Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միգրանտներն ունեն կրթական ավելի բարձր մակարդակ, քան ՀՀ-ում ծնվածները

Ապրիլ 18,2022 14:30

Երկու տարի առաջ մեր բնակչության կազմից 105 հազար 700 մարդ ծնվել է արտերկրում:

Հինգ տարիների ընթացքում մեր երկրում միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված են եղել տնային տնտեսությունների 218 հազար 400 անդամներ: Նրանցից շուրջ 92 հազար 300 մարդ մեկնել է իր բնակավայրից եւ չի վերադարձել, տնային տնտեսությունների 90 հազար 700 անդամներ վերադարձել են մեկնումներից, իսկ 35 հազար 400-ը եղել են տվյալ բնակավայր նոր ժամանածներ։ Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի հրապարակած լայնածավալ հետազոտությունից, որը հրապարակվել է օրերս: Ըստ աղբյուրի, տվյալների համար հիմք են հանդիսացել 2015-2020 թվականների բնակչության միգրացիոն տեղաշարժերը: Ուսումնասիրվել է այդ թվականներին բնակչության միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված տնային տնտեսության անդամների վերջին տեղաշարժերի, սեռատարիքային կազմի, կրթական մակարդակի, զբաղվածության, առողջապահության, տրանսֆերտների եւ այլ տվյալներ:

Հետազոտված ժամանակահատվածում տնային տնտեսությունների միգրանտ անդամներից շուրջ 38 հազար 500 մարդու տեղաշարժը եղել է ներքին՝ հանրապետության տարածքում։ Պարզվել է, որ մեկնած միգրանտների շրջանում մեծամասնությունը եղել են տղամարդիկ, որոնք մեկնել են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) քաղաքային վայրեր։ Ավելի շատ մեկնումները եղել են տարեսկզբին՝ հունվար-մարտ ամիսներին, իսկ վերադարձած միգրանտներինը՝ տարեվերջին, հոկտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում։ Ի դեպ, նոր ժամանած միգրանտների շրջանում մեծամասնություն են կազմել կանայք, որոնց գերակշիռ մասը ժամանել է ՌԴ-ից՝ հիմնականում քաղաքային բնակավայրեր։ Տեղեկանում ենք, որ նոր ժամանած միգրանտների շարժը հետազոտվող ժամանակահատվածում հիմնականում եղել է կայուն, եւ համեմատաբար ավելի բարձր ինտենսիվություն է արձանագրվել մարտ, օգոստոս եւ դեկտեմբեր ամիսներին։ Մեկնած միգրանտների կեսից ավելին, վերադարձած միգրանտների հինգից մեկը որպես իրենց վերջին միգրացիայի հիմնական պատճառ են նշել աշխատանքը: Ընդհանուր առմամբ, մեկնածների ավելի քան 54.9%-ը, վերադարձածների՝ 75.9%-ն աշխատել է շինարարության ոլորտում։ Ընդ որում, նոր ժամանածների կողմից որպես իրենց միգրացիայի պատճառներ նշվել են՝ ընտանիք կազմելը, ընտանիքի հետ վերամիավորվելը եւ աշխատանքը։ Միգրանտները զբաղված են եղել նաեւ տնտեսական գործունեության այլ ոլորտներում եւս՝ մշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության, մեծածախ եւ մանրածախ առեւտրի, ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգման, փոխադրումների եւ պահեստային տնտեսության, կացության եւ հանրային սննդի կազմակերպման։

Վերջին միգրանտներից, ընդհանուր հաշվով, շուրջ 101 հազար 100 մարդ՝ արտերկրից տրանսֆերտներ են փոխանցել, որոնց գերակշիռ մեծամասնությունը ուղարկվել է ընտանիքի անմիջական անդամին։

Նույն զեկույցից տեղեկանում ենք, որ 2020 թվականին երկրի մշտական բնակչության՝ 2 միլիոն 900 հազար կազմում արձանագրվել է արտերկրում ծնված 105 հազար 700 մարդ։ 24 հազարը ծնվել է Վրաստանում, 33 հազար 130-ը՝ ԱՊՀ երկրներում, 14 հազար 40 մարդ ծնվել է Ռուսաստանում, 1987 մարդ եվրոպական երկրներում, 13 հազար 294-ը՝ Արցախում, 4 հազար 582-ը՝ Սիրիայում, 12 հազար 658-ը այլ երկրներում, 1903-ը՝ Ուկրաինայում:

Հետազոտությունը պարզել է, որ ընդհանուր առմամբ, միգրանտներն ունեն կրթական ավելի բարձր մակարդակ, քան ՀՀ-ում ծնվածները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930