Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Դեմիրճյանը խորհրդային և հետխորհրդային շրջանի միակ ամենասիրելի ղեկավարը մնաց

Ապրիլ 17,2022 22:13

…1998 թ. նախագահական ընտրություններին ի մասնակցությունը նման էր տեղատարափի պահին բացվող երկնքի: Քաղաքական դաշտի բարոյալքության, հետպատերազմյան փլուզված տնտեսության, հասարակության անպաշտպանվածության, համընդհանուր հուսալքության, անորոշության ու խարխափումների ճանապարհին սիրելի ղեկավարի վերադարձը բաղձալի անակնկալ էր:

Հայաստանի ղեկավարման շուրջ մեկուկես տասնամյակի ընթացքում Խորհրդային Միության, ասել է թե Կրեմլի դաժանագույն ռեժիմի պայմաններում նա մեր երկրի համար արեց հնարավոր առավելագույնը` Հայաստանը բոլոր բնագավառներում դարձնելով տարածաշրջանի առաջատար պետություն: Միության շատ երկրների ու հատկապես հարևան Վրաստանի և այսպես կոչված «ադրբեջանի» բնակչությունը մեր թեթև արդյունաբերական ապրանքների ու սննդամթերքի ամենաակտիվ ու անմիջական սպառողներն էին:

Մեզ համար սովորական երևույթ էր միութենական այլ պետություններից խմբերով առևտրի եկած քաղաքացիներին տեսնել Հայաստանի տարբեր բնակավայրերի ու հատկապես Երևանի խանութներում: Բարեկեցիկ անցյալի այսպիսի հիշողության ու մշուշոտ ապագայի խաչմերուկում Կարեն Դերմիճյանի վերադարձը ուղղակիորեն ընկալվեց որպես փրկություն: Մեծագույն վստահությամբ ու սատարումով ես ևս փափագում էի նրա հաղթանակը: (Մյուս թեկնածուին՝ Ռ․ Քոչարյանին ես չէի ճանաչում, ճիշտ այնպես, ինչպես ինքը չէր ճանաչում Հայաստանը, Հայաստանի պատմությունը, աշխարհագրությունը, մշակույթը, ԼԵԶՈՒՆ: Այս մասին որպես «նախընտրական հարցազրույց» նա խոստովանել է Արամ Աբրահամյանի «Հետգրություն» հաղորդման մեջ: Նրա մասին ինձ հայտնի էր միայն, որ նա մեծաթիվ ձայներով ընտրվել էր Արցախի նախագահ։ Եվ կարճ ժամանակ անց թողնելով նախագահի պաշտունը բերվել էր Հայաստան որպես վարչապետ։ Ավելին, որ` չունենալով Հայաստանի 10-ամյա քաղաքացիություն` իր առաջադրմամբ նա խախտում, ոտնահարում էր մեր պետության բարձրագույն Օրենքը` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ):

…Կարեն Դեմիրճյանը ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև Խորհրդային միության ամենահմայիչ, առինքնող ու արժանապատիվ ղեկավարն էր: Կրեմլը և մյուս պետությունների ղեկավարները նրան վերաբերվում էին անվերապահ ակնածանքով, իսկ ռոմանտիկ կանայք սիրահարվում էին նրան անհույս ու թաքուն սիրով: «Անհույս» եմ ասում, որովհետև բոլորը գիտեին, որ նա անհունորեն ու անմնացորդ նվիրումով սիրում էր իր գեղեցկուհի կնոջն ու գաղափարական ընկերուհուն:

Հազարամյակների ազգ լինելով՝ մենք` հայերս, սովորություն ունենք մեր ժամանակների սիրելի անհատներին ու ղեկավարներին զուգորդել անցյալի մեր հերոսական ու պանծալի կերպարների հետ: Կարեն Դեմիրճյանին կոչում էինք «Մեր Տիգրան Մեծ», ոչ միայն նրա հմայիչ արտաքինի, այլ նաև ժողովրդի բարեկեցության ապահովման առումով:

Մայրս, լինելով հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, նույնպես զերծ չէր կերպաների զուգորդման գայթակղությունից: Եվ քանի որ նրա համար հայուհու հավաքական կերպարը Փառանձեմ թագուհին էր, որը պատմությունից հայտնի է իր գեղեցկությամբ, վեհանձնությամբ, բարեկրթությամբ ու հերոսական հայրենասիրությամբ, Կարեն Դեմիրճյանի սիրելի կնոջ մեջ տեսնում էր Փառանձեմ թագուհու կերպարը:

Ռիմա Դեմիրճյանի հանդեպ ժողովրդի մեծագույն հարգանքը պայմանավորված էր նաև նրա բարձր առաքինությամբ, իրեն մյուսներից չզատելու կրթվածությամբ: Ծայրահեղ զուսպ էր հատկապես հասարակության մեջ ամուսնու կողքին երևալու գրավչությունից, եթե դա արարողակարգային անհրաժեշտություն չէր:

