Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հանցավոր գործողություններն Արցախի ժողովրդի դեմ». անառարկելի հիմքերով ՄԻՊ զեկույցը

Ապրիլ 18,2022 15:30

2021թ.-ի ընթացքում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակել է 2020 թ. աշնանը Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով անհայտ կորած եւ գերեվարված անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրումը, ցուցակների պարբերաբար թարմացումները եւ դրանք՝ Արցախի Հանրապետության եւ ՀՀ-ի պետական մարմիներին եւ միջազգային կազմակերպություններին տրամադրելու ուղղությամբ աշխատանքները։ Օրերս հրապարակված՝ Արցախի ՄԻՊ 2021թ.-ի տարեկան զեկույցում նշվում է, որ ակտիվ եւ օպերատիվ աշխատանքներ են տարվել 2020թ.-ի  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտմամբ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետեւանքով Արցախի ժողովրդի իրավունքների կապտագույն խախտումները փաստագրելու եւ դրանք միջազգային ատյաններին ներկայացնելու ուղղությամբ։ Արձանագրված յուրաքանչյուր դեպքով ՄԻՊ-ը հանդես է եկել հրապարակային հայտարարություններով, ներկայացրել դեպքերի մանրամասներն ու նամակներով դիմել միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին։

Զեկույցում արձանագրվել է, որ 2020թ. նոյեմբեր ամսից սկսած Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի եւ Շուշիի շրջանների գյուղերի հարեւանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել մոտակա հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կամ օդ, որի հետեւանքով հաճախ գնդակները թափվել են բնակարանների տանիքներին կամ բակերում, խոցել բնակելի տների եւ այլ շինությունների պատերը, պատուհանները։ Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը պարբերաբար խախտել է դրա 1-ին կետում նշված` «կրակի ու ռազմական գործողությունների լիակատար դադարեցման» պայմանը, որի հետեւանքով սպանվել են մարդիկ, խախտվել եւ ճնշվել են մարդու գոյության ու ապրելու համար անհրաժեշտ պարզագույն իրավունքներ: Սրան զուգահեռ՝ ադրբեջանական կողմը տարբեր մոթոդների կիրառմամբ շարունակել է ոտնձգություններն Արցախի քաղաքացիների հոգեբանական անձեռնմխելիության դեմ՝ նպատակ հետապնդելով վախի եւ հուսահատության մթնոլորտ ձեւավորելու խաղաղ բնակչության շրջանում եւ ստիպելու մարդկանց լքել իրենց բնակավայրերը։ Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով մի շարք համայնքներում դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները, սրանով իսկ բնակչությունը զրկվել է արժանապատիվ աշխատանքով սեփական ապրուստի միջոցը հայթայթելու հնարավորությունից։ Արցախի Հանրապետության տարածքում տարբեր ինտենսիվությամբ նկատվել է կապի եւ հեռահաղորդակցության միջոցների խափանումներ։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Արցախի տարածքում կապի հասանելիությունը խլացվում է Շուշիի մերձակայքում տեղադրված հատուկ խլացուցիչների միջոցով։

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածը Արցախի Հանրապետության՝ 44- օրյա պատերազմի հետեւանքով շփման գծի հարեւանությամբ հայտնված քաղաքացիական բնակավայրերի հարակից հատվածներում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների նկատմամբ կատարվել է 69 հանցագործություն, որոնց կապակցությամբ, ըստ ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկության, հարուցվել է ընդհանուր 54 քրեական գործ: Ընդհանուր առմամբ արձանագրվել է սպանության 5 հանցավոր դեպք (քաղաքացիական անձանց սպանության` 3 դեպք), սպանության փորձի՝ 28 (որից 19-ը` ուղղված զինվորականների դեմ), ահաբեկչական գործողության՝ 1, հրազենի գործադրմամբ գույքի ոչնչացման՝ 16 (որից 10-ը` ռազմական գույքի ոչնչացում կամ վնասում), գույքի ոչնչացման ու վնասման փորձի՝ 5, գողության՝ 3, կողոպուտի՝ 2, գերեզմանները ոչնչացնելու՝ 3, խոշտանգման՝ 4, սպանության սպառնալիք տալու եւ մարդու առեւանգման՝ 1-ական դեպքեր: Սպանվել է 3 քաղաքացիական անձ եւ 10 զինվորական, սպանության փորձի ենթարկվել 77-ը (50 զինվորական), տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել 37 անձ (28 զինվորական), ֆիզիկական բռնության է ենթարկվել 8-ը, սպանության սպառնալիքի` 2-ը:

Արցախցիների սեփականության իրավունքի դեմ ուղղված հանցավոր ոտնձգությունների հետեւանքով հափշտակությամբ (գաղտնի եւ բացահայտ) ֆիզիկական անձանց պատճառվել է 17.710.000 դրամի գույքային վնաս (հափշտակվել են խոշոր եղջերավոր անասուններ եւ մեկ տրանսպորտային միջոց): Գույքի դիտավորյալ ոչնչացմանը կամ վնասմանն ուղղված հանցավոր դիտավորության իրագործման հետեւանքով խոցվել կամ թիրախավորվել են 9 բնակելի տուն, 3 գյուղատնտեսական տեխնիկա, 9 տրանսպորտային միջոց (7-ը` ռազմական), շինարարական 2 տեխնիկա, հրկիզվել են 3 այգի ու ցանքատարածք, հրազենի գործադրմամբ հեռահար թիրախավորվել է խոշոր եղջերավոր անասունների 1 խմբաքանակ, պատճառվել առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

2021թ.-ի ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցի թարմացված տարբերակը, որում ամփոփվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021թ. սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում ՄԻՊ  աշխատակազմի փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տվյալները՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման եւ ներխուժման հետեւանքով զոհված քաղաքացիական անձանց վերաբերյալ։ Ներկայացվել են միայն անառարկելի հիմքերով ապացուցված դեպքերը։ Յուրաքանչյուր քաղաքացիական զոհի սպանության հանգամանքների վերաբերյալ զեկույցում ներկայացված է հակիրճ նկարագրություն։ Մինչեւ 2021թ. սեպտեմբերի 27-ը հավաքագրված տվյալներով պարզվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանված 80 քաղաքացիական անձանց ինքնությունը։ 42 քաղաքացիական անձինք սպանվել են ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների՝ ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետեւանքով, իսկ 38 քաղաքացիական անձինք սպանվել են ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի եւ այլ անմիջական միջոցների կիրառմամբ: 80 քաղաքացիական զոհերից 68-ը տղամարդիկ են, 12-ը՝ կանայք։ 52 քաղաքացիական անձ սպանվել է բնակության վայրում, 15-ը` հասարակական վայրում, 11-ը` աշխատանքի վայրում, 1 հոգի` ադրբեջանական բանտում։ Քաղաքացիական զոհերի թվում մեծամասնություն են կազմում 63 եւ ավելի տարիք ունեցող անձինք։

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաեւ 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որի զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետեւանքով: Ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներից երկու տասնյակ քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռեւս մնում է անհայտ։ Զեկույցը պատրաստվել է փակ եւ հրապարակային տարբերակով։ Փակ զեկույցում ավելացված են բազմաթիվ լուսանկարներ՝ ներկայացնելով զոհերին մահից առաջ ու հետո:

Հրապարակային զեկույցը պատրաստվել է առանց լուսանկարների՝ հաշվի առնելով դրանցում առկա դաժան ու զգայուն պատկերները: Պաշտանի կողմից հրապարակված զեկույցը որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Միացյալ ազգերի կազմակերպությունում։

Հրապարակման պատրաստեց

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930