Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի Արա Ավանեսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Զինաիդա Արզումանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի համադպրոցական «Զատկական փառատոն» են կազմակերպել՝ ընդգրկելով 5-9-րդ դասարաններում սովորող աշակերտների, ինչպես նաև ուսուցիչներին:
Ճարտարի սուրբ Վարդան եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Հարոյանն օրհնել է զատկական սեղաններն ու խոսել օրվա խորհրդի մասին: Իսկ տարբեր դասարանների աշակերտներ հանդես են եկել գեղարվեստական համարներով՝ պար, երգ, ասմունք, ինչպես նաև խաղաղության կոչ արել՝ Արցախում ապրելու և արարելու հավատով:
Դպրոցի տնօրեն Զինաիդա Արզումանյանը «Զատկական փառատոնի» վերջում շնորհակալություն է հայտնել աշակերտներին և ուսուցիչներին՝ պատասխանատվությամբ և ջանասիրաբար համադպրոցական փառատոնը կազմակերպելու համար, այնուհետև տարբեր անվանակարգերում պարգևատրել մասնակիցներին:
Նշենք, որ «Զատկական փառատոնին» ընդգրկված էին նաև Կիրակնօրյա դպրոցի սաները: