Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխությունները չհետաձգելը վերջին հնարավորությունն է. Ռուբեն Վարդանյան

Ապրիլ 18,2022 22:00

Սկիզբը կարդացեք այստեղ

Այս տարի Հայաստանը նշեց իր անկախության 30-ամյակը։ Ինքնիշխան հայկական պետությունը գոյություն ունի արդեն շուրջ մեկ երրորդ դար, և սա կարևոր հանգրվան է, որը պահանջում է լուրջ քննարկում այն ​​մասին, թե ինչ ունենք այսօր, ինչ ենք կարողացել կառուցել, և ինչպես է իրերի ներկա վիճակը որոշում մեր պատմական ճակատագիրը։ Արցախի տարածքների մի զգալի մասի կորուստը, որի անկախության համար անցյալ դարավերջին այդքան արյուն է թափվել, անձամբ ինձ և Հայաստանի ու հայության ճակատագիրը սրտին մոտ ընդունող շատերի համար դարձավ այն կարմիր գիծը, այն վերջին սահմանը, որն անցնելուց հետո ուղղակի պետք է սկսենք գործել վճռականորեն, որպեսզի իրականություն չդառնա Արցախը և դրա հետ մեկտեղ Հայաստանը վերջնականապես կորցնելու ահավոր հեռանկարը։ Գոյաբանական այն սպառնալիքը, որն ապրեցինք, ևս մեկ անգամ, մեզ ստիպում է վերանայել մեր կենսակարգի ներկա ձևը և թելադրում է ընտրել զարգացման այնպիսի վեկտոր ու մոդել, որը Հայաստանի քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանը կապահովի անվտանգություն, բարգավաճում և ազգային ինքնության պահպանում, կվերադարձնի նրանց սեփական արժանապատվության զգացումը և հպարտությունն իրենց երկրի ու ազգի նկատմամբ:

 

Հայոց հազարամյա պատմության մեջ եղել են փուլեր, երբ մենք երկար ժամանակ զրկված ենք եղել սեփական պետականությունից. մի վիճակ, որը ծայրահեղորեն խոցելի է մշտապես արագացող քաղաքակրթական զարգացման իրավիճակում, ինչը գլոբալ համատեքստում նշանակալից տեղ պահպանելու հնարավորություն չի տալիս, և այդ պատճառով հայ ժողովուրդը, չնայած իր սակավաթվությանը, իր մեջ միշտ ուժ է գտել պայքարելու պատմական տարածքում սեփական պետականության վերականգնման համար։ Անցյալ դարավերջին իրականացավ հայերի ընդհանուր երազանքը՝ 1991 թվականին պատմական Հայաստանի տարածքի մի փոքր հատվածում ստեղծվեց անկախ Հայաստանը։ Պարադոքսն այն է սակայն, որ հայոց անկախ պետությունն աշխարհի քարտեզի վրա հայտնվեց ոչ թե վերնախավի կանխամտածված ու նպատակաուղղված համատեղ գործողությունների և դիվանագիտական ​​ու ռազմական ճանապարհով իրենց ինքնիշխանության իրավունքը պաշտպանելու ժողովրդի բազմաթիվ փորձերի արդյունքում, այլ որպես Խորհրդային Միության փլուզման հետևանք։ Այլ էր իրավիճակն Արցախի անկախության հարցում. հասարակության բոլոր շերտերը միավորվեցին՝ զենքը ձեռքին պաշտպանելու այն, և դրա համար թանկ վճարեցին։

Վճռական այն պահին, երբ Հայաստանը վերջապես ինքնիշխանություն ձեռք բերեց, ներքին և Սփյուռքի վերնախավերը չհամախմբվեցին՝ համատեղ ընտրելու թե՛ երկրի, թե՛ ողջ ազգի զարգացման հետագա մոդելն ու վեկտորը, չմշակեցին ընդհանուր օրակարգ, որով կսահմանվեր անհրաժեշտ բարեփոխումների փաթեթը։

