Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ. ձերբակալվել է Երևանի բնակիչ 27-ամյա Շանթ Բագրատյանը։
Նա կասկածվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շ․ Բագրատյանը Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է, ով «ԷԿՕ ՕԻԼ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Շ․ Բագրատյանը տեղափոխվել է ոստիկանության Վայոց Ձորի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր Վայոց Ձորի քննչական վարչության քննիչը դիմելու է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի պատգամավորի որդու՝ Շ․ Բագրատյանի նկատմամբ։
Կարդացեք նաև
Ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ ապրիլի 2-ին ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և առանց որևէ պահանջ ներկայացնելու ծեծի են ենթարկել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ է հասցրել Վ. Ասատրյանին, ապա դիմել են փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գազալցակայանի տնօրեն Վ. Ասատրյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: