Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոմա. Կրակե օղակ»-ը կարող է հավակնել հեղինակավոր թատրոնների բեմերում ցուցադրվելուն

Ապրիլ 18,2022 13:00

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 14-ին կայացավ Ավետ Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» օպերայի պրեմիերան։ Ներկայացման երաժշտական ղեկավարն ու դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, բեմադրող ռեժիսորը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը, բալետմայստերը՝ Արա Ասատուրյանը,  բեմադրող նկարիչը Ռաֆայել Խաչատրյանն է, զգեստներինը՝ Ռուբինէ Հովհաննիսյանը, վիդեո կոնտենտի բեմադրիչը՝ Դավիթ Բաբայանը, լուսավորման նկարիչը՝ Սամվել Մալերյանը։



Գլխավոր դերերգերով հանդես եկան թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի մեներգիչներ Սիլվա Պետրոսյանը՝ Սոմա, Ֆերդինանդ Մինասյանը՝ Արեգ եւ թատրոնի մեներգիչ Հովհաննես Անդրեասյանը՝ Ագնի։ Ներկայացմանը ընդգրկված էին թատրոնի երկու երգչախմբերը (խմբավարներ՝ Էմմա Առաքելյան եւ Հրաչ Բորյան), միմանսների խումբը (ղեկավար՝ Արփի Մաղաքյան) եւ, իհարկե, նվագախումբը։


«Պաշտոնական» այս ծանուցումից հետո նախ ներկայացնենք մեր թատրոնում Տերտերյանի հիշյալ օպերայի ոչ ստանդարտ ճակատագիրը։ Այն առաջին անգամ բեմադրվել է 1967թ., լիբրետոյի հեղինակն էր Վ. Շահնազարյանը՝ ըստ Վ. Լավրենյովի «41-րդը» պատմվածքի, Չարենցի «Ամբոխները խելագարված» եւ «Սոմա» պոեմների ու բանաստեղծությունների, ռեժիսորներն էին Վ. Բագրատունին եւ Լ. Միխայլովը, բեմադրող դիրիժորները՝ Ա. Քաթանյանն ու Ա.  Տերտերյանը, նկարչական ձեւավորումը Մինաս Ավետիսյանինն էր, պարերը բեմադրել էին Վ. Խանամիրյանն ու Վ. Գալստյանը։



Պրեմիերայից հետո այս ներկայացումն այլեւս բեմ չի բարձրացել Արփենիկ Չարենցի ջախջախիչ հոդվածի պատճառով։ 1979-ին ռեժիսոր Տիգրան Լեւոնյանն ու դիրիժոր Արամ Քաթանյանը բեմադրում են նույն օպերան՝ ըստ Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի «Դեպի արեւն էին գնում» խորագրով ներկայացումը։

Այս անգամ դարձյալ Արփենիկ Չարենցը հանդես է գալիս հոդվածով, նշելով, թե այդ բեմադրության մեջ «մի քիչ Չարենց կար՝ ըմբոստ, մարտնչող»։ Այս բեմադրությունն էլ երկար կյանք չունեցավ։ Երրորդ անգամ 2014թ. օպերային թատրոնը դարձյալ անդրադարձավ այս օպերային՝ կինոռեժիսոր Մարիա Սահակյանի եւ դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի մեկնաբանությամբ։ Այս բեմադրության ճակատագիրն էլ էր տարօրինակ. այն ներկայացվեց ընդամենը մեկ անգամ՝ Շուշիի ռեալական ուսումնարանի բակում։

 

Ու թեեւ արձագանքները դրական էին, բայց «Կրակե օղակը» հետագա կյանք չունեցավ, ինչը պատճառաբանվեց, թե այն նախատեսված էր ոչ թե բեմի, այլ բացօթյա բեմադրության ձեւաչափով։ Ժամանակին «Կրակե օղակի» առիթով մեզ հետ զրույցում անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանն ասել էր. «Կոմպոզիտորն իր ստեղծած այս առաջին օպերայում «շեղվեց» ազգային արվեստում օպերայի ավանդական ձեւի մասին մեր ունեցած պատկերացումներից։ Կերտեց իր սեփական ոճը՝ ժամանակակից մտածողությանը հատուկ հարմոնիկ միջոցներով ու օրատորիայի ոճին բնորոշ շարադրանքով։ Նա հրաժարվեց ասերգից, դիմեց երկխոսություններին, այդպիսով երաժշտությանը հաղորդելով ընդգծված դինամիզմ։ Մեներգիչներից բացի, իմ կարծիքով, գլխավոր դերակատար է նաեւ երգչախումբը, որը հանդես է գալիս մեկնաբանի, կարեկցողի, համակրողի, խորհրդատուի դիրքերից, այդպիսով նպաստելով սյուժեի լարված ընթացքին»։

