ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 90-ամյակի առիթով այսօր ՀՀ պետական-քաղաքական գործիչներն ու քաղաքացիներն այցելել են նրա շիրիմին։
Կարեն Դեմիրճյանի որդին՝ «Հայաստանի ժողովրդական կուսակցության» առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց այն ձեռքբերումները, որոնք ՀՀ-ն ունեցավ Կարեն Դեմիրճյանի շնորհիվ․ «Պատահական չէ, որ անկախության տարիներին ժողովրդի պահանջով նա վերադարձավ մեծ քաղաքականություն։ Ժողովուրդը նրա մուտքը մեծ ցնծությամբ է ընդունել։ Նա խորը հետք է թողել ՀՀ-ի պատմությունում, նրա կառավարման տարիները զարգացման տարիներ էին»։
Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց նաեւ հետեւյալ հարցադրմանը՝ ինչպե՞ս կարձագանքեր Կարեն Դեմիրճյանը, եթե լսեր, թե ինչպես են այսօրվա իշխանությունները սխալ համարում «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» գաղափարը։ «Կարեն Դեմիրճյանը միշտ ինչ-որ արել է, արել է ի շահ մեր հայրենիքի եւ ժողովրդի»,-շեշտեց Ստեփան Դեմիրճյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