Երիտասարդ Հայաստանի Հանրապետության կայացումը չափազանց դժվար էր. երկիրը դեռևս չէր վերականգնվել 1988-ի աղետալի երկրաշարժի հետևանքներից, որին հաջորդեցին տարածքի շրջափակումը և պատերազմն Արցախում։ Այդ պայմաններում Հայաստանի քաղաքական վերնախավն զբաղված էր գոյատևման խնդիրներով, և երկարաժամկետ զարգացման ռազմավարության հարցերը նրա համար առաջնային չէին։ Ցավոք սրտի, վճռական այն պահին, երբ Հայաստանը վերջապես ինքնիշխանություն ձեռք բերեց, երկրի ներսի և Սփյուռքի վերնախավերը չհամախմբվեցին՝ համատեղ ընտրելու ինչպես երկրի, այնպես էլ ողջ ազգի զարգացման հետագա մոդելն ու վեկտորը, չմշակեցին ընդհանուր օրակարգ, որով կսահմանվեր անհրաժեշտ բարեփոխումների փաթեթը։ Պարզվեց, որ մենք պատրաստ չէինք անկախության, որի մասին այդքան երկար էինք երազել, և ամբողջությամբ չօգտվեցինք մեր ուղու ընտրության իրավունքից, և դրա, ինչպես նաև բազմաթիվ այլ նախադրյալների պատճառով, կարծես իներցիայով, որդեգրեցինք վարձակալական տնտեսական մոդել և կենսակարգի պետականակենտրոն ուղի։

Ողջ աշխարհի հայությունն, անշուշտ, հպարտանում էր սեփական պետության հայտնությամբ։ Բազմաթիվ հրաշալի օրինակներ կան, երբ Սփյուռքը ոչ միայն տնտեսական օգնություն է հատկացրել պատերազմող Հայաստանին (հայտնի են դեպքեր, երբ սփյուռքահայերը կամավոր ծառայել են հանրապետության ​​բանակում և դրսևորվել որպես իսկական հերոսներ), այլև գումար է ներդրել երկրի ապագայի համար՝ կառուցելով ենթակառուցվածքային օբյեկտներ և ստեղծելով ժամանակակից կրթական հաստատություններ։ Ցավոք, այդ օգնությունը համակարգված բնույթ չի կրել։ Հայաստանի քաղաքական ու ռազմական վերնախավը համարում էր, որ պատերազմում հաղթանակը ձեռք է բերվել հիմնականում սեփական ուժերով և ներքին ռեսուրսների շնորհիվ, և դա իրեն իրավունք ու լեգիտիմություն է տալիս ձեռքը վերցնելու երկրի մենաշնորհային կառավարումը։ Այդ իսկ պատճառով Սփյուռքի վերնախավին նա չներգրավեց պետական ​​ու տնտեսական ինստիտուտների արդիականացման հիմնարար խնդիրների լուծման մեջ, և սփյուռքահայերը մեծ մասամբ դրսից դիտորդի դիրք գրավեցին։ Ավելին, 1990-ականների սկզբի «վայրի» կապիտալիզմի պայմաններում երկրի ղեկավարները ստեղծված հնարավորություններն օգտագործեցին անձնական հարստացման, այլ ոչ թե Հայաստանի ապագա բարգավաճման հիմքերը դնելու համար։

Չնայած ակնհայտ դրական ազդեցությանը, որ ունեցան սեփական ազգային պետության ստեղծումը և Արցախի անկախության համար մղվող պատերազմում տարած հաղթանակը, չի կարելի ասել, որ հայությունն ազգային համախմբման իրական հիմք ձեռք բերեց։ Ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչներ, գիտնականներ, տաղանդավոր ղեկավարներ, զինվորականներ ու ինժեներներ չտեղափոխվեցին նորանկախ Հայաստան. մի բան, որ կատարվել էր 1920-1930-ական թվականներին։ Ընդհակառակը. նորագույն՝ հետխորհրդային Սփյուռքը կազմում էին նրանք, ովքեր անկախության նվաճումից հետո հեռացել և շարունակում են լքել հայրենիքը։ Մտավոր վերնախավի արտագաղթը, որը հատկապես ուժեղացավ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին տասը տարիներին, աղետալի հետևանքներ ունեցավ երիտասարդ ինքնիշխան պետության համար։ Հասարակությունը գործնականում կորցրեց իր բարոյական առաջնորդներին, «վայրի» կապիտալիզմի պայմաններում տեղի ունեցավ բարոյական ուղեցույցների փոփոխություն. կոպիտ ուժը հաղթեց կրթությանն ու խելքին, իսկ ճարպկությունն ու հեշտ հարստանալու կարողությունը՝ աշխատանքի ու մասնագիտական ​​համբավի հանդեպ հարգանքին, հայոց ավանդական արժեքներին։

