Կարելի էր ուշադրություն չդարձնել ԱԺ ՔՊ-ական ոմն պատգամավորի կողմից Տիգրան Մեծին քննադատող խոսքերին, եթե․․․Եթե սա պատահական խոսք լիներ։
Սակայն պարզվում է, որ մեր դպրոցներում նույնպես պատմության դասերին, վաղուց Տիգրան Մեծը քննարկման թեմա է դարձել։ Այստեղ խոսքը չի գնում, այսպես կոչված քննադատական մտքի զարգացման մասին։ Ողջ, «քննարկումն» ուղղորդվում է ուսուցիչների կողմից, որոնք էլ համապատասխան վերապատրաստումներ են անցել։
Ուսուցիչներն ուղղորդում և խրախուսում են, այն ուղղությունը, որ Տիգրան Մեծը բացասական ազդեցություն է թողել հայ ժողովրդի մտածողության վրա, իր նվաճողական քաղաքականությամբ, դաժանությամբ, նաև հարևանների հետ թշնամանալով։ Եթե սրան գումարենք, որ շատ «առաջադեմներ» Գարեգին Նժդեհին անվանում են ֆաշիստ, սա արդեն ավելի քան մտահոգիչ է։
Այս ամենին տեղեկանալով, մտածում ես, արդյո՞ք մենք հայերս, այդ աստիճան «խաղաղասերներ» ենք, որ նույնիսկ ինքներս մեզ ձաղկում ենք հնագույն պատմության մեր փառավոր ժամանակների համար։
Կարդացեք նաև
Այս առիթով , մի փոքր անդրադարձ կատարենք այլ ազգերին, թե ինչպես են նրանք գնահատում իրենց պատմությունն ու իրենց նվաճողներին։
Աշխարհի ամենամեծ և ամենաերկարատև կյանք ունեցած մոնղոլ-թաթարական կայսրության հիմնադիրը, աշխարհի ամենադաժան բռնակալներից Չինգիզ Խանն է եղել։ Ըստ գենետիկական հետազոտությունների, աշխարհի ամեն ութերորդ մարդ ունի Չինգիզ Խանի գեն։
Սակայն, այսօվա Մոնղոլիայում Չինգիզ Խանը մոնղոլների ազգային հերոսն է, նրանց հպարտության խորհրդանիշը։ Մոնղոլիայում տեղադրված է Չինգիզ Խանի 40 մետրանոց արձանը։
Չինգիզ Խանին, իր դաժանությամբ չի զիջել, եթե չի գերազանցել Լենկթեմուրը։ Նա հայտնի է մարդկային գլուխներից բուրգեր կառուցելով։ Սակայն, ինչպես Չինգիզ Խանը մոնղոլների, այնպես էլ Լենկթեմուրն ուզբեկների ազգային հպարտության խորհրդանիշն է։ Լենկթեմուրի մեծադիր արձանը տեղադրված է Ուզբեկստանում։
Թուրքիան, որպես պետություն ստեղծվել է, զուտ նվաճումների և կոտորածների շնորհիվ։ Եվ այդ բոլոր նվաճողներն ու ցեղասպաններն այսօրվա Թուրքիայի ազգային հերոսներն են։ Թուրքիան ամեն տարի հանդիսավոր կերպով նշում է Կոստանդնուպոլսի գրավումը և շուտով կանգնեցնելու է Մեհմեդ սուլթանի արձանը։ Էլ չխոսենք Էնվերի, Թալեաթի, Աթաթյուրքի մասին։
Ռուսաստանի ամենադաժան ցարը համարվում է Իվան Ահեղը, ով սկսեց Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը դեպի արևելք։ Հետագայում Պետրոս Մեծը հայացքն ուղղեց դեպի Եվրոպա։ Ռուսական նվաճողական պատերազմներում եղել են տարբեր հրամանատարներ, Երմակից սկսած, Սուվորովով շարունակած։ Այսօր Ռուսաստանում բոլոր նշված նվաճողները ռուս ժողովրդի հերոսներն են, նրանց հպարտությունը և բոլորի արձանները զարդարում են ռուսական տարբեր քաղաքներ։
Օ՛յ, մոռացել էի, չէ՞ որ այդ երկրները հեռու են ժողովրդավարությունից, դրանք բռնապետական երկրներ են։
Այժմ դիտարկենք, այսպես կոչված ժողովրդավարական երկրները։
Սկսենք մեր հարևան Վրաստանից։ Վրաստանն իր պատմության ընթացքում, որոշակի ժամանակաշրջան՝ Թամար թագուհու և Դավիթ Շինարարի գահակալումների ժամանակ նույնպես վարել է նվաճողական քաղաքականություն։ Եվ նրանք վրաց ժողովրդի հպարտության խորհրդանիշներն են։ Երկուսի արձաններն էլ տեղադրված են Վրաստանում։