2018-ին Հայաստան այցիս ամենալուսավոր էջը այդ մեծ հայուհու հետ իմ հանդիպումն էր, նրա էությամբ հարստանալու հնարավորությունը, որ ինձ տրվեց մեր ոգելից զրույցի ընթացքում: «Հոկտեմբերի 27-ի» ցմահ ծխացող վիշտը հոգու խոր խորքերում թաքցրած` նա խոսում էր երկրի ներկայի ու զարգացման ընթացքի մասին,ցանկանալով Հայաստանի ապագան տեսնել այնպիսին, ինչպիսին երազում էր տեսնել Կարեն Դեմիրճյանը:

Շատ վաղուց կարոտ լինելով լայնախոհ ու բարեկիրթ զրույցի` ես պարզապես վայելում էի նրա թավիշ ձայնով պարուրված հայեցի հարուստ խոսքը: Չցանկանալով ցավեցնել սիրելի ամուսնու կյանքի վերջին շրջանի հետ կապված նրա վիրավոր հիշողությունը` ես չպատմեցի օպերային դահլիճում Կարեն Դեմիրճյանի հետ , ինձ համար նախադեպը չունեցող , նախընտրական հանդիպման մասին:

…1998 թվականի այդ օրը օպերային դահլիճը լեփ լեցուն էր, կագնելու տեղ անգամ չկար: Այնտեղ էր Երևանի 70-80- ականների այլևս անկրկնելի գրեթե ողջ էլիտան: Դահլիճն ասես շիկացել էր սիրելի ղեկավարին րոպե առաջ տեսնելու անհամբերությունից:

Կարեն Դեմիրճյանին դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով, սիրո ու կարոտի բացականչություններով, արցունքախառն ժպիտներով: Ներկաների զգալի մասն ասես ուներ մեղքի մի հեռավոր զգացում և ուզում էր այն փարատել սիրո ու վստահության բարձրաձայն խոստովանությամբ: Կարեն Դեմիրճյանը, որ չափազանց զուսպ էր անձնական ապրումների ու տրամադրության դրսևորման մեջ` նույնպես ակնհայտ հուզված էր:

Հարցերը տրվում էին գրավոր: Դրանք բազմաբովանդակ էին` արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առողջապահության, կրթության,գիտության և սոցիալ-տնտեսական մյուս բնագավառների ծանրագույն խնդիրների լուծման,ինչպես նաև հետպատերազմական փլատակներից երկիրը ոտքի կանգնեցնելու նրա ծրագրերի վերաբերյալ էին:

Իմ հարցը հետևյալն էր. «Ձեր ընտրվելու դեպքում, իսկ որ Դուք կընտրվեք` կասկած չունենք, կաշխատե՞ք պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ»:

Նա հանգիստ պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ չպետք է աշխատեմ: Նա պաշտպանության լավ նախարար է: Ես կաշխատեմ բոլոր նրանց հետ, ովքեր իրենց գործը կատարում են մասնագիտական բարձր մակարդակով ու պատասխանատվությամբ»…

Հանդիպումը տևեց բավականին երկար: Հարցերը գրեթե սպառվել էին, բայց մարդիկ չէին ուզում հրաժեշտ տալ հարազատ ղեկավարին։

Դահլիճից դուրս գալիս բոլորիս դեմքին կար մի խաղաղ հանգստություն: Մենք վստահ էինք, որ Կարեն Դեմիրճյանի կառավարմամբ, ով Հայաստանը ճանաչում և սիրում էր իր զավակի նման, մենք կվերականգնեինք ու կկառուցեինք մեր երազած ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:

«Հիշողության կայարաններ» շարքից

Անահիտ ՔՆԱՐՅԱՆ

ՆՅՈՒ ՅՈՐՔ

Որպես վերջաբան՝ Հայաստանի Ազգային Հերոս, ժողովրդի սիրելի ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ հիշատակին

Օրը կիսատ մնաց,-

Խաչքարի խնկաբույր նախշ

ու գրի վրա

Օրհնությունը պաղեց:-

Օրը կիսատ մնաց:

***

Կյանքը մնաց կիսատ…-

Կաղնին շանթահարվեց,

խաչքարը ճաք տվեց…

Աշունն, ավաղ,գուժկան`

– Կյանքը կիսատ մնաց:

Վերջին աշունն էր այն,-

Բառը կախվեց օդում, ձեռքը

կախվեց օդում`

Երակը բաց մնաց:-

***

Աշունը` արյան շիթ,

Մատյանի փակ էջին ու

խաչքարին մնաց

Վերջին աշունը այն:

***

Անահիտ ՔՆԱՐՅԱՆ

1999թ. նոյեմբեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930