Ինչպես հայտնել էինք, ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքը եւ մի շարք այլ քաղաքական գործիչներ այսօրվանից նստացույց են անում Ազատության հրապարակում․ ոստիկանները քաշքշելով հեռացրել էին վրաններն ու մի քանի ցուցարարի։
20:15-ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյան․ «Որոշեցի եւ եկա Ազատության հրապարակ՝ մենակ, նախապես ոչ մեկի հետ չպայմանավորվելով։ Հապաղելու ժամանակ չունենք, ուշացել ենք, ցավոք, բայց ես վստահ եմ եւ տեսնում եմ՝ այ այսքան մարդ որ կարճ ժամանակում հավաքվեց, զորակցեց․․․ Տեսնելով, թե ինչ քանակի ոստիկաններ են բերվել, որ խաղաղ ցույց անողների հանդեպ ուժ կիրառեն, հասկանում եմ, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Չենք հանձնվելու։ Անժամկետ բողոքի ակցիաները սկսված են։ Տուն չենք գնալու։ Մեր պայքարը հանուն մեր երկրի է, հանուն Արցախի, հանուն Արցախում ապրող այն քաղաքացու, որն ամեն օր քնում է եւ արթնանում է ու չգիտի՝ թուրքը մտնելո՞ւ է իր տուն, թե ոչ։ Մեր պայքարը Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանին ապրողի համար է։ Այս պայքարը, միանշանակ, հաջողելու է։ Այլ տարբերակ չկա։ Հավատացնում եմ, որ տուն չեմ գնալու։ Կթողնեն վրան դնել՝ կմնանք վրանում, եթե ոչ՝ փողոցում, բացօթյա երկնքի տակ կմնանք։
20:30 – «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը լրագրողներին տեղեկացրեց՝ հինգ ցուցարարի բերման են ենթարկել եւ խոստացել, որ կվերադարձնեն. «Ոստիկանությունը խախտեց օրենսդրությունը։ Նախ, չէին կարող արգելել, որպեսզի գույքը բերվեր հավաքի վայր, որովհետեւ մենք պաշտոնապես իրազեկել ենք, որ վրան ու աթոռ ենք բերելու։ Ընդ որում, անգամ տեղափոխել չթողեցին վրանները, բանը չհասավ տեղադրելուն։ Տեղափոխողներին բերման ենթարկեցին։ Փոխարենը օրենքով սահմանված կարգով աջակցեն հավաքին, խանգարեցին։ Երեւի իշխանության վերեւներում վրանից վախենում են, հասկանում են, որ իրենց վերջը եկել է։ Դրա համար ամեն կերպ փորձելու են խոչընդոտել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