առթիվ 2022թ. ապրիլի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 223-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 223.1-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Խմբավորման ղեկավար Ա.Ն-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են՝ խլացուցիչի նմանվող մետաղական առարկաներ, ատրճանակ՝ փափշտատուփով և փամփուշտներով, տարբեր տրամաչափի փամփուշտներ, ծալովի և այլ դանակներ, հրացանի նմանվող առարկա, թվով 2 մետաղական ձողի և նիզակի նմանվող առարկաներ, բանալիներ, փականներ բացելու համար հարմարեցված առարկաներ /ատմիչկաներ/, 2 թափանցիկ անոթներ՝ սնդիկանման նյութի պարունակությամբ:
Ա.Ն-ի մոր անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սև գույնի պահեստատուփ՝ լիցքավորված 5.6մմ տրամաչափի «Տոզ» տեսակի թվով 9 հատ փամփուշտներով: Մինչ Ա.Ն-ի բնակարանում խուզարկություն սկսելը, նրա մայրը դանակով հարձակվել է խուզարկության մասնակից ՀՀ ոստիկանության աշխատակցի վրա, փորձել հարվածել գլխին, սակայն ոստիկանության աշխատակիցի պաշտպանվելու արդյուքնում հարվածը դիպել է ձեռքին:
Խուզարկություններ են կատարվել նաև հանցավոր համագործակցության անդամների բնակարաններում, ավտոմեքենայում, ավտոտնակում, որոնց արդյունքում հայտնաբերվել են նռնակներ, նռնակների պայթուցիչներ, կաթուցիչներ՝ մոխրացված հետքերի պարունակությամբ, մահակ, տարբեր տրամաչափի բազմաթիվ փամփուշտներ, գործարանային համարի օդամղիչ ատրճանակ՝ փամփշտատուփով թվով 13 բանալի, փական բացելու համար հարմարեցված գործիքներ /ատմիչկաներ/, երկաթյա ձողեր և այլն:
Այս կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ և միացվել նախորդիվ նշված քրեական գործին:
Իրավապահ մարմինների համակարգված և կազմակերպված գործողությունների արդյունքում ձերբակալվել են՝ Ա. Ն.-ն և ևս 5 անձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություն է ներկայացվել նշվածներից 5-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է նրանցից 3-ի, այդ թվում խմբավորման ղեկավար Ա.Ն.-ի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները: Մյուս երկու անձանց վերաբերյալ ներկայացված միջնորդոթւունները դատարանի որոշումներով մերժվել են, որոնց մասին դատական ակտերն ստացվելուց հետո կքննարկվի դրանց դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:
Ա.Ն.-ի կնոջ՝ Մ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրություն, նա հարցաքննվել է որպես կասկածյալ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ դատախազություն