Այժմ մի փոքր շրջագայություն կատարենք դեպի մեր «առաջադեմ» գործիչների իդեալ հանդիսացող եվրոպական ժողովրդավարական երկրներ։
Սկսենք Հունգարիայից։ Ինչպես թուրքերը մեր տարածաշրջանում, այնպես էլ հունգարացիները Եվրոպայում, եկվորներ են՝ նվաճողներ։ Նրանք, իրավացիորեն իրենց համարում են հոնների սերունդ։ Իսկ հոնների առաջնորդ Աթիլլան, դաժանությամբ չի զիջել Լենկթեմուրին։ Արձանի մասին տեղյակ չեմ, բայց Բուդապեշտի ամենամեծ պողոտաներից մեկը կրում է Աթիլլայի անունը։
Ներեցեք, մոռացել էի, չէ՞ որ Հունգարիան չէր հրավիրվել անցյալ տարվա ժողովրդավարական երկրների համաժողովին։
Այժմ տեղափոխվենք արևմտյան Եվրոպա։ Ֆրանսիան դարեր շարունակ եղել է գաղութատիրական երկիր։ Գաղութների մի մասը դեռևս Ֆրանսիայի տիրապետության տակ են գտնվում։ Ֆրանսիայի ամենահայտնի նվաճողն, ինչպես հայտնի է Նապոլեոն Բոնապարտն է եղել։ Շատերը չգիտեն, բայց Նապոլեոնն իր դաժանությամբ առանձնապես չի զիջել ասիական նվաճողներին։ Նույնիսկ նահանջի ժամանակ հրամայել է սպանել ֆրանսիական բանակի վիրավոր զինվորներին, ավելորդ բեռ չունենալու համար։ Բայց, Նապոլեոն Բոնապարտն այսօրվա Ֆրանսիայի խորհրդանիշն է, նրան են նվիրված բազմաթիվ արվեստի գործեր, տեղադրված արձաններ, նրա մասունքները տեղակայված են Փարիզի Հաշմանդամների Տանը, որը դարձել է յուրօրինակ սրբատեղի։
Չինգիզ Խանից հետո, ամենամեծ կայսրությունը եղել է բրիտանականը։ Բրիտանացիները, ինչպես այլ նվաճողներ, նույնպես դաժանաբար են վարվել նվաճված երկրների բնիկ ժողովուրդների հետ։ Օրինակները բազմաթիվ են։ Սակայն, ինչպես այլ գաղութարար-նվաճողներ, բրիտանացիները նույնպես հպարտանում են իրենց հերոս նվաճողներով։ Նրանց արձանները զարդարում են ողջ Անգլիան, միայն ծովակալ Նելսոնի հսկայական սյուն-արձանը բավական է։
Գերմանական հողերը միավորեց և նվաճողական քաղաքականություն վարեց Օտտո ֆոն Բիսմարկը։ Նա գերմանացիների հպարտության խորհրդանիշն է, ում արձանները տեղադրված են Գերմանիայի տարբեր քաղաքներում։ Չեմ զարմանա, որ մոտ ապագայում գերմանացիները հերոսացնեն նաև Ադոլֆ Հիտլերին։ Հիշենք, որ 19-րդ դարում պարտությունից հետո, Նապոլեոն Բոնապարտը նույնպիսի բացասական կերպար էր Եվրոպայում, ինչպես 20-րդ դարում Ադոլֆ Հիտլերը։
Հիշենք նաև ժողովրդավարության ջահակիր ԱՄՆ-ը։ Երկար տարիներ ԱՄՆ-ն եղել է ստրկատիրական, հետագայում ռասիստական երկիր։ ԱՄՆ-ի հիմնադիր հայրեր Ջորջ Վաշինգտոնը, Ջոն Ադամսը, Թոմաս Ջեֆերսոնը եղել են ստրկատերեր։ Բայց նրանք այսօր ամերիկացիների հպարտությունն են։ Նրանց արձանները զարդարում են ԱՄՆ-ի քաղաքները, իսկ մայրաքաղաքն անվանված է ստրկատեր Վաշինգտոնի անվամբ։
Շարքը կարելի է շարունակել՝ Իտալիայում Հուլիոս Կեսարով, Հունաստանում՝ Ալեքսանդր Մակեդոնացիով, էլ չասենք Իսպանիայի կոնկիսկադորների մասին։
Այո, աշխարհի բոլոր երկրները պետություն, կայսրություն են դարձել դաժանությունների, որպես կանոն, դաժան միապետ աշխարհակալների շնորհիվ։ Այդպես է եղել անցյալում և, ցավոք, այդպիսին է նաև այսօրվա իրականությունը։ Ուղղակի քարոզչական ձևերն են փոխվել։
