Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ապագայի 15 սկզբունքներ․ Մաս 1

Ապրիլ 17,2022 22:00

ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

2021 թ. նոյեմբերի 9-ին լրացավ Արցախում 44-օրյա պատերազմի ավարտի ուղիղ մեկ տարին։ Հայկական ավանդույթների համաձայն, այն եղավ սգո տարի, երբ մենք հարգանք էինք մատուցում զոհերի հիշատակին։

Իսկ այժմ հասել է ժամանակը, որ բոլոր մտածող և ոչ անտարբեր մարդիկ միասնաբար իմաստավորեն անցած 30 տարիների, անցյալ ու ընթացիկ տարվա իրադարձությունները և, վերլուծելով բոլոր սխալներն ու նվաճումները, որոշակի հանրագումարի բերեն կատարվածը։ Հասել է ժամանակը, որ մեզանից յուրաքանչյուրը վերջապես գիտակցի իր պատասխանատվությունը ոչ միայն անձամբ իր և իր մերձավորների ապագայի, այլև մեր երկրի ու ազգի ապագայի հարցում։

Անկասկած, քիչ չեն մարդիկ, որոնք համարում են, թե այդ հարցն իրենց չի վերաբերում, որ եթե Հայաստանում գործերը շատ վատանան, իրենք միշտ ունեն պահեստային ծրագիր։ Հավատացեք, դա պատրանք է. ճիշտ այնպիսի պատրանք, որով 1915 թ.-ին իրենց մխիթարում էին Օսմանյան կայսրության հայերը։ Երբ հարևան գյուղում կոտորած էր ընթանում, շատերը վստահ էին, որ կարողանալու էին համաձայնության գալ ոճրագործների հետ և փրկագնով ազատվել։ Նոր պայմաններին հեշտությամբ հարմարվելու և նոր համայնքներում ինտեգրվելու կարողությունը միշտ եղել է մեր մրցակցային առավելությունը, սակայն մեր ողբերգությունն այն թեթևության մեջ է, որով հայերը, ավելի լավ կյանք որոնելով, լքել ու շարունակում են լքել իրենց հայրենի հողերը: Յուրաքանչյուրը միայն իրեն է փրկում՝ փոխանակ միավորվելու և ընդհանուր ջանքերով փրկելու իր հայրենիքն ու իր ժողովրդին, որի ճակատագիրը նվազ կարևոր չէ, քան առանձին վերցրած հայի ճակատագիրը։

Հոդվածս գրել եմ այս ու շատ ուրիշ հարցերի և հատկապես անձնական պատասխանատվության մասին խոսելու նպատակով: Իմ կարծիքով, այս հարցի մասին ամենից լավ արտահայտվել է նացիզմի ականավոր հակառակորդ, բողոքական հովիվ Մարտին Նիմյոլերը (1892-1984 թթ.). «Երբ նացիստները եկան կոմունիստների հետևից, ես լռեցի, քանի որ կոմունիստ չէի։ Երբ նրանք բանտարկեցին սոցիալ-դեմոկրատներին, ես լռեցի, քանի որ սոցիալ-դեմոկրատ չէի։ Երբ նրանք եկան արհմիության անդամների հետևից, ես լռեցի, քանի որ արհմիության անդամ չէի։ Երբ նրանք եկան հրեաների հետևից, ես լռեցի, քանի որ հրեա չէի։ Իսկ հետո նրանք եկան իմ հետևից, և այլևս ոչ ոք չէր մնացել, որ կարողանար բողոքել»։ Ցավալի է, որ հայերից շատերն առաջնորդվում են նույն տրամաբանությամբ։ Երբ պատերազմը սպառնում է Սյունիքին, իմ ի՞նչ գործն է. չէ՞ որ ես Տավուշում եմ ապրում։ Երբ Լիբանանի հայ համայնքը կանգնած է ոչնչացման եզրին, իմ խնդիրը չէ. չէ՞ որ ես լիբանանահայ չեմ։ Երբ Հայաստանում դպրոցահասակ երեխաները կանոնավոր կրթության հնարավորություն չունեն, ցավալի է, բայց իմ ընտանիքը բարեհաջող կերպով հաստատված է Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, իսկ երեխաներս հաճախում են հեղինակավոր դպրոց, և այսպես շարունակ։

Երբ հայության մեծ մասը (կատարված հարցումների տվյալներով` 80%-ը) հանգիստ է ընդունում պատերազմում կրած պարտությունը և Արցախի հողերի մեծ մասի կորուստը, դա վկայում է միասնության և հավաքական պատասխանատվության զգացման կորստի մասին։ Կորցնելով Արցախը՝ նույն հեշտությամբ մենք կարող ենք կորցնել նաև Սյունիքը, այնուհետև՝ Տավուշի մարզը և այլն։ Անմիաբանություն և անտարբերություն. ահա մեր հասարակության վտանգավոր հիվանդությունները, որոնք հարկավոր է հնարավորինս արագ հաղթահարել։

Միշտ դժվար է ոտքի կանգնել պարտությունից հետո։ Եվ սակայն ոգով ուժեղները ոչ թե հանձնվում են, այլ սեփական սխալները հասկանալու և ընդունելու, ուժերն ի մի բերելու և քրտնաջան աշխատանք սկսելու արիություն են գտնում իրենց մեջ, որպեսզի այլևս չկրկնեն միևնույն սխալները։ Եվ ահա՝ պատերազմից մեկ տարի անց, ժամանակն է հասկանալու, որ խաղաղություն կարող ենք ապահովել միայն այն դեպքում, եթե ինքներս ուժեղանանք, եթե միասնական լինենք և այդ միասնականությունը կարողանանք ցույց տալ մնացյալ ամբողջ աշխարհին։ Ոչ մի դեպքում չի կարելի համակերպվել պարտության հետ, առավել ևս, որ մեր հարևանը բավարարված չէ իր հաղթանակով և վաղ թե ուշ վերսկսելու է ագրեսիան։ Սա բոլորովին չի նշանակում, թե ես վրեժի կոչ եմ անում. խոսքն այն մասին է, որ դառնանք ինքնաբավ, քանի որ դրսից օգնության մշտական ​​ակնկալությունը մեզ դարձնում է խոցելի և կախյալ։ Մեր անվտանգությունը մեր սեփական ձեռքերի գործն է, մենք ինքներս պետք է ստեղծենք այն և սովորենք պաշտպանվել. այդ ժամանակ արդեն արտաքին օգնությունն իրեն սպասեցնել չի տա և արդյունավետ կլինի։ Ուժեղանալով՝ մենք կկարողանանք խաղաղության հասնել մեր պայմաններով, դառնալ մեր ապագայի տերերը և մեր դաշնակիցների արժանավոր գործընկերները։

Գլխավոր միտքը, որ կցանկանայի փոխանցել այս հոդվածով, իմ այն համոզմունքն է, որ Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի դառնալու հզոր երկիր, իսկ հայերը՝ ժամանակակից հաջողակ ժողովուրդ, որը կվերականգնի ավանդական արժեքները՝ հենվելով իր փառավոր անցյալի վրա, սակայն՝ հայացքը հառած դեպի ապագան։ Դրա համար մեզ հարկավոր է դուրս գալ թմբիրից, անտարբեր այն վիճակից, որի մեջ գտնվում ենք այսօր՝ 44-օրյա պատերազմում կրած պարտությունը համարելով սոսկ անցյալի տխուր մի դրվագ, որը ոչ մեկիս հետ անձնապես կապ չունի, և հասկանալ, թե որտեղ ենք գտնվում այժմ, ու քայլ կատարել փոփոխություններին ընդառաջ:

Զարգացման վեկտորի ու մոդելի իմաստալից ընտրությունը, որոնք կապահովեն Հայաստանի քաղաքացիների և աշխարհասփյուռ հայության անվտանգությունը, բարգավաճումն ու ազգային ինքնության պահպանումը, պետք է դառնա այն վճռական գործողություններից մեկը, որոնք հարկավոր է ձեռնարկել, որպեսզի Արցախը և նրա հետ միասին նաև Հայաստանը վերջնականապես կորցնելու զարհուրելի հեռանկարը չդառնա իրականություն: Բարեբախտաբար, Հայաստանում և հայկական աշխարհում կան առողջ ուժեր, որոնք պատրաստ են պատասխանատվություն ստանձնելու և իրենց ձեռքը վերցնելու դրական այն փոփոխությունների ղեկը, որոնք օդի պես անհրաժեշտ են մեզ։