Ինքնիշխանության ձեռքբերմամբ և պատերազմում հաղթանակով գոյացած հուզական վերելքը կարճ ժամանակ անց տեղի տվեց հիասթափությանը։ Փլուզված կայսրությունից մեզ բաժին հասավ կոշտ և փափուկ լայնածավալ ենթակառուցվածք՝ արդյունաբերական օբյեկտներ և դրանք կապող տրանսպորտային ուղիներ, գիտահետազոտական ​​ինստիտուտներ և գիտությունների ակադեմիաներ, մշակութային հաստատություններ և առողջապահական կազմակերպություններ: Այսօր դժվար է հավատալ, բայց 1980-ականների վերջին Հայկական ԽՍՀ-ն հզոր պետության նորարարական տեխնոլոգիաների կենտրոն էր և գտնվում էր իր ժամանակի ամենազարգացած պետությունների՝ Հարավային Կորեայի, Սինգապուրի ու Իսրայելի հետ միևնույն մակարդակի վրա։

Սակայն ԽՍՀՄ-ի փլուզմամբ մեզ բաժին հասած կոշտ ենթակառուցվածքը մեծ մասամբ պահանջարկ չուներ և նույնիսկ ավելորդ էր, և դրա ֆինանսավորման աղբյուրները ցամաքեցին: Հին՝ փափուկ ենթակառուցվածքի շատ տարրեր նույնպես անհասանելի շքեղություն դարձան սահմանափակ ռեսուրսներով փոքրիկ երկրի համար: Մենք չկարողացանք հասկանալ, որ խորհրդային վիթխարի ժառանգությունը ոչ միայն ապագա բարգավաճման երաշխիք էր, այլ նաև պատասխանատվության բեռ, և այն պատշաճ կերպով չհարմարեցրինք նոր պետության ու հասարակության կարիքներին ու հնարավորություններին:

Հայաստանի բնակչության 70%-ը գոհ է իրերի ներկա վիճակից։

Ցավով պետք է նշեմ, որ անցած 30 տարիների ընթացքում մենք չկարողացանք ստեղծել այնպիսի կենսակարգ, որը հայերին կտանի դեպի բարգավաճում, և առիթից չօգտվեցինք ու չիրականացրինք աստիճանական, էվոլյուցիոն փոփոխություններ։ Անկախ Հայաստանի՝ աստվածաշնչյան հողի վրա սեփական պետության, համայն հայության համար ապահով ու բարեկեցիկ հայրենիքի երազանքը չափազանց կտրուկ է հակադրվում ժամանակակից իրական Հայաստանին։

Այս հակադրությունը, մի կողմից, դարձել է մշտական ​​հիասթափության աղբյուր, որն, ավելի լավ կյանքի փնտրտուքով, հայաստանցիներին ստիպում է ցրվել աշխարհով մեկ՝ արնաքամ անելով հայրենիքը, իսկ Սփյուռքը սահմանափակվում է բարերարի դերով` պարբերաբար օգնելով Հայաստանին։ Մյուս կողմից, այն ապատիայի և անտարբերության զգացում է առաջացնում շատերի մեջ։ Վերջերս կատարված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 70%-ը գոհ է իրերի ներկա վիճակից։ Գոյատևման հողեղենության և անհասանելի բարգավաճման մասին երազանքների միջև առկա է անհաղթահարելի անջրպետ, որը մարդկանց զրկում է կամքից և հավատից, որ ի վիճակի են իրենց ուժերով հասնելու դեպի լավն առաջնորդող փոփոխությունների:

 