Նորից անդրադառնանք մեզ՝ հայերիս։ Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում, հիմնականում տարել է ոչ թե նվաճողական, այլ ինքնապաշտպանական, հայոց պետականության վերականգմանն ուղղված պատերազմներ։ Բացառություն են եղել Արտաշես II-ը, ով միավորեց հայկական փոքր ու մեծ պետությունները և Տիգրան Մեծը, ով տարավ նվաճողական պատերազմներ և Հայաստանը դարձրեց կայսրություն, ինքը դառնալով արքայից արքա։
19-րդ դարից սկսած հայ դասականներ, Րաֆֆին, Մուրացանը իրենց պատմավեպերով փորձեցին բարձրացնել հայ ժողովրդի ոգին։ Հետագայում, նույնիսկ խորհրդային տարիներին այդ ավանդույթը շարունակվեց։ Պատմավեպեր գրեցին Ստեփան Զորյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Սուրեն Այվազյանը։ Բոլոր պատմավեպերը ներկայացնում էին մեր թագավորներին, զորավարներին։ Հետագայում Հայկ Խաչատրյանը գրեց «Տիգրան Մեծ» վեպը։Պատկերացնու՞մ եք՝ վեպ աշխարհակալ, նվաճող հայոց արքայից արքայի մասին։ Խայտառակություն։ Նույն խորհրդային տարիներին, տեղադրվեցին Սասունցի Դավիթի, Վարդան Մամիկոնյանի, նաև Գայի, մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանները։ Վերջին երկուսն,իհարկե ԽՍՀՄ հերոսներ էին, բայց նաև Սարդարապատի հերոսամարտի մասնակիցներ։ Կառուցվեցին Սարդարապատի և Ցեղասպանության հուշահամալիրները, տեղադրվեցին Վահագն Վիշապաքաղի և Հայկ Նահապետի արձանները։
Փաստորեն, խորհրդային կարգերը, խորհրդային ուսումն ավելի էր նպաստում հայ ժողովրդի պատմականն հիշողության, արժանապատվության բարձրացմանը, քան անկախ Հայաստանում։
Փոխանակ անկախ Հայաստանում արագորեն տեղադրվեին Արամ Մանուկյանի, Տիգրան Մեծի, Արտաշես II-ի, Աշոտ Երկաթի արձանները, առաջին արձանը Կարաբալայինը եղավ։ Զուգադիպությու՞ն էր, արդյոք սա։ Իսկ կրթությու՞նը՝ Տիգրան Մեծը բացասական կերպար, Գարեգին Նժդեհը՝ ֆաշիստ։ Փաստորեն այս տարիների ընթացքում, մեր մեջ ձևավորվեց ոչ թե Արամ Մանուկյանի, Տիգրան Մեծի ոգին, այլ Կարաբալայի խեղճուկրակ հոգեբանությունը, որն էլ տվեց համապատասխան ՔՊ-ական սերունդ։ Եվ այդ սերնդի ներկայացուցիչ կրթության գծով փոխնախարարը Գարեգին Նժդեհին անվանում է ֆաշիստ։ Աշխարհի ամենահայտնի ապազգային քաղաքական գործիչը եղել է Վլադիմիր Իլյիչ Լենինը։ Նա մերժում էր ամեն ազգայինը՝ ընդունելով միայն դասակարգային միասնությունը։ Նույնիսկ Լենինն է ասել, որ փոքր ազգերի ազգայնականությունը իրենից վտանգ չի ներկայացնում, այն միայն ու միայն ինքնապահպանման խնդիր է լուծում։ Բայց դե, մեր «առաջադեմներն» ավելի քան «առաջադեմ» են։
Այո, շուրջ չորս-հինգ տարի առաջ, վերջապես տեղադրվեցին Գարեգին Նժդեհի և Արամ Մանուկյանի արձանները, բայց արդեն ուշ էր, նոր սերնդի հերոսներ դարձել էին Պետրոս Գետադարձն ու Վեստ Սարգիսը, որոնց համար հայրենիքն անշարժ գույք է, շահույթի միջոց։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
Պարոն Իշխանյան, այս հոդվածով ջուր եք լցնում իշխանությունների ջրաղացին՝ քննադատելով անկախությունից ի վեր կրթական քաղաքականությունը։ Չէ՞ որ նախարարները դաշնակցականներ (մենակ Լևոն Մկրտչյանը երեք անգամ) ու հանրապետականներ (7 տարի Արմեն Աշոտյան) են եղել ինչ որ սատանայական զուգադիպությամբ։ Իսկ այսօր այդ կուսակցությունները փողոցում ազգ է փրկում։