Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրականի աստղադիտարանում նոր մեխանիզմով բացատրվում է գալակտիկաների մագնիսական դաշտերի առաջացումը

Ապրիլ 18,2022 12:22

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում իրականացվում են ուսումնասիրություններ՝ նվիրված Մեր Գալակտիկայում և այլ գալակտիկաներում մագնիսական դաշտերի զրոյից առաջացմանը: Աշխատանքները ղեկավարել է Բյուրականի աստղադիտարանի «Ակտիվ գալակտիկաներ» գիտահետազոտական բաժնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռուբեն Անդրեասյանը:

«Մինչ այժմ դինամո մեխանիզմների միջոցով ուսումնասիրվել է արդեն եղած թույլ մագնիսական դաշտերի ուժեղացումը գալակտիկաների կյանքի ընթացքում և թե ինչպիսի կոնֆիգուրացիաներ կարող են առաջանալ տարբեր գալակտիկաներում՝ կախված նրանցում առկա խիստ նոսր պլազմայի քանակությունից և այդ պլազմայի շարժումից: Ընդ որում, սկզբնական թույլ մագնիսական դաշտերի առաջացման մեխանիզմների մասին կամ լռում են կամ ասվում է, որ այդ դաշտերն առաջացել են տիեզերքի առաջացման սկզբնական փուլերում:

Մեր աշխատանքում փորձ է արվում սկզբնական մագնիսական դաշտերի առաջացումը բացատրել գալակտիկաներում տեղի ունեցող ակտիվ գործընթացների առկայությամբ: Այն է՝ գալակտիկաների կենտրոնական տիրույթներից (միջուկներից) իոնացված նյութի ուժեղ արտահոսք կամ այդ տիրույթների վրա նյութի ներհոսք (ակրեցիա): Գալակտիկաների ընդհանուր պտույտի և նշված պայմանների առկայության դեպքում գործում է Բիրմանի մեխանիզմը («մարտկոցային էֆեկտ»), որն ի վիճակի է զրոյից առաջացնել մագնիսական դաշտեր: Մեխանիզմի էությունը կայանում է նրանում, որ արտահոսող կամ ներհոսող պլազմայում առկա էլեկտրոնների և պրոտոնների զանգվածներն ավելի քան 3 կարգով իրարից տարբերվում են, և նրանց փոխազդեցությունը գալակտիկաներում առկա պտտվող գազային միջավայրի մասնիկների հետ խիստ տարբեր է: Դրա շնորհիվ գալակտիկայի ցանկացած կետում, էլեկտրաչեզոքության պայմանի պահպանությամբ հանդերձ, էլեկտրոնների արագության պտտական բաղադրիչը տարբերվում է պրոտոնների արագության պտտական բաղադրիչից: Դա բերում է շրջանային էլեկտրական հոսանքների առաջացման, որի արդյունքում առաջանում են դիպոլային մագնիսական դաշտեր, որոնք հետագայում կարող են ուժեղանալ կամ ձևափոխվել արդեն հայտնի դինամո մեխանիզմների շնորհիվ:
Մեր Գալակտիկայի համար կատարվել է ուսումնասիրություն՝ հաշվի առնելով միջաստղային գազի դինամիկայի վերաբերյալ դիտումներից ստացված որոշ առանձնահատկություններ: Օգտագործելով պլանար մոտավորությունները, երբ գազի շերտի հաստությունն անհամեմատ ավելի փոքր է, քան նրա ռադիալ չափերը, կատարվել է Գալակտիկայի մագնիսական դաշտի ինվերսիայի (դաշտի ուղղության փոփոխություն հակառակի) մոդելավորում: Ցույց է տրվել, որ տեսականորեն հնարավոր է այնպիսի մագնիսական դաշտերի գեներացիա, որոնցում Գալակտիկայի կենտրոնից հեռանալիս կարող են դիտվել շրջանային մագնիսական դաշտի ուղղության ինչպես մեկանգամյա, այնպես էլ երկուանգամյա փոփոխություններ: Օգտագործելով Ֆարադեյի պտույտի մեծ արժեքով օժտված բաբախիչների տվյալները՝ ցույց է տրվել, որ Գալակտիկայի հարթության մեջ Գալակտիկայի կենտրոնից 5 և 7 կիլոպարսեկներով սահմանափակված օղակում մագնիսական դաշտի ուղղությունը հակառակ է ուղղված մնացած տիրույթի դաշտի ուղղությանը: Այս արդյունքը լավ համապատասխանության մեջ է գտնվում տեսական հետազոտություններից հետևող վերոհիշյալ մոդելներին:
Աշխատանքն ունի հիմնարար նշանակություն, քանի որ փորձ է արվում գալակտիկաների մագնիսական դաշտերի առաջացումը զրոյից բացատրել նոր, մեր կարծիքով ամենաարդյունավետ գործող Բիրմանի մեխանիզմով», – բացատրեց Ռուբեն Անդրեասյանը:

Գիտական աշխատանքներն իրականացվել են «Գալակտիկաների մագնիսական դաշտերի ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում: Աշխատանքը տպագրվել է Ռուսաստանի Դաշնության «Астрономический Журнал» ամսագրում:

Աշխատանքի համահեղինակներն են երիտասարդ գիտնականներ, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի դոցենտ Եվգենի Միխայլովը և ֆիզմաթ գիտությունների թեկնածու Հասմիկ Անդրեասյանը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930