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հայության մեծ մասը հանգիստ ընդունեց պատերազմում կրած պարտությունը և Արցախի հողերի մի մասի կորուստը։

 

Ինչպես բոլորս հիշում ենք, 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունում նկատելիորեն սրվեց ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը։ Սակայն դրան ի պատասխան սկսված փոփոխությունները, որոնք թե՛ երկրում, թե՛ Սփյուռքում շատերին լավատեսություն ներշնչեցին, ցավոք, չհանգեցրին ներկայիս համակարգի հիմնավոր փոփոխմանն ուղղված խորքային բարեփոխումների։

Անկասկած, 2018 թ.-ի գարնան իրադարձությունները հանրային դժգոհության արգասիք էին, որ առաջացել էին անհեռանկար կենսակարգի կերպից, կոռումպացված պաշտոնյաների անպատժելիությունից, հանցագործների տիրապետումից, մաչիզմից, հասարակական դաշտում լպիրշությունից և այլն։ Այդ իրադարձությունների կարևորագույն արգասիքը կարելի է համարել այն հանգամանքը, որ բողոքի շարժումը համախմբել էր մարդկանց, որոնք տարբեր պատկերացումներ ունեին երկրի զարգացման ուղիների մասին։ Նման միասնությունն ինքնին, որը սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչներին խրախուսում է ակտիվորեն մասնակցել պետության նորացմանը, անգնահատելի հիմք է, որի վրա կարելի է համատեղ կառուցել ապագան։

Նոր իշխանությունը կրկնեց ճակատագրական միևնույն սխալը, որ թույլ էին տվել իր նախորդները 1990-ականների սկզբին՝ համարելով, որ հեղափոխության հաղթանակը և նրա անարյուն բնույթն իրավունք են տալիս երկրում մենաշնորհելու իշխանությունը։

Երկրի նախկին ղեկավարության հրաժարականը, սակայն, չի նշանակում զարգացման մոդելի ինքնըստինքյան փոփոխություն։ Նոր առաջնորդների համար հեշտ էր քննադատել իրենց նախորդներին, բայց նրանց հռչակումների մեծ մասն անհավատալիորեն դժվար էր իրականացնել: Անգամ նոր կառավարության հայտարարած կոռուպցիայի դեմ անխնա պայքարը, ի վերջո, իրականացվեց չհամակարգված և, այդ իսկ պատճառով, չհանգեցրեց շոշափելի արդյունքների։ Ինչպես արդեն ասվեց, միասնության զգացումը մեծապես նպաստում էր համակարգային բարեփոխումների իրագործմանը, որոնք կարող էին նշանակալիորեն ավելի հաջող ու արդյունավետ լինել, եթե հնարավոր լիներ համախմբել ազգային վերնախավը և համատեղ ուժերով մշակել մեր ապագայի հայեցակարգը։ Այդուհանդերձ, և սա մեծ ցավով եմ ասում, մենք չօգտվեցինք բացված հնարավորությունների պատուհանից, Հայաստանի և Սփյուռքի վերնախավերը չհամախմբվեցին երկիրը միասնաբար կառուցելու և ազգը վերակենդանացնելու նպատակի շուրջ։ Ընդհակառակը, հասարակությունը բաժանվեց նոր իշխանության կողմնակիցների և նախկին ղեկավարությանը սատարողների։ Նոր իշխանությունը կրկնեց ճակատագրական միևնույն սխալը, որ թույլ էին տվել իր նախորդները 1990-ականների սկզբին՝ համարելով, որ իրավունք են ստացել երկրում մենաշնորհելու իշխանությունը։ Դրա հետևանքով, այն մարդկանց թիմը, որոնք պետք է իրականացնեին այդքան անհրաժեշտ բարեփոխումները, ձևավորվեց նոր կառավարությանը հավատարիմ կադրերից՝ չներառելով լավագույն մտքերը, բարձր որակավորում ունեցող մասնագետների ու կառավարիչների` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

 

Լուսանկարը՝  Ֆոտոլուրի

Այն թիմը, որը պետք է իրականացներ անհրաժեշտ բարեփոխումները, ձևավորվեց իշխանություններին հավատարիմ կադրերից՝ առանց Հայաստանի և արտերկրի լավագույն ուղեղների ու կառավարիչների ներգրավման։

