Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Չոփչոփիկը», Սեթն ու փոքրիկ հանդիսատեսը

Ապրիլ 18,2022 12:30

Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում «Չոփչոփիկը» մանկական երաժշտական, զվարճալի, կրթադաստիարակչական  ներկայացումն էր: Փոքրիկ հանդիսատեսը մինչեւ ներկայացման սկիզբն արդեն ուրախ տրամադրությամբ էր լցված, ծափերն էլ՝ անպակաս: Նրանց շուրթերից հաճախ էր լսվում. «Վարագույրը շուտով կբացվի»: Բացվեց։ Ներկայացումն սկսված է: Բեմում «Չափչոփիկը» ներկայացման գլխավոր հերոսն է՝ Սեթը, ում մարնավորում է երիտասարդ, շնորհաշատ դերասան Վահագն Թովմասյանը: Զարմանալի կլիներ, եթե փոքրիկները միանգամից չարձագանքեին նրա «օրերով չլվացած դեմքին», շարժումներին, ճաշելու ժամանակ երեխային հատուկ չարաճճիությանը:

Սեթը, որ սիրում է տիեզերքն ու տեսակով  իմաստուն է, անհասկանալի դրության մեջ է հայտնվում` բոլոր իրերը լքում են նրան։ Իսկ շրջապատում նրան հասկացնում էին` այդ ամենը կապված է այն բանի հետ, որ նա չի լվացվել։

Վահագն Թովմասյանին հաջողվել է փայլուն դերասանախաղի միջոցով փոքրիկ հանդիսատեսին համոզել, որ ապագա տիեզերագնաց Սեթն իրականում այդպիսին է` խելացի, բայց լվացվել չի սիրում։ Այդ ամենին զուգահեռ հետաքրքիր է, որ բոլոր առարկաները լքել են Սեթին, բացի  ինքնաթիռից։ Սա գուցե նաեւ նոր թռիչքների հնարավորություն տվեց փոքրիկ տղային։

Լուսային-պատկերային անցումները նույնպես հետաքրքրություն առաջացրին երեխաների մոտ։ Նրանք անընդհատ թվարկում էին այն կենդանիների անունները, որոնք անցնում էին ստվերների տեսքով։

Այնուհետեւ Փոքրիկ իշխանն է իր խորհուրդներով այցելում տղային։ Նա պատմեց մոլորակը մաքուր պահելու մասին, ապա հարցրեց` ջուր չկա՞ ձեր երկրում, որ չես լվացվում։ Հարցին հետեւեց Սեթի պատասխանը. «Մեր մոլորակում ամեն ինչ էլ կա։ Ապրում եմ ամենագեղեցիկ երկրում` Հայաստանում»։

Իսկ ահա չոփչոփիկը, որը խիստ զայրացած է Սեթի պահվածքից, բացատրում է, թե ինչքան կարեւոր է առողջ ապրելակերպը մարդու համար։ Ներկայացման ընթացքում նաեւ շան կերպարն էր մեծ ուրախություն առաջացնում փոքրիկ հանդիսատեսի մոտ։ Վերջապես բոլորը կարողանում են համոզել, որ Սեթը լվացվի եւ անցնի բնականոն կյանքի։

Ներկայացումն ավարտված է։ Երբ Սեթին կերպավորած Վահագն Թովմասյանին փոքրիկները տեսնում էին բակում, բացականչում էին` Սե՛թ, Սե՛թ։ Երեւի սա լավագույն ձեւով է ներկայացնում, թե երեխաների համար ինչքան է տպավորիչ եղել ներկայացումը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

16.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930