Երեսուն տարի առաջ՝ 1990-ականների սկզբներին, չափազանց դժվար էր Հայաստանի երիտասարդ հանրապետության կայացումը։ Մենք պատրաստ չէինք անկախության և լիարժեք կերպով չօգտվեցինք մեր ճանապարհն ընտրելու իրավունքից։ Ավելին, հաղթելով Արցախի անկախության պատերազմում, մենք այդպես էլ չսովորեցինք հաղթող լինել և չդրեցինք ամուր խաղաղության հիմքերը՝ ուժեղ ու առաջադեմ բանակի և բարգավաճող պետության տեսքով։ Այն վիճակը, որում Հայաստանը գտնվել է 24 տարի, ո՛չ խաղաղություն կարելի է անվանել, ո՛չ պատերազմ։

Անցած 30 տարիների ընթացքում մենք չկարողացանք սովետական ​​վիթխարի ժառանգությունը հարմարեցնել նոր պետության ու հասարակության կարիքներին ու հնարավորություններին և ստեղծել կենսակարգի այնպիսի մի ձև, որը հայությանը կառաջնորդեր բարգավաճման: Հայաստանի քաղաքական ու ռազմական վերնախավը համարում էր, որ պատերազմում տարած հաղթանակն իրեն իրավունք և լեգիտիմություն  էր ընձեռում մենաշնորհով կառավարելու երկիրը։ Մենք բաց թողեցինք աստիճանական, էվոլյուցիոն փոփոխություններ կատարելու հնարավորությունը։ 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո սկսված փոփոխությունները, որոնք լավատեսություն էին ներշնչում, ցավոք, չհանգեցրին խորքային բարեփոխումների։ Մենք չօգտվեցինք նաև 2018 թ. իրադարձությունների արդյունքում բացված հնարավորությունների պատուհանից։ Հայաստանի և Սփյուռքի վերնախավերը չմիավորվեցին, որպեսզի միասնաբար կառուցեին երկիրը և վերածնեին ազգը։ Անցյալ տարի բռնկված լայնածավալ ճգնաժամն ու Արցախյան պատերազմը մեզ վերջին հնարավորությունն են ընձեռում կատարելու փոփոխություններ, որոնք այլևս չի կարելի հետաձգել։

Ես նախկինում բազմիցս հայտարարել եմ, որ ձեռնպահ եմ մնում քաղաքական գործընթացներին իմ անմիջական մասնակցությունից, սակայն ներկայիս բախտորոշ իրավիճակն ինձ թույլ չի տալիս չմասնակցել քաղաքական ու սոցիալական կարևորագույն հարցերի քննարկմանը։ Ինչպիսի՞ Հայաստան ենք մենք կառուցում և ինչպե՞ս ենք տեսնում հայ ժողովրդի ապագան։ Այս առումով ահա ես և իմ գործընկերները մուտք ենք գործում քաղաքական դաշտ։ Դրանով հանդերձ, ուզում եմ ընդգծել, որ շարունակում ենք մնալ հասարակական, ոչ թե քաղաքական գործիչներ։

Հայտնի է, որ հասարակության զարգացման կարելի է հասնել երկու ճանապարհով. ագրեսիայով ու հակամարտությամբ, որոնք ծագում են սահմանափակ ռեսուրսների և բարիքների համար մղվող պայքարից, և կարեկցությամբ ու փոխգործակցությամբ՝ հանուն այդ բարիքների համատեղ բազմացման: Ճանապարհի ընտրությունն ինձ համար ակնհայտ է, ինչպես ակնհայտ է նաև, որ ստեղծված իրավիճակը փոխելու համար պարտադիր չէ մասնակցել քաղաքական կուսակցությունների պայքարին և ձգտել վարչապետի պորտֆել ստանալու։ Իմ ուզածն ընդամենն այն է, որ անեմ առավելագույնը, ինչի ընդունակ եմ՝ ի բարօրություն իմ Հայրենիքի ու իմ ժողովրդի, և օգտակար լինեմ նրանց՝ այդ գործին պատշաճ որևէ կարողությամբ։

Անվիճելի է, որ ձեր ուշադրությանը ներկայացվող այս աշխատանքն ընդամենն ուրվագիծ է՝ ընդհանուր մի ուրվանկար, որը հարկավոր է լայնորեն ու բաց քննարկել, շատ հարցեր ճշգրտել ու կատարելագործել։

Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Էվոլյուցիոն վիզիոներ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, UWC Դիլիջան միջազգային դպրոցի, FAST հիմնադրամի, «Մատենա» միջազգային դպրոցի և այլ նախագծերի համահիմնադիր

Լուսանկարը՝ Անձնական արխիվից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930