 

Ինչպես արդեն ասվեց, 1991 թվականին ձեռք բերելով անկախություն՝ Հայաստանի Հանրապետությունը, կարծես իներցիայով, Խորհրդային Միությունից որդեգրեց «էքստրակտիվ» (այսինքն՝ վարձակալական) քաղաքական ու տնտեսական մոդելը։ Սա նշանակում է, որ մեր բոլոր նյութական ու ոչ նյութական ակտիվներն օգտագործվում են ոչ թե ստեղծագործական գործունեության համար, այլ հիմնականում էքստրակտիվ եղանակով, վարձավճար ստանալու համար։ Այդ մոդելը երկրին թույլ տվեց դիմագրավել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները մեր սահմանի ողջ երկայնքով, ինչպես նաև Արցախում, սակայն հնարավորություն չտվեց ապահովելու պաշտպանունակության այնպիսի մակարդակ, որը մեր սահմանների նկատմամբ ոտնձգություն իրականացնելու միտքն անգամ չթույլատրեր։ 30 տարի շարունակ երկիրը չի կարողացել ստեղծել ներքին և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ միջավայր, որը կապահովեր նորարարական պաշտպանունակության այնպիսի մակարդակ, որի առկայությամբ Հայաստանի և Արցախի դեմ ռազմական ուժ կիրառելու ցանկացած փորձ անմտություն կլիներ։ Մինչդեռ Արցախի անկախության պատերազմում կրած պարտության դասերն իզուր չանցան Ադրբեջանի համար. այդ տարիների ընթացքում նա ուժերն էր կուտակում մեզ վրա հարձակվելու համար, և մեր ամենամեծ սխալն այդ հանգամանքի վրա աչք փակելն էր՝ մնալով սեփական անպարտելիության պատրանքի մեջ։

Դժվար է համակարգային բարեփոխումներ իրականացնել կայունության ու բարգավաճման պայմաններում, թեկուզև կարծեցյալ, հատկապես եթե հասարակությունն ինքը, ըստ էության, պատրաստ չէ փոփոխությունների։ Հայաստանի բնակիչների մեծամասնությունը երբեք դուրս չի եկել երկրի սահմաններից և իրական պատկերացում չունի, թե ինչպես է փոխվում աշխարհը, ինչպես են ապրում այլ երկրներում, և սեփական ապագան կառուցելիս ինչ է հարկավոր ընտրել որպես ուղեցույց ու չափորոշիչ։

Անցյալ տարի բռնկված լայնածավալ ճգնաժամը՝ համավարակը և դրա հետևանքները, Արցախյան պատերազմը, հասարակության պառակտումը, քաղաքական ցնցումները մեզ տալիս են փոփոխություններ կատարելու վերջին հնարավորությունը. փոփոխություններ, որոնք այլևս չի կարելի հետաձգել։ Եթե ​​նույնիսկ սա չմղի մեզ համախմբվելու և գործելու, եթե այս անգամ ևս բաց թողնենք մեր իրավիճակը համատեղ ըմբռնելու և համաձայնության գալու հնարավորությունն այն հարցի շուրջ, թե ուր է պետք գնալ, եթե շարունակենք այսուհետ ևս տեղում դոփել՝ վախենալով փոփոխություններից, ապա Հայաստանին սպասվում է անկախության լիակատար կորուստ՝ եթե ոչ պաշտոնապես, ապա փաստացի, ու թեև հայերը կկարողանանան խուսափել ամբողջական ուծացումից, սակայն որպես ազգային-քաղաքացիական միասնական համայնք կդադարեն գոյություն ունենալուց և կվերածվեն աշխարհով մեկ սփռված հնագույն էթնոսի ներկայացուցիչների։

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Էվոլյուցիոն վիզիոներ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, UWC Դիլիջան միջազգային դպրոցի, FAST հիմնադրամի, «Մատենա» միջազգային դպրոցի և այլ նախագծերի համահիմնադիր

 

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930