Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք տուն չենք գնալու, մինչև չհասնենք մեր նպատակին․ հայտարարություն

Ապրիլ 17,2022 15:45

Հայաստանն ու Արցախն այսօր բեկումնային օրեր են ապրում։

Քաղաքական իշխանության վերջին օրերի կեցվածքն ու խոսքն ապացուցում են, որ իշխանություն կոչվածները մտել են մեր պետության ու պետականության կործանման վերջին փուլ։ Հապաղելու ժամանակ մենք այլևս չունենք։

Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս կործանարար անիվը կանգնեցնելու մի ճանապարհ կա՝ հայությունը պետք է արթնանա ու նորից մեկ բռունցք դառնա։
Այո՛, օրվա իշխանությունը վերջին տարիներին արել է հնարավոր առավելագույնը՝ ստով ու կեղծիքով մեր ժողովրդի զգոնությունը բթացնելու, ինքնապաշտպանական ներուժը զրոյացնելու ուղղությամբ։

Ցավոք, հիմա արդեն ոչ թե հորդորների ու կոչերի, այլ՝ ոտքի կանգնելու ժամանակն է։
Հանուն մեր հայրենիքի, մեր պետության ու մեր զավակների ապագայի՝ այսօր մենք պարտավո՛ր ենք արթնանալ, սթափվել, պայքարել ու կանգնեցնել այս իշխանությանն ու նրա հովանավորներին։

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սույն թվականի ապրիլի 17-ին մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս` կուսակցության ղեկավարի առաջնորդությամբ Ազատության հրապարակում ենք։

Մենք տուն չենք գնալու, մինչև չհասնենք մեր նպատակին։
Այս գործողության խնդիրն է՝ լինելով առավելագույնս հասանելի՝ յուրաքանչյուր քաղաքացու բացատրել իրավիճակը, հնարավորինս հասկանալի ազդարարել մոտալուտ անդառնալի աղետի զանգերը, կոչ անել, օրինակ ծառայել՝ միավորվելու և գործելու։
Մեզ համար չկան բաժանարար գծեր։ Մեզ համար կա մեկ օրակարգ՝ պահպանել մեր հայրենիքը, կանգնեցնել պարտության անիվը, ինչի համար մեզ կամք ու միասնականություն է պետք։ Մենք այլևս այլընտրանք չունենք։

Այսօր մեր սկսած պայքարը կարող է և պետք է դառնա համաժողովրդական։ Սա կուսակցական խնդիր չէ, սա ներքաղաքական մրցավազքի խնդիր չէ։ Սա գոյության պայքար է, պայքար է՝ արևի տակ մեր հայրենիքի, մեր պետության տեղն ունենալու համար։

Սիրելի՛ հայրենակիցներ,
Եկե՛ք Ազատության հրապարակ։ Եկե՛ք ընտանիքներով, ընկերներով, հարազատներով, եկե՛ք ձեզ հարմար ցանկացած ժամի։ Եկե՛ք՝ անկախ ձեր քաղաքական հայացքներից, եկե՛ք՝ հանուն մեր այսօրվա ու վաղվա, հանուն մեր զավակների ու մեր սերունդների ապագայի։
Մենք սպասում ենք ձեզ Ազատության հրապարակում։

«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930