Aravot.am-ը սկսում է էվոլյուցիոն վիզիոներ Ռուբեն Վարդանյանի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ 15 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ» հոդվածի հրապարակումը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, UWC Դիլիջան միջազգային դպրոցի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), «Մատենա» միջազգային դպրոցի և այլ նախագծերի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հոդվածը կայքում հրապարակվելու է 12 մասով՝ այսօրվանից սկսած ամեն օր, ժամը 22.00-ին՝ ներկայացնելով հոդվածի մեկ առանձին գլուխ։
Ստորև ներկայացնում ենք նախաբանից մի հատված.
«Հասել է ժամանակը, որ մեզանից յուրաքանչյուրը վերջապես գիտակցի իր պատասխանատվությունը ոչ միայն անձամբ իր և իր մերձավորների ապագայի, այլև մեր երկրի ու ազգի ապագայի հարցում։
Երբ հայության մեծ մասը (կատարված հարցումների տվյալներով` 80%-ը) հանգիստ է ընդունում պատերազմում կրած պարտությունը և Արցախի հողերի մեծ մասի կորուստը, դա վկայում է միասնության և հավաքական պատասխանատվության զգացման կորստի մասին։ Կորցնելով Արցախը՝ նույն հեշտությամբ մենք կարող ենք կորցնել նաև Սյունիքը, այնուհետև՝ Տավուշի մարզը և այլն։ Անմիաբանություն և անտարբերություն. ահա մեր հասարակության վտանգավոր հիվանդությունները, որոնք հարկավոր է հնարավորինս արագ հաղթահարել։
Կարդացեք նաև
Միշտ դժվար է ոտքի կանգնել պարտությունից հետո։ Եվ սակայն ոգով ուժեղները ոչ թե հանձնվում են, այլ սեփական սխալները հասկանալու և ընդունելու, ուժերն ի մի բերելու և քրտնաջան աշխատանք սկսելու արիություն են գտնում իրենց մեջ, որպեսզի այլևս չկրկնեն միևնույն սխալները։ Եվ ահա՝ պատերազմից մեկ տարի անց, ժամանակն է հասկանալու, որ խաղաղություն կարող ենք ապահովել միայն այն դեպքում, եթե ինքներս ուժեղանանք, եթե միասնական լինենք և այդ միասնականությունը կարողանանք ցույց տալ մնացյալ ամբողջ աշխարհին։
Ոչ մի դեպքում չի կարելի համակերպվել պարտության հետ, առավել ևս, որ մեր հարևանը բավարարված չէ իր հաղթանակով և վաղ թե ուշ վերսկսելու է ագրեսիան։ Սա բոլորովին չի նշանակում, թե ես վրեժի կոչ եմ անում. խոսքն այն մասին է, որ դառնանք ինքնաբավ, քանի որ դրսից օգնության մշտական ակնկալությունը մեզ դարձնում է խոցելի և կախյալ։ Մեր անվտանգությունը մեր սեփական ձեռքերի գործն է, մենք ինքներս պետք է ստեղծենք այն և սովորենք պաշտպանվել. այդ ժամանակ արդեն արտաքին օգնությունն իրեն սպասեցնել չի տա և արդյունավետ կլինի։ Ուժեղանալով՝ մենք կկարողանանք խաղաղության հասնել մեր պայմաններով, դառնալ մեր ապագայի տերերը և մեր դաշնակիցների արժանավոր գործընկերները։
Գլխավոր միտքը, որ կցանկանայի փոխանցել այս հոդվածով, իմ այն համոզմունքն է, որ Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի դառնալու հզոր երկիր, իսկ հայերը՝ ժամանակակից հաջողակ ժողովուրդ, որը կվերականգնի ավանդական արժեքները՝ հենվելով իր փառավոր անցյալի վրա, սակայն՝ հայացքը հառած դեպի ապագան։ Դրա համար մեզ հարկավոր է դուրս գալ քնկոտ, անտարբեր այն վիճակից, որի մեջ գտնվում ենք այսօր՝ 44-օրյա պատերազմում կրած պարտությունը համարելով սոսկ անցյալի տխուր մի դրվագ, որը ոչ մեկիս հետ անձնապես կապ չունի, և հասկանալ, թե որտեղ ենք գտնվում այժմ, ու քայլ կատարել փոփոխություններին ընդառաջ»:
Լուսանկարը՝ PAN Photo