Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն իր ամենաանկեղծ ելույթն ունեցավ. Նաիրա Զոհրաբյան

Ապրիլ 18,2022 13:15

«Մենք սկսում ենք արցախյան երկրորդ շարժումը: Այլեւս հարցը դրված չէ՝ ո՞վ կգա իշխանության, ի՞նչ կլինի, այլեւս հարցը դրված է այսպես՝ մնո՞ւմ է Հայաստանը, մնո՞ւմ է Արցախը, թե՞ ոչ, որովհետեւ 2-3 օր առաջ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց Արցախը հանձնելու գործընթացը»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ «Այս պատերազմը Շուշիի համար էր: Առանց Շուշի՝ հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել: Ուղղակի հնարավոր չէր», Նաիրա Զոհրաբյանը դրանք բնութագրեց «սեփական հանցագործության մասին» հայտարարություն եւ դիմելով ԱԱԾ պետին ու գլխավոր դատախազին՝ ասաց. «Ոչ թե երեկ Ազատության հրապարակում դուք պետք է ձեր օպերներին տեղադրեիք եւ լսեիք, թե ով ինչ է խոսում, այդ հայտարարությունից հետո դուք պետք է մտնեիք ԱԺ եւ կալանավորեիք Նիկոլ Փաշինյանին: Հետո, ինչպես օրերս ասաց Շանթ Հարությունյանը, քննությունը կպարզեր՝ ինքը հանցագո՞րծ է, թե՝ անմեղսունակ»:

Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն իր ամենաանկեղծ ելույթն ունեցավ եւ իր ասելիքը հետեւյալն էր. «Հայրենակիցներ, եթե ուզում ենք Հայաստանը պահել՝ Արցախը պիտի հանձնենք»: Բանախոսը նաեւ համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է՝ ասելով, թե տարածքային կորուստների առումով կունենայինք նույն իրավիճակը, եթե պատերազմը չլիներ. «Ասում է՝ դե զոհերը չէին լինի… լավ, ընդունենք Նիկոլ Փաշինյանի ասած թիվը ճիշտ է. ոչ թե 5-6 հազար, այլ 3285 զոհերի մայրեր, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ցինիկաբար հայտարարում է՝ դե լավ, մի քիչ լավ չմտածեցի, ի՞նչ եղավ որ, արդյունքում տվեցինք հողերը եւ այդ զոհերը: Հիմա մեզանից յուրաքանչյուրն իրեն պետք է համարի իրենց պաշտոնական թվի հաջորդ զոհը: Ես ինձ համարում եմ 3286-րդ զոհը: Էլ ի՞նչ պիտի ասի այդ մարդը, որ ձեր մեջ զարթնի հայը: Երեկվանից Նիկոլ Փաշինյանը կրկին գործի է դրել ֆեյքերի ֆաբրիկան. մարդ ինչքա՞ն փալաս պետք է լինի, որ ֆեյք աշխատի 150 հազար դրամով: Մայրեր-հայրեր, դուք պիտի թքեք ձեր զավակի երեսին, որ գումարի դիմաց հայհոյանքներ են գրում»:

Անդրադառնալով կալանքի տակ գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանն էլ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դա ևս մեկ հավաստումն է նրա, որ սուտը Նիկոլ Փաշինյանի արյան մեջ է:

Բանախոսը համանման սուտ համարում է նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցում մեր պահանջի նշաձողն իջեցնելու մասին հայտարարությունը. «Դու լկտիաբար ստում ես, Նիկոլ Փաշինյան: Ես քեզ հրավիրում եմ բանավեճի: Ի՞նչ է միջազգային հանրությունը, ո՞վ է: Ռուսաստա՞նն է. ՌԴ նախագահը պատերազմից հետո հայտարարեց, որ պատերազմով Արցախի խնդիրը լուծված չէ: Եվրամիությո՞ւնն է. 2020 թվականի դեկտեմբերին ԵՄ պաշտոնական կայքում տեղադրված է ԵՄ հայտարարությունը, որ Արցախի կարգավիճակի հարցը պիտի քննարկվի բանակցությունների միջոցով: Ֆրանսիա՞ն է. Ֆրանսիայի Սենատը պատերազմից հետո դիմեց Ֆրանսիայի գործադիր իշխանությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը: Միացյալ նահանգնե՞րն է. ուզում եմ հիշեցնել՝ քո հպատակ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան տիկնոջ՝ երեք անգամ արված հայտարարությունը՝ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ: Դու ստում ես, չկա միջազգային հանրություն, որովհետեւ ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրները՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, հայտարարել են, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ: Ավելին, իր վերջին հարցազրույցում, ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց՝ եթե ուզում եք տարածաշրջանում կայուն խաղաղություն՝ պիտի լուծվի Արցախի կարգավիճակի խնդիրը, Նույնը հաստատեց նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Միջազգային հանրությունը քեզ համար՝ Նիկոլ, Թուրքիան եւ Ադրբեջանն են, որոնք քեզ պարտադրում են՝ Արցախը ներառել Ադրբեջանի կազմում»:

Նաիրա Զոհրաբյանի եվրոպացի գործընկերները իրեն փոխանցել են, որ Ադրբեջանի Մեջլիսի իրավական հանձնաժողովում քննարկվում է ինքնավար մարզի կարգավիճակի հանումը առհասարակ, այդ թվում՝ նաեւ Նախիջեւանի վրայից: Այսինքն, Ադրբեջանը Արցախին նախատեսում է անգամ այդ կարգավիճակը չտալ, այլ զուտ տնտեսական տարածքի կարգավիճակ տալ:

Նա հանրությանը կոչ արեց լինել Ազատության հրապարակում, չառաջնորդվել անձնական համակրանքներով եւ հակակրանքներով, քանի որ այս պահին ոչ թե իշխանության խնդիր է լուծվում, այլ Հայաստանի ու Արցախի լինել-չլինելու խնդիրը: Մարզերի բնակիչներին հորդորեց՝ ինքնակազմակերպվել եւ ապակենտրոն ցույցեր անել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930