Հիմա գանք օրերս կայացած Տերտերյանի օպերային, այս անգամ վերնագրված «Սոմա. Կրակե օղակ»։ Բայց առաջ ընկնելով ասենք, որ մելիքսեթյանական այս բեմադրությունը ավելին էր, քան ներկայացում՝ շնորհիվ վիդեո բեմադրիչի եւ լուսավորման նկարչի կատարած իսկապես ֆիլմ հիշեցնող հսկայական աշխատանքի։ Ի դեպ, մտաբերեցինք Համազգային թատրոնում 2020թ. Նարինե Գրիգորյանի ռեժիսուրայով իրականացված Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» նովելի հիման վրա «Փափլիկը» բեմադրությունը, որը նույնպես իրականացվել էր ֆիլմին հատուկ «ատրիբուտներով»։ Նորություն էր, որ երգչախմբի արտիստներն ու միմանսների խումբը ընդգրկված էին նաեւ պարային տեսարաններում։ Նշենք նաեւ, որ մեզ հաճելիորեն զարմացրեց բուկլետում տեղ գտած երկու գործողությամբ օպերայի լիբրետոյի շարադրանքը, ինչը կարծես պատասխանում է մինչ պրեմիերան համացանցում հայտնված տարաբնույթ գրառումներին, որոնց հեղինակները, չգիտես ինչու, ենթադրություններ էին արել, թե Մելիքսեթյանի բեմադրությունը ոչ մի կապ չունի Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի հետ։

Ներկայացման սկզբում ժամանակակից քաղաքի ուրվագիծ ներկայացնող տեսարանում ժամանակ առ ժամանակ փայլատակում է կայծակը, աստիճանաբար մոտենում է «Սոմա» փոթորիկը, սկսվում է ամպրոպ, քամի ու կարմիր ճառագայթ, որն աստիճանաբար մեծանալով վերածվում է մեծ հրե գնդի, որի ներսում է հայտնվում գեղեցկուհի, լուսատու, մոլորակի տիրուհի Սոման։ Մարդիկ շտապում են հրապարակ, հավաքվում է ամբոխ, որը փորձում է հանգցնել այրվող գունդը։ Բազմության մի մասն էլ սկսում է երկրպագել այդ գունդը ու ներսում գտնվող դիցուհուն։ Կրակը հանգցնել փորձողների թվում է Արեգն՝ իր շքախմբով։ Նրանք գունդը հրելով հեռացնում են հրապարակից, որի ներսից հանում են Սոմային ու փակում վանդակում… Հավաքված ամբոխին Սոման հրավիրում է խնջույքի, որտեղ նրանք կարող են համտեսել Սոմայի դյութական ըմպելիքը։ Արեգը հիացած է Սոմայի գեղեցկությամբ, իսկ վերջինս սկսում է գայթակղել նրան։ Նրանց շրջապատում են ոգիները։ Բազմությունը կոչ է անում Արեգին՝ սպանել Սոմային, բայց Սոմայի հմայքից կախարդված երիտասարդը անդրդվելի է։ Այստեղ ռեժիսորական հետաքրքիր, բայց պարզ լուծում է տրված. վերեւից իջնում է կաթսա՝ լցված Սոմայի դյութական նեկտարով եւ սկսվում է յուրօրինակ ծիսակարգ, որի ժամանակ արբեցնում են Արեգին։ Երիտասարդը փնտրում է Սոմային, որը ցնորքի պես հայտնվում է նրա տարբեր կողմերում… Գինովցած Արեգը ուզում է տիրել Սոմային, որն այդպես էլ չի տրվում նրան։ Ոգիներն էլ կարծես պատ են դառնում նրանց երկուսի միջեւ։ Այստեղ սկսվում է լուրջ պայքար…

Երկրորդ գործողությունը սկսվում է Արեգի ու Սոմայի սիրային դուետով։ Այստեղ էլ են հայտնվում ոգիները, շրջապատում սիրահարներին։ Չմոռանանք նշել, որ արբեցնող ըմպելիքի ազդեցությունից մարդկային կրքերը խիստ բորբոքվում են։ Հերոսուհին ոգեւորում է ամբոխին, բոլորին ներքաշելով խելահեղ ու կործանիչ շուրջպարի մեջ… Մարդիկ հարբած գլորվում են, իսկ ոգիները նրանց դիմակներ են հագցնում ու տանում իրենց շարքերը։ Հենց ոգիների oգնությամբ էլ Սոման այրվող մեծ գունդը գլորում է մարդկանց վրա։ Ոգիների ու Սոմայի դեմ միայնակ է մնում Արեգը։ Սոման կրակի միջից հառնում է գնդի վրա, գրկում ու համբուրում Արեգին։ Բայց գունդը գլորվում ու կործանում է երկուսին էլ։ Իսկ վերջում Սոմայի հոր՝ Ագնիի ցասում ու զայրույթ արտահայտող ձայնից գունդը պայթում է՝ ծածկելով ամենքին, ամեն բան։ Ձայնը ազդարարում է չարենցյան տողերը.

Սոմա, սերը քո թույն է ու գինի,

Սոմա, աշխարհում թող կամքդ լինի

Տիեզերական…

Ներկայացման ավարտից հետո հանդիսատեսը «բրավո» գոչելով չէր շտապում լքել դահլիճը ու լսելի էին կարծիքներ, թե ժամանակակից ռեժիսուրայով այս ներկայացումը իսկապես կարող է հավակնել հեղինակավոր թատրոնների բեմերում ցուցադրվելուն։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Սոմա – Սիլվա Պետրոսյան, Արեգ – Ֆերդինանդ Մինասյան

«Առավոտ» օրաթերթ

